Ըստ
ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի, Հայաստանն այսօր դարձել է տարածաշրջանի կույրաղիքը,
որին սպառնում է բորբոքման եւ հեռացման վտանգը, եթե ընդունվի նոր Սահմանադրությունը:
Պարոն Արարքցյանը, որ երեկ հյուրընկալվել էր ՄԱԱ-ին՝ «Հրատապ թեմա» ծրագրի
շրջանակներում, գտնում է, որ չնայած աշխարհն այսօր հասկացել է ժողովրդավարացման պրոցեսների
անհրաժեշտությունը հետսովետական ավտորիտար ռեժիմներով պետությունների համար, բայց
Հայաստանի դեպքում այլ վիճակ է, քանի որ «ի տարբերություն աշխարհի համար նշանակալից
Ուկրաինայի եւ Վրաստանի՝ Հայաստանը քիչ հետաքրքիր է: Այդ պատճառով դուրս է մղված
ոչ միայն քաղաքական, տնտեսական զարգացումներից, այլեւ՝ մշակութային, հոգեւոր: Կույրաղիք
է դարձել, որ հետաքրքիր չի աշխարհին: Ժողովրդավարական կլինի՝ լավ, չլինի՝ ոչինչ»:
Բացի այդ, գունավոր հեղափոխությունը չի երեւում ՀՀ հորիզոնում, քանի որ դրա համար
հարկավոր է նաեւ հասարակական պահանջ. «Արտաքին միջամտությունը կարող է նպաստել, բայց
որոշիչ դեր չի կարող խաղալ, եթե հասարակությունը չունի ազատության եւ ժողովրդավարության
պահանջ: Արհեստականորեն հնարավոր չէ: Նույն ԽՍՀՄ-ը միլիարդներ էր ծախսում, որպեսզի
իր գաղափարախոսությունն արտահաներ, բայց արդյունքի չհասավ»,- նկատեց բանախոսը: Երեկ
նա բարյացակամ էր ընդդիմության հանդեպ եւ անընդհատ պաշտպանության տակ էր առնում.
«Ոստիկանապետություն է, TV-ները փակ են նրանց համար, անգամ փոքրիկ դահլիճում հավաքվելն
է խոչընդոտվում: Քաղաքական գործունեության համար պայմաններն ավելի աննպաստ են, քան
88-ին: Ճիշտ է, այն ժամանակ հալածանքներ կային, մամուլը փակ էր, բայց հանրահավաքներ
կարող էինք անել: Իսկ այսօր զուտ ֆիզիկական ուժով հասել են ամեն ինչի: Չես կարող
բոլորին ստիպել, որ գնան մահակների դեմ, մի քանի օր բանտում անցկացնեն: Տոտալ վերահսկողություն
է հասարակության վրա. եթե մեկն ակտիվանում է, ոչ միայն ինքը, այլեւ ամբողջ շրջապատը
ենթարկվում է՝ չասենք հալածանքների, բայց հետապնդումների»: Այս ամենը հաշվի առնելով՝
պարոն Արարքցյանը գտնում է, որ մեր ընդդիմությունը ունի որոշ քաղաքական դրսեւորումներ:
Օրինակ, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լուրջ քաղաքական հայտարարություն
արվեց: Եվ նույնիսկ ԱԺ աշխատանքների բոյկոտումն, ըստ նրա, քաղաքական քայլ էր՝ «եթե
չբոյկոտեին՝ կանտեսվեին, իսկ վերադառնալ խորհրդարան, որպեսզի որեւէ օրենքում մի հատ
ստորակետ փոխեն՝ չարժե: Մանավանդ, որ այդ օրենքները չեն գործում»: Պարոն Արարքցյանը
վստահ է, որ սահմանադրական փոփոխությունները միայն քաղաքական նպատակ ունեն. «Դա նոր
Սահմանադրություն է, որի կարիքը չկար: Փոփոխությունների կարիք եթե կար, կարելի էր
առանձին կետերում անել: Բայց այստեղ քաղաքական հարց է լուծվում: Նոր Սահմանադրության
ընդունումը միակ սողանցքն է, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն կտա եւս մեկ անգամ
ընտրվելու, կասեն նոր Սահմանադրություն է՝ նոր ժամկետներ, ՍԴ-ն կտա իր դրական եզրակացությունը
եւ այլն: Այս Սահմանադրությունն իր մեջ պարունակում է լիազորություններ, որոնց մասին
աշխարհի որեւէ նախագահ չէր էլ կարող երազել: Կարդացեք 55-ի 13 եւ 14 կետերը, 60-ի
1-ը, 63-ը, 81-ը եւ 84-ը: Ըստ դրանց, նախագահը կարող է միանձնյա ռազմական դրություն
հայտարարել, ասենք, զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում: Կամ՝ արտակարգ
դրություն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, օրինակ՝ 20
հազարանոց միտինգի պարագայում: Ռազմական եւ արտակարգ դրության պայմաններում ՀՀ նախագահի
ընտրություններ չեն անցկացվում, իսկ ՀՀ նախագահը շարունակում է իր լիազորություններն
իրականացնել, ԱԺ-ն չի կարող արձակվել այդ ընթացքում: ԱԺ-ն չի կարող կառավարությանն
անվստահություն հայտնել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: Ոչ մի ժամկետ չկա
գրած: Ասենք՝ վաղը նախագահի ընտրությունն է, այսօր միտինգ են անում, նույն պահին՝
արտակարգ իրավիճակ, եւ ոչ մի ընտրություն չի կարող լինել: Միայն մի տեղ ժամկետ կա
գրած, որ արտակարգ դրությունից հետո, 40 օրում պիտի ընտրություն անցկացվի, այսինքն՝
կուսակցությունները չեն կարող պատրաստվել»,- նախազգուշացրեց պարոն Արարքցյանը: Անդրադառնալով
Ղարաբաղի հարցին՝ նա պնդեց, որ հարցը լուծված է՝ «խնդրում եմ իլյուզիաներ չունենաք»:
Ճիշտ է, առայժմ որեւէ փաստաթուղթ չկա, սակայն «սկզբունքային տեսակետից լուծված է
հարցը»: Ու չնայած «ստատուս-քվոն» հնարավոր է դեռ երկար պահել, սակայն դա միայն ի
հաշիվ ՀՀ-ի զարգացման: «Ի՞նչ է եղել, որ,- հեգնեց պարոն Արարքցյանը,- տարածաշրջանով
կանցնեն նավթամուղներ, գազատարներ, երկաթգծեր, բոլորը կշրջանցեն Հայաստանին, մենք
էլ դրա դեմ կդնենք մեր միասնությունը, մեր շուրջպարը, կերգենք, կպարենք»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ