Լրահոս
Օրվա լրահոսը

Չկար

Հունիս 02,2005 00:00

Չկար նախկին էնտուզիազմը Այս տարվա մեդալակիրները իսկապես գերազանց սովորողներն են Երեկ հանրապետության տարբեր մարզերում հայոց լեզվից քննություն հանձնեցին մեդալի հավակնորդները: Նախնական ցուցակով նրանց թիվը 196 էր, միայն մայրաքաղաքում՝ 49, որից երեկ ներկա էր միայն 33-ը: Անցյալ տարի նրանց թիվը առաջին քննության ժամանակ 162 էր: Իհարկե, հավակնորդների թվի նվազումը մեծապես պայմանավորված է նրանով, որ այս տարի մեդալակիրներին ընդունելության քննություններում որեւէ էական արտոնություն չի տրվի: Բայց թե ինչու էր ԿԳ նախարարի հետաքրքրությունն էլ կորել, ոչ մի կերպ չկարողացանք պարզել. նա այս տարի չեկավ ողջունելու եւ խրախուսելու այս երեխաներին, թեեւ հավանականությունը, որ նրանք իսկապես շնորհալի աշակերտներ են, այս տարի շատ մեծ է: Կազմակերպչական բոլոր հարցերը դրված են քաղաքապետարանի կրթության վարչության վրա: Վարչության պետի տեղակալ, կրթության տեսչության պետ Արմինե Վարդանյանը քաղաքապետի որոշմամբ ձեւավորված համապատասխան հանձնաժողովի նախագահն էր: Չկային, բնականաբար, նաեւ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որոնք անցյալ տարի ակնդետ հետեւում էին հանձնաժողովի անդամների ամեն քայլին՝ արդյոք ով ում «շպարգալկա» հանձնեց, ով քանի անգամ գնաց զուգարան, ով քանի անգամ՝ ջուր խմելու: Պարզ է, որ եթե մեդալը որեւէ արտոնություն չի տալիս, ուրեմն քննությանը կներկայանան բացառապես արժանիները եւ կեղծիքներ էլ առանձնապես չեն լինի: «Միշտ էլ լավագույնները եկել, մասնակցել են, հիմա էլ են մասնակցում: Նախորդ տարիներին, ովքեր իրենց ուժերի վրա վստահ էին, գալիս, մասնակցում էին, պարզապես այս տարի այդ թոհուբոհից հեռու մնացողների քանակն է ավելացել,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը,- սա լրացուցիչ հոգս է, լարվածություն է, երբ դպրոցից, ընկերներից հեռու քննություն են հանձնում: Անցած տարիներին մարդիկ կային, որ մտածում էին, թե դա բուհ ընդունվելու հեշտ ճանապարհ է, եւ ինչ-որ բաներ անում էին, իսկ այս տարի այդ խնդիրը չկա: Ես մտածում եմ, որ եթե ամեն ինչ արդար ու օբյեկտիվ գնա՝ սկսած դպրոցից, վերջացրած այս քննություններով, մեդալի հավակնորդներին ոչ միայն արտոնություն պետք է տրվի, այլեւ բացարձակ արտոնություն՝ որ բուհն ուզենա՝ ընդունվի»: Այդ դեպքում, ըստ վարչության պետի, մենք հանրապետությունում կունենանք ընդամենը 50-60 մեդալակիր, «եթե, իհարկե, ամեն ինչ թափանցիկ ու արդար լինի, եթե ժողովրդի մեջ այդ կասկածները վերացած լինեն: Իհարկե, վերջին մի քանի տարիների ընթացքում նախարարությունը համառորեն ձգտեց, որ արդար քննություններ լինեն, բայց, միեւնույն է, այդ կասկածը ժողովրդի մեջ չի վերանում, մարդիկ մտածում են, որ ինչ-որ բաներ են կատարվում»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել