Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Հունիս 03,2005 00:00

ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԱՐԻՔ Է Ըստ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի, Հայաստանն այսօր դարձել է տարածաշրջանի կույրաղիքը, որին սպառնում է բորբոքման եւ հեռացման վտանգը, եթե ընդունվի նոր Սահմանադրությունը: Պարոն Արարքցյանը, որ երեկ հյուրընկալվել էր ՄԱԱ-ին՝ «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում, գտնում է, որ չնայած աշխարհն այսօր հասկացել է ժողովրդավարացման պրոցեսների անհրաժեշտությունը հետսովետական ավտորիտար ռեժիմներով պետությունների համար, բայց Հայաստանի դեպքում այլ վիճակ է, քանի որ «ի տարբերություն աշխարհի համար նշանակալից Ուկրաինայի եւ Վրաստանի՝ Հայաստանը քիչ հետաքրքիր է: Այդ պատճառով դուրս է մղված ոչ միայն քաղաքական, տնտեսական զարգացումներից, այլեւ՝ մշակութային, հոգեւոր: Կույրաղիք է դարձել, որ հետաքրքիր չի աշխարհին: Ժողովրդավարական կլինի՝ լավ, չլինի՝ ոչինչ»: Բացի այդ, գունավոր հեղափոխությունը չի երեւում ՀՀ հորիզոնում, քանի որ դրա համար հարկավոր է նաեւ հասարակական պահանջ. «Արտաքին միջամտությունը կարող է նպաստել, բայց որոշիչ դեր չի կարող խաղալ, եթե հասարակությունը չունի ազատության եւ ժողովրդավարության պահանջ: Արհեստականորեն հնարավոր չէ: Նույն ԽՍՀՄ-ը միլիարդներ էր ծախսում, որպեսզի իր գաղափարախոսությունն արտահաներ, բայց արդյունքի չհասավ»,- նկատեց բանախոսը: Երեկ նա բարյացակամ էր ընդդիմության հանդեպ եւ անընդհատ պաշտպանության տակ էր առնում. «Ոստիկանապետություն է, TV-ները փակ են նրանց համար, անգամ փոքրիկ դահլիճում հավաքվելն է խոչընդոտվում: Քաղաքական գործունեության համար պայմաններն ավելի աննպաստ են, քան 88-ին: Ճիշտ է, այն ժամանակ հալածանքներ կային, մամուլը փակ էր, բայց հանրահավաքներ կարող էինք անել: Իսկ այսօր զուտ ֆիզիկական ուժով հասել են ամեն ինչի: Չես կարող բոլորին ստիպել, որ գնան մահակների դեմ, մի քանի օր բանտում անցկացնեն: Տոտալ վերահսկողություն է հասարակության վրա. եթե մեկն ակտիվանում է, ոչ միայն ինքը, այլեւ ամբողջ շրջապատը ենթարկվում է՝ չասենք հալածանքների, բայց հետապնդումների»: Այս ամենը հաշվի առնելով՝ պարոն Արարքցյանը գտնում է, որ մեր ընդդիմությունը ունի որոշ քաղաքական դրսեւորումներ: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լուրջ քաղաքական հայտարարություն արվեց: Եվ նույնիսկ ԱԺ աշխատանքների բոյկոտումն, ըստ նրա, քաղաքական քայլ էր՝ «եթե չբոյկոտեին՝ կանտեսվեին, իսկ վերադառնալ խորհրդարան, որպեսզի որեւէ օրենքում մի հատ ստորակետ փոխեն՝ չարժե: Մանավանդ, որ այդ օրենքները չեն գործում»: Պարոն Արարքցյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունները միայն քաղաքական նպատակ ունեն. «Դա նոր Սահմանադրություն է, որի կարիքը չկար: Փոփոխությունների կարիք եթե կար, կարելի էր առանձին կետերում անել: Բայց այստեղ քաղաքական հարց է լուծվում: Նոր Սահմանադրության ընդունումը միակ սողանցքն է, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն կտա եւս մեկ անգամ ընտրվելու, կասեն նոր Սահմանադրություն է՝ նոր ժամկետներ, ՍԴ-ն կտա իր դրական եզրակացությունը եւ այլն: Այս Սահմանադրությունն իր մեջ պարունակում է լիազորություններ, որոնց մասին աշխարհի որեւէ նախագահ չէր էլ կարող երազել: Կարդացեք 55-ի 13 եւ 14 կետերը, 60-ի 1-ը, 63-ը, 81-ը եւ 84-ը: Ըստ դրանց, նախագահը կարող է միանձնյա ռազմական դրություն հայտարարել, ասենք, զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում: Կամ՝ արտակարգ դրություն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, օրինակ՝ 20 հազարանոց միտինգի պարագայում: Ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում ՀՀ նախագահի ընտրություններ չեն անցկացվում, իսկ ՀՀ նախագահը շարունակում է իր լիազորություններն իրականացնել, ԱԺ-ն չի կարող արձակվել այդ ընթացքում: ԱԺ-ն չի կարող կառավարությանն անվստահություն հայտնել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Ոչ մի ժամկետ չկա գրած: Ասենք՝ վաղը նախագահի ընտրությունն է, այսօր միտինգ են անում, նույն պահին՝ արտակարգ իրավիճակ, եւ ոչ մի ընտրություն չի կարող լինել: Միայն մի տեղ ժամկետ կա գրած, որ արտակարգ դրությունից հետո, 40 օրում պիտի ընտրություն անցկացվի, այսինքն՝ կուսակցությունները չեն կարող պատրաստվել»,- նախազգուշացրեց պարոն Արարքցյանը: Անդրադառնալով Ղարաբաղի հարցին՝ նա պնդեց, որ հարցը լուծված է՝ «խնդրում եմ իլյուզիաներ չունենաք»: Ճիշտ է, առայժմ որեւէ փաստաթուղթ չկա, սակայն «սկզբունքային տեսակետից լուծված է հարցը»: Ու չնայած «ստատուս-քվոն» հնարավոր է դեռ երկար պահել, սակայն դա միայն ի հաշիվ ՀՀ-ի զարգացման: «Ի՞նչ է եղել, որ,- հեգնեց պարոն Արարքցյանը,- տարածաշրջանով կանցնեն նավթամուղներ, գազատարներ, երկաթգծեր, բոլորը կշրջանցեն Հայաստանին, մենք էլ դրա դեմ կդնենք մեր միասնությունը, մեր շուրջպարը, կերգենք, կպարենք»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել