Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Հունիս 03,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԵՂԱՎ ԵԽԽՎ-ում «Արդարության» պատվիրակ Շավարշ Քոչարյանն «Առավոտին» հայտնեց, որ վաղուց նախատեսված էր՝ «հունիսի 1-2-ին պետք է լինեին քննարկումներ սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Նաեւ նախատեսված էր, թե մինչ այդ քննարկումները՝ 1-ին ընթերցմամբ ընդունված նախագիծը պետք է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Սակայն նախագիծը ստանալուց հետո հանձնաժողովն աննպատակահարմար գտավ շարունակել քննարկումները, քանի որ դրանք նոր բան չեն կարող տալ՝ ամեն ինչ ասված է բավականին հստակ: Բայց իշխանությունները համառում են փոփոխություններ կատարել այն հիմնարար հարցերում, որոնք արդեն վաղուց եւ բազմիցս դրված պահանջներ են: Այս իրավիճակում Վենետիկի հանձնաժողովը նախապատվությունը տվել է այլ մոտեցման՝ հանդիպում ունենալ քաղաքական ղեկավարության հետ եւ հայտնել իրենց դժգոհությունն ու մտահոգությունը՝ Հայաստանի եվրոինտեգրման առնչությամբ: Երեւի այդ համատեքստում է պետք դիտարկել, որ հունիսի 6-ին պիտի գար ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խումբը: Վեգեների խմբի այս այցն էլ հետաձգվեց մինչեւ ամսվա վերջ, քանի որ մարդիկ շատ լավ հասկանում են, որ չի կարելի անվերջ քննարկել, խոստանալ ու չկատարել: Ենթադրում եմ, որ Վեգեների խումբը սպասում է Վենետիկի հանձնաժողովի հունիսի 11-ի արդեն պաշտոնական եզրակացությանը եւ ԵԽԽՎ նստաշրջանին, որտեղ արդեն ամենայն հավանականությամբ կքննարկվի ՀՀ-ի հարցը»: Մինչդեռ թերեւս անտեղյակ այս ամենին՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Արշակ Սադոյանը երեկ դժգոհում էր. «3 օր է՝ փորձում եմ Տիգրան Թորոսյանի հետ պայմանավորվել Վենետիկի հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ: 3 օր է՝ Տիգրան Թորոսյանը շենքում լինելով՝ ուղղակի խուսափում է հանդիպել ինձ հետ: Զանգում եմ գործավարուհուն, ասում է, թե հանգստի սենյակում է, մոտը լրագրող կա, 10 րոպեից կզանգի, եւ երբ 30 րոպե անց էլ չի զանգում՝ ես եմ զանգահարում, ասում է, թե դուրս է եկել շենքից: Ի վերջո՝ բջջային հեռախոսով զանգեցի եւ հետաքրքրվեցի, թե ինչ է կատարվում: Տիգրան Թորոսյանն ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մեկ օրով են գալիս, ժամանակ չունեն: Հետո պարզվեց, որ 2 օրով են գալիս…»: Այսուհանդերձ՝ երեկ ե՛ւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ե՛ւ Արշակ Սադոյանը իրենց խնդրանքով հանդիպել են փորձագետներին: Մանրամասները Սադոյանը կհայտնի այսօր՝ ասուլիսում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել