Չնայած քաղաքապետարանի որոշմանը, ԾԻԳ-երը համառորեն մտնում են մատի եւ մատանու (բնակիչների եւ սեփականատերերի) արանքը:
Անցյալ տարվա հուլիսին «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» անունը կրող ԾԻԳ-ը վերանվանվեց «Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Փոխվեց կազմակերպության «վերնախավը», բայց իրացվող տարածքի բնակիչներին ահաբեկելով վտարելու գործելակերպը՝ ոչ: Չնայած այն բանին, որ նույն հուլիսին նախագահ Քոչարյանի հանձնարարականով Երեւանի քաղաքապետը որոշեց ու հրապարակավ հայտարարեց. «Որպեսզի չկրկնենք Հյուսիսային պողոտայի բացթողումները, Գլխավոր պողոտայի իրացման ժամանակ ներդրողներն իրենք կզբաղվեն իրացվող տնատերերի հետ բանակցելով», այսինքն՝ առանց ԾԻԳ-ի միջնորդության: Վերջինիս մնում էր միայն փոխադարձ համաձայնության եկածների փաստաթղթերը ձեւակերպելու գործը: Նպատակը՝ կառույցը կոռուպցիայի գայթակղությունից հնարավորինս զերծ պահելն էր, ինչի հիմքը կար եւ, ակներեւաբար, տեղեկությունները հասել էին նաեւ երկրի նախագահին: Քաղաքապետարանին իրացման գործարքներից բաժին էր մնում կառուցապատված յուրաքանչյուր քմ-ի դիմաց 20 դոլար հասույթը: Սակայն Գլխավոր պողոտայի կառուցապատման առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ ԾԻԳ-ն ամենեւին էլ մտադիր չէ բաց թողնել «ոսկե երակը»: «Տնատերերի հետ խոսելով միայն վերջնագրերի լեզվով եւ ուժի տեսանկյունից, ԾԻԳ-ն այսօր դարձել է բնակիչների իրավունքների գլխավոր խախտող՝ անտեսելով այն փաստը, որ ստեղծված է Երեւանի կառուցապատման աշխատանքները կազմակերպելու համար, ոչ թե՝ բնակիչների դեմ դատական գործեր սկսելու: ԾԻԳ-ի՝ քաղաքացուն դատի տալու ցանկությունն այնքան մեծ է, որ նա դիմում է դատարան նույնիսկ այն բանից հետո, երբ տանտերը գրավոր համաձայնություն է հայտնում պայմանագիր կնքելու մասին, որպեսզի զրկի խրախուսանքի գումարից եւ վտարի իր տնից («Առավոտը» նման դեպքի անդրադարձել է.- Ռ. Ա.): Տպավորություն է ստեղծվում, որ ԾԻԳ-ը, լինելով ոչ առեւտրային կազմակերպություն, այնուամենայնիվ, իր շահն ունի՝ օգնելով կառուցապատողին գումար խնայելու գործում»,- խմբագրությանը հասցեագրված բողոքում նշում են Բուզանդի 25 հասցեի բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանն ու Արսեն Ղասաբյանը: Նրանց դեմ ԾԻԳ-ի ներկայացրած հայցադիմումներում գրված է, որ «կառավարության 05.10.01թ. թիվ 950 որոշմամբ սահմանված է, որ կառուցապատման աշխատանքները կազմակերպում եւ իրականացնում է Երեւանի քաղաքապետը՝ ԾԻԳ-ի միջոցով»: Սակայն հիշյալ որոշման մեջ տող անգամ չկա քաղաքապետի, առավել եւս՝ ԾԻԳ-ի մասին:
Այդ որոշմամբ սահմանվում են միայն իրացման գնային առաջարկի ձեւավորման կարգի դրույթները: Սակայն դատարանն այս «անմեղ» բացթողմանն ուշադրություն չդարձնելով ապացուցում է մի բան՝ ամեն ինչ արդեն կարգադրված է «ի վերուստ»: Մեր ձեռքին եղած մի օրինակով կարելի է համոզվել, որ Երեւանի քաղաքապետը կառուցապատող ընկերությանը լիազորագրով տրամադրում է բնակիչների գույքի գնման եւ տարածքի իրացման իրավունքը: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ դատարաններում ԾԻԳ-ի հայցերի առկայությունը: Այսինքն, չունենալով բանակցություններին մասնակցելու իրավունք՝ ԾԻԳ-ն աշխուժորեն շարունակում է կառուցապատողի եւ տնատերերի միջեւ միջնորդի ակտիվ դերը: Իսկ ո՞ւր մնացին հանրապետության նախագահի ու Երեւանի քաղաքապետի հայտարարությունները: Թե՞ դա ցուցադրանք էր, ինչպես մինչ այդ հնչած բազմաթիվ որոշումներն ու հանձնարարականները:
Բնակիչներից շատերի պայքարի թեման իրենց գույքի ցածր գնահատումն է այն դեպքում, երբ նոր սեփականատիրոջը, ըստ իրենց տեղեկությունների, այդ նույն տարածքը վաճառվել է մեկ զրոյով ավելի գնով: Իսկ այդ մասին տվյալներ ԾԻԳ-ը խուսափում է տրամադրել թե դատարանին, թե փաստաբաններին՝ նույնիսկ գրավոր պահանջից հետո: Եթե առուվաճառքի բանակցությունները մնային հին ու նոր սեփականատերերին, գուցե իրացման գործընթացն այդքան աղմկոտ ու «արյունոտ» չլիներ: Թեպետ քիչ չեն նաեւ դեպքերը, երբ գործի գլուխ կանգնած գնորդները, հետեւելով ԾԻԳ-ի արատավոր օրինակին, իրենք էլ են գնում նույն՝ բռնության ճանապարհով: Արդյունքում, իրենց տներից մի կերպ «մազապուրծ» Կենտրոնի բնակիչները հիմնականում կարողացել են բնակարան գնել քաղաքի արվարձաններում, շատերն էլ մինչ օրս բնակվում են վարձով տներում:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ