Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝

Հունիս 02,2005 00:00

ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԵՋ «9-րդ ալիքը» պաշարել է Կամերային երաժշտության տունը Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ), գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի բնորոշմամբ, բավական չէ՝ գնչուի կարգավիճակում է Կամերային երաժշտության տանը, դեռ կողքից էլ խանգարում են աշխատել: Եվ սա այն դեպքում, երբ միայն վերջին 5 ամիսներին նվագախումբն ու երգչախումբը միասին ունեցել են 45 համերգ, 2 փառատոն, միջազգային հյուրախաղեր, բուռն գործունեություն մարզերում: – Մաեստրո, ո՞րն է ձեր անհանգստության պատճառը եւ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն լուրը, թե «9-րդ ալիք» սրճարանը «օկուպացրել» է շենքի շրջակայքը՝ մուտքից սկսած: – Մենք՝ նվագախումբը եւ երգչախումբը, զուգահեռ, օրվա մեջ շահագործում ենք Կոմիտասի անվան կամերային դահլիճը 15-16 ժամ: Այսինքն՝ Կամերային երաժշտության տունը մեր գործունեության մշտական վայրն է: Մենք ունենք շատ լուրջ խանգարիչ: Դահլիճի հարեւանությամբ գտնվում է «9-րդ ալիք» սրճարանը, որը բավական ծավալուն է, ունի հզոր բարձրախոսների համակարգ եւ ամեն օր առավոտյան 9-ից միացնում է բարձր երաժշտություն: Իսկ Կամերային երաժշտության տունը ապակեպատ է, ձայնամեկուսացված չէ, ուստի դրսում լսվող երաժշտությունը գրեթե համահավասար լսվում է ներսում: Եվ այսպես ամեն օր: Սրճարանի տնօրինությանը քանիցս խնդրել ենք ու իրենք երբեմն մեղմացրել են երաժշտությունը, բայց մի կես ժամ հետո նորից բարձրացնում են, որովհետեւ հաճախորդի խնդիր ունեն: Համերգների ժամանակ նյարդային վիճակների մեջ ենք ընկնում, որովհետեւ երբ հասնում ենք պիանիսիմոյի, մեկ էլ արաբական կամ թուրքական ուժեղ երաժշտություն է լսվում: – Ո՞ւմ եք դիմել այս հարցով: – Երեք տարի է՝ չենք կարողանում հարցը լուծել: Դիմել ենք քաղաքապետարան, թաղապետարան: Վերջերս էլ պաշտոնապես, հատուկ նամակով դիմեցինք նախագահի վերահսկողական ծառայությանը: Իրենք շատ արագ արձագանքեցին, մասնագետներ ուղարկեցին, եւ ներկայացրին Կամերային դահլիճի ու շրջակայքի հատակագիծը, որը հարուցեց իմ զարմանքը: Պարզվում է, 2001-ին ամբողջ Կամերային երաժշտության տան հարակից տարածքը՝ կեսից դեպի Նալբանդյան եւ մյուս կեսից՝ դեպի Աբովյան փողոցներ, երկարաժամկետ վարձակալության է տրվել կամ ինչ-որ ձեւով հետագայում սեփականաշնորհվել է «9-րդ ալիքին»: Ըստ այդ հատակագծի, Կամերային երաժշտության տան շենքի քարերից է սկսում սրճարանի տարածքը: Փաստորեն, մեր ծառայողական մուտքը ուրիշի տարածքում է: Սա ապշեցուցիչ է, որ նախկին քաղաքապետի (Ռոբերտ Նազարյան) եւ նախկին գլխավոր ճարտարապետի (Նարեկ Սարգսյան) օրոք նման ձեւով տարածք են տվել: Սա այն դեպքում, երբ այսօր մայրաքաղաքում դասական երաժշտության 2 գործող դահլիճ կա՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը: – Ի՞նչ պատասխան ստացաք նախագահի վերահսկողականից: – Իրենք ասում են, որ ամեն ինչ օրինական է: Վստահ ենք, որ օրինական է: Բայց եթե մայրաքաղաքում ունենք 2 դահլիճ, որոնցից մեկը Կամերային երաժշտության տունն է, էսպիսի վերաբերմունք չպետք է լիներ: Ես նույնիսկ դժվարանում եմ հետեւություններ անել եւ մեկնաբանել: Արդյոք չպիտի՞ լինի կանոնակարգված նորմ, որ մշակութային օջախների հարակից տարածքները չեն կարող ենթակա լինել բաժան-բաժան արվելու: Մենք սրճարանի դեմ ոչինչ չունենք, բայց այն, որ սրճարանը խանգարում է մեր գործունեությանը՝ անհանդուրժելի է: Նախագահի վերահսկողական ծառայությունից օրերս պատասխան ստացանք 1 տողով՝ «Ձեր դիմումը մենք ուսումնասիրեցինք, այդ հարցի լուծումը վիճարկեք դատական կարգով»: ՀՊԿՆ-ն պետական նվագախումբ է: Լինելով պետական կառույց, դիմել ենք պետական ամենաբարձր ատյանին, որ ինչ-որ լուծում առաջարկեն, բայց, փաստորեն, մեզ ասվեց այն, ինչ գիտեինք մի 3 տարի առաջ: Ճիշտ չէ, որ ՀՊԿՆ-ն ինքը անկախորեն գնա եւ սկսի պատերազմել: Վերջին հաշվով, մենք գիտենք, որ այդ դատը չենք շահելու, որովհետեւ ամեն ինչ օրինական է: Պիտի լինեն այլ սկզբունքներ: Մեր կառավարությունը, մեր իշխանությունը, մշակույթի նախարարությունը, գլխավոր ճարտարապետն են պատասխանատուները, ոչ թե դատավորը: Նրանք պետք է ունենան ինչ-որ պարտավորություններ ու պատասխանատվություններ, եւ իրենց որոշումները դրանց վրա կայացնեն: – Իսկ Կամերային երաժշտության տան դահլիճի տնօրինությունը ի՞նչ վերաբերմունք ունի այս խնդրի շուրջ: – Այսքան շատ շահագործելով այս դահլիճը, արդեն 8 տարի է՝ մենք գնչուի կարգավիճակում ենք, որովհետեւ կա 2 տնօրինություն 1 հարկի տակ՝ ՀՊԿՆ-ի եւ դահլիճի: Դահլիճը գտնվում է մի տնօրինության ներքո, որն էլ՝ մշակույթի նախարարության: Այս առումով մենք բացառություն ենք մայրաքաղաքում: Այս դահլիճը իր տնօրինության տեսանկյունից ընդամենը վարձակալության համար նախատեսված կառույց է: Իրենց հետաքրքիր չէ՝ ինչ տեսակի արվեստ եւ ինչ ոճի միջոցառումներ են տեղի ունենում: Գումար տվողը այս դահլիճը կարող է վարձակալել ցանկացած օր, ցանկացած ժամի: Այսինքն, եթե մենք 3 ամիս առաջ ծրագրել ենք ինչ-որ բան, բայց մեկը մեծ գումար է առաջարկում տնօրինությանը (ինչ հաճախ է պատահում), ստիպված ենք լինում մեր համերգներն ու փորձերը տեղափոխել: Հարցի կապակցությամբ բազմիցս դիմել ենք մշակույթի նախարարությանը: 2004-ի դեկտեմբերին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի առաջ էլ խնդիրը բարձրացվեց, եւ իրենք առաջարկեցին, որ նվագախումբն ու դահլիճը իրավաբանորեն 1 կառույց դառնան: Բնականաբար, կառավարությունը պիտի որոշում կայացներ: Նախագիծը պատրաստվեց, մեզ անընդհատ ասում էին, թե գալիք շաբաթ այն կդրվի կառավարության նիստին: Ու այդպես էլ հավանաբար չդրվեց: Հովիկ Հովեյանը մեզ փոխանցեց, որ վարչապետը չի կամեցել, որպեսզի հարցը քննարկվի կառավարության նիստում: Ես չեմ հավատում, որ վարչապետը առանց երկրորդ կողմին՝ մեզ լսելու, նման որոշում կայացրած լինի: Մի հարց ունեմ բոլորին, ինչո՞ւ մենք բացառություն ենք ողջ հանրապետությունում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՀ. Գ. Կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը հաստատեց, որ տարածքների «օկուպացման» խնդիր իսկապես կա, ինչի առիթով ինքն էլ քանիցս դիմել է նախկին եւ ներկա քաղաքապետերին: Նազարյանը ոչինչ չի արել: Սպասում է Զախարյանի պատասխանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել