Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՆ Է

Հունիս 03,2005 00:00

Երեկ
լուսաբացին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերադարձավ Երեւան:
Մեր երիտասարդ հերոսներին «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու էին գնացել
ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ֆուտբոլասերներ:
Թեեւ օդանավը վայրէջք կատարեց բավականին ուշացումով, երբ արդեն լույսը բացվել
էր, դա չխանգարեց ջերմ ու հանդիսավոր ընդունելությանը: Եղան շնորհավորանքներ, գրկախառնություններ,
զինվորական փողային նվագախմբի երաժշտություն, հրավառություն: Իսկ ակումբների մանկապատանեկան
դպրոցների սաները ֆուտբոլիստներին ծաղկեփնջեր մատուցեցին: Հենց օդանավակայանում
կազմակերպված հանպատրաստից ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Մեր
այս հավաքականը ապացուցեց եւ մենք բոլորս դա տեսանք, որ ի վիճակի է շատ լուրջ խնդիրներ
լուծել: Ես, որ միշտ խոսում էի ապագայի հավաքականի մասին, հենց նրանց նկատի ունեի:
Մեր թիմի՝ խմբում առաջին տեղ գրավելը ու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի
ուղեգիր նվաճելն անսպասելի չէր, համենայնդեպս, ես դրան սպասում էի: Սրանք այն տղաներն
են, ովքեր ապագայում համալրելու են մեր ազգային հավաքականը: Մենք այսօր արդեն
ունենք 14-18 տարեկան տաղանդավոր երեխաներ: Նրանք մի հինգ-վեց տարի հետո այսօրվա
19 տարեկանների հետ միասին կկազմեն բավականին ուժեղ, պահեստայինների երկար նստարան
ունեցող հավաքականներ: Այ, ինձ մտահոգում է այն, որ դեռեւս չունենք մարզչական լիարժեք
կազմ: Թեեւ Սամվել Պետրոսյանն արեց ամեն բան, ինչ հնարավոր էր ու ապացուցեց, որ ցանկանալու
դեպքում կարող է լավ աշխատել: Ինչ վերաբերում է 19 տարեկանների առջեւ դրվելիք ծրագրին,
դա հստակ է. հուլիսին պետք է պայքարեն Եվրոպայի գավաթը նվաճելու համար, մի բան, որ,
իմ համոզմամբ, միանգամայն իրագործելի է: Բայց մինչ այդ՝ մենք դեռ լուրջ խնդիրներ
ունենք լուծելու եւ դրա համար անելու ենք ամեն ինչ»: «Առավոտը» հետաքրքրվեց.
– Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ընթացքում մեր հավաքականի առաջատար
հարձակվող եւ լավագույն ռմբարկու Էդգար Մանուչարյանը լինելու է «Այաքսի» հետ: Հնարավո՞ր
է, որ նա չկարողանա օգտակար լինել հավաքականին: – Հիմա դժվարանում եմ որեւէ
բան ասել: Համենայնդեպս, մենք բանակցելու ենք «Այաքսի» ղեկավարության հետ, որպեսզի
նրան այդ օրերին թույլ տան գալ հավաքական,- պատասխանեց Ռ. Հայրապետյանը: Ինքը՝
Էդգարը, խոսելով Հունգարիայում թիմի անցկացրած հանդիպումների մասին, ամենադժվարը
Բելգիայի հետ խաղը համարեց: «Մենք անպայման պիտի հաղթեինք՝ 1-ին տեղի շանս ունենալու
համար: Բոլոր տղաներն էլ շատ լավ խաղացին, ու մենք երեք միավոր վաստակեցինք,- ասաց
նա:- Վերջին՝ Հունգարիայի հետ հանդիպման առաջին 20 րոպեներն էլ դժվար էին: Լավ է,
որ կարողացանք արագ գոլ խփել ու հաղթեցինք 5:1 հաշվով: Ես ու տղաները շատ ուրախ ենք:
Այժմվանից նախապատրաստվելու ենք եզրափակիչ փուլին: Ճիշտ է, այնտեղ շատ ուժեղ թիմեր
են լինելու, բայց մենք երազում ենք Եվրոպայի չեմպիոն դառնալ»: Հիշեցնենք,
որ մեր հավաքականը էլիտ մրցափուլում 0:0 խաղաց Իտալիայի հետ, 1:0 հաշվով առավելության
հասավ Բելգիայի նկատմամբ, 5:1 հաշվով հաղթեց Հունգարիային եւ 7 միավորով միանձնյա
դարձավ 4-րդ խմբի առաջատար: Հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի մրցակիցները
լինելու են Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Նորվեգիան, Սերբիան եւ Չեռնոգորիան:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել