Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԵՂԱՎ

Հունիս 03,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՉԵՂԱՎ ԵԽԽՎ-ում «Արդարության» պատվիրակ
Շավարշ Քոչարյանն «Առավոտին» հայտնեց, որ վաղուց նախատեսված էր՝ «հունիսի 1-2-ին
պետք է լինեին քննարկումներ սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Նաեւ
նախատեսված էր, թե մինչ այդ քննարկումները՝ 1-ին ընթերցմամբ ընդունված նախագիծը պետք
է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Սակայն նախագիծը ստանալուց հետո հանձնաժողովն
աննպատակահարմար գտավ շարունակել քննարկումները, քանի որ դրանք նոր բան չեն կարող
տալ՝ ամեն ինչ ասված է բավականին հստակ: Բայց իշխանությունները համառում են փոփոխություններ
կատարել այն հիմնարար հարցերում, որոնք արդեն վաղուց եւ բազմիցս դրված պահանջներ
են: Այս իրավիճակում Վենետիկի հանձնաժողովը նախապատվությունը տվել է այլ մոտեցման՝
հանդիպում ունենալ քաղաքական ղեկավարության հետ եւ հայտնել իրենց դժգոհությունն ու
մտահոգությունը՝ Հայաստանի եվրոինտեգրման առնչությամբ: Երեւի այդ համատեքստում է
պետք դիտարկել, որ հունիսի 6-ին պիտի գար ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման խումբը:
Վեգեների խմբի այս այցն էլ հետաձգվեց մինչեւ ամսվա վերջ, քանի որ մարդիկ շատ լավ
հասկանում են, որ չի կարելի անվերջ քննարկել, խոստանալ ու չկատարել: Ենթադրում եմ,
որ Վեգեների խումբը սպասում է Վենետիկի հանձնաժողովի հունիսի 11-ի արդեն պաշտոնական
եզրակացությանը եւ ԵԽԽՎ նստաշրջանին, որտեղ արդեն ամենայն հավանականությամբ կքննարկվի
ՀՀ-ի հարցը»: Մինչդեռ թերեւս անտեղյակ այս ամենին՝ սահմանադրական փոփոխությունների
նախագծի հեղինակ Արշակ Սադոյանը երեկ դժգոհում էր. «3 օր է՝ փորձում եմ Տիգրան Թորոսյանի
հետ պայմանավորվել Վենետիկի հանձնաժողովի հանդիպման վերաբերյալ: 3 օր է՝ Տիգրան Թորոսյանը
շենքում լինելով՝ ուղղակի խուսափում է հանդիպել ինձ հետ: Զանգում եմ գործավարուհուն,
ասում է, թե հանգստի սենյակում է, մոտը լրագրող կա, 10 րոպեից կզանգի, եւ երբ 30
րոպե անց էլ չի զանգում՝ ես եմ զանգահարում, ասում է, թե դուրս է եկել շենքից: Ի
վերջո՝ բջջային հեռախոսով զանգեցի եւ հետաքրքրվեցի, թե ինչ է կատարվում: Տիգրան Թորոսյանն
ասաց, թե Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները մեկ օրով են գալիս, ժամանակ չունեն:
Հետո պարզվեց, որ 2 օրով են գալիս…»: Այսուհանդերձ՝ երեկ ե՛ւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները,
ե՛ւ Արշակ Սադոյանը իրենց խնդրանքով հանդիպել են փորձագետներին: Մանրամասները Սադոյանը
կհայտնի այսօր՝ ասուլիսում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել