Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԿՀԻԱՍԹԱՓՎԻ՞ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հունիս 03,2005 00:00

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիաննի Բուքիքիոն հիշեցնում է, որ իրենք պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունեն եւ իրենց լծակները միայն բարոյական են:

Մինչ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների այցը Հայաստան՝ կոալիցիայի որոշ գործիչներ, թերեւս ենթադրելով, թե իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների նախագիծն անթերի է՝ հանձնաժողովի բացասական գնահատականը որակեցին իբրեւ «արջի ծառայություն», «քաղաքական պատվեր», որի նպատակը Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա դիտարկելու ձգտումն է: Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք որեւէ մեկը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում դեմ առ դեմ կրկնե՞լ է այդ մեղադրանքները: Նա պատասխանեց, թե «ավելի խիստ եւ ընդգծված» խոսել է Լեւոն Մկրտչյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հանդիպման ընթացքում զարմանք է արտահայտել Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարության վերաբերյալ՝ ասելով, թե իրենց նախագիծը դեռ աշխատանքային փուլում է եւ եվրոպացի փորձագետների նշած երեք ուղղություններով էլ կան լուծման հնարավոր տարբերակներ: Լեւոն Մկրտչյանը նաեւ հայտարարել է, թե փորձագիտական գնահատականն ինչքան մասնագիտական եւ չքաղաքականացված լինի՝ այնքան մեծ կլինի արդյունքը: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հայտարարել են, թե իրենք տվել են իրավական եւ ոչ թե քաղաքական գնահատականներ: Եվ լրագրողների հետ զրույցի ընթացքում էլ Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիաննի Բուքիքիոն ասաց. «Ես համաձայն չեմ ասվածին. դա տեխնիկական-իրավական փաստաթուղթ է, որը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների նախագծին, մի խնդիր, որը կարեւոր նշանակություն ունի ձեր երկրի համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հանդիպման ընթացքում նշել է, թե մայր օրենքի բարեփոխումը պետք է անպայման համադրել երկրի քաղաքական գործընթացների հետ, ու նաեւ՝ միջազգային չափանիշներին հետեւելուն զուգահեռ, անհրաժեշտ է հաշվի առնել ազգային առանձնահատկությունները: Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցի ընթացքում ընդունեց՝ «Լավ Սահմանադրությունը պետք է համահունչ լինի միջազգային չափանիշներին, բայց նաեւ հաշվի առնի ազգային առանձնահատկությունները»: Սակայն նաեւ ընդգծեց, որ լինում են լավ ու վատ մենթալիտետներ. «Այս տարածաշրջանում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հարեւան երկրներում, շատ լուրջ կարիք կա բարեփոխելու մենթալիտետը, քաղաքացիների ժողովրդավարական մշակույթը»:

«Առավոտը» պարզաբանումներ խնդրեց Վենետիկի հանձնաժողովի երկրորդ միջանկյալ եզրակացության վերաբերյալ, որն առայժմ հրապարակված չէ, սակայն որոշ տեղեկություններ կան, թե այստեղ անբավարար է գնահատված խորհրդարանում նախագծի քննարկման մթնոլորտը, Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ օգտագործված են «խոր հիասթափություն» եւ «համագործակցության գրեթե բացակայություն» ձեւակերպումները, նաեւ նշված է, թե չի պահպանվել սահմանադրական փոփոխությունների նախագիծը քաղաքական ուժերի առավել լայն համագործակցության պայմաններում ընդունելու վերաբերյալ պահանջը: Ջիաննի Բուքիքիոն ի պատասխան ասաց, թե չի հիշում որոշակի ձեւակերպումները. «Սակայն այնտեղ փաստն է արձանագրված, որ Վենետիկի հանձնաժողովը նոր Սահմանադրության առնչությամբ համագործակցում է Հայաստանի հետ սկսած 2000-ից, բայց արդյունքները դեռեւս չի կարելի համարել հուսադրող»: Նաեւ տեղեկացրեց, որ իրենց երկրորդ միջանկյալ եզրակացությունը կհրապարակվի հաջորդ շաբաթավերջին, երբ Վենետիկի հանձնաժողովը կհաստատի այն:

«ՀԺ»-ի հարցին՝ եթե կոալիցիան այդուհանդերձ չընդունի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, ի՞նչ հետեւանքներ կլինեն՝ Ջիաննի Բուքիքիոն պատասխանեց. «Մենք նորի՛ց կհիասթափվենք: Եվ կանենք նոր հայտարարություն, որ մենք հիասթափված ենք»: Սակայն քիչ անց հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովի «դիրքորոշումը, հայտարարությունները լրջորեն հաշվի են առնում նաեւ քաղաքական մարմինները՝ ինչպես ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն, նաեւ Եվրամիությունը՝ «Նոր հարեւաններ» քաղաքականության շրջանակներում: Ուստի շատ կարեւոր է, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը բավարարի բոլորին, առաջին հերթին՝ Հայաստանի բնակչությանը, հետո՝ եվրոպացի գործընկերներին»:

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Այժմ գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է, որ պատրաստեն լավ նախագիծ: Եվ ինչպես միշտ՝ մենք պատրաստ ենք անկեղծորեն համագործակցել նրանց հետ»: Նաեւ հույս հայտնեց, որ քաղաքական բոլոր ուժերը կմասնակցեն եւ իրենց հավանությունը կտան նոր Սահմանադրությանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ե՛ւ փորձագետների, ե՛ւ լրագրողների հետ զրույցի ընթացքում փաստեց, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների վերաբերյալ երբեք չեն հնչեցրել մերժողական դիրքորոշում: Համանման մի բան էլ ՀՀ նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն էր ասել հանդիպման ընթացքում, թե Վենետիկի հանձնաժողովի բոլոր 11 առաջարկությունների վերաբերյալ կան համագործակցության եզրեր: «Առավոտի» հարցին՝ կարծում է, որ իրոք համաձայնության կհասնե՞ն բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում նաեւ՝ Երեւանի քաղաքապետի ընտրովիության, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Բայց որեւէ մեկը չասաց, թե բոլոր առաջարկներն ընդունվել են: Բուքիքիոն հույս հայտնեց, ես է՛լ եմ հույս հայտնում: Եվ ոչ միայն այսօր՝ անընդհատ հույս եմ հայտնում»: Իսկ հարցին էլ, թե ո՞վ է խոչընդոտում, որ իրականանան այդ հույսերը՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ ոք չի խոչընդոտում, պետք է աշխատել, բավականին բարդ եւ լուրջ փաստաթուղթ է, եւ պետք է շատ լավ աշխատել դրա վրա»:

Քննարկումների ավարտին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները Տիգրան Թորոսյանի հետ ստորագրել են Սահմանադրության փոփոխությունների նախագծի բարելավման նպատակով հետագա համագործակցությանն առնչվող համատեղ հուշագիր, որը ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողովի հունիսի 10-11-ը կայանալիք նիստին:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել