ՀԱՅԿԱԿԱՆ «ԳՌԴՈՆ» ԵԴ-Ո՞ՒՄ Եվրոպական դատարան դիմած ՀՀ քաղաքացիներից ոմանք վստահ են, որ ԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց համաքաղաքացիների հայցերը մերժվեն: Ռուդոլֆ Հունանյանը մեկն է ՀՀ այն քաղաքացիներից, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ԵԴ) է դիմել: Եվ մեկը՝ այն քաղաքացիներից, ում գանգատները տեղ չէին հասնում, ուստիեւ ստիպված է եղել չորս անգամ հասնել Ստրասբուրգ: Եվ որպեսզի իր գրավոր գանգատները «չկորչեն» Երեւանի որեւէ կապի բաժանմունքում կամ փոստատանը, մեկ անգամ Մարսելից, մեկ անգամ Համբուրգից ԵԴ է ուղարկել իր գործին առնչվող փաստաթղթերը: Միայն Երեւան-Ստրասբուրգ քառակի այցերը Ռ. Հունանյանի վրա նստել են 7000 եվրո: Գործարար Ռուդոլֆ Հունանյանի նկատմամբ Հայաստան պետության երեք ատյանի դատարանները Մաշտոցի պողոտայի 45 շենքի 20 բնակարանից վտարելու վճիռ են կայացրել: Քաղաքացին գյուղմթերքների մշակման ծրագրի շրջանակներում «Լենդ» բանկից գումար է վերցրել: Հետագայում պարտք մնացել մոտ 6000 դոլար: «Լենդը» դատի է տվել Հունանյանին: Դատարանի վտարման վճիռը կայացնելու նպատակով ԱՆ ԴԱՀԿ-ն աճուրդ է անցկացրել եւ 80 հազար դոլար արժողության Մաշտոցի պողոտայում գտնվող տունը «վաճառել» 6550 դոլարով: Աճուրդից հետո սեփականատեր է դարձել նույն բանկը: Հունանյանը ԵԴ գանգատում նշել է, որ բազմաթիվ անգամ եղել է բանկում, գրավոր առաջարկել իր բնակարանը ետ վերադարձնելու պայմանով պարտքը մարել, սակայն բանկը գրավոր մերժում էլ իրեն չի ուղարկել: Գործարարի կարծիքով, ոտնահարվել են անձնական սեփականության իրավունքները: Հունանյանը պահանջում է պատասխանող Հայաստանի Հանրապետությունից 350 հազար եվրո, իբրեւ փոխհատուցում: Եվ պարտավորվել է «դատաքննության ժամանակ դատարանին ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումները վնասի փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ»: Հունանյանն իր գանգատներում շեշտել էր, որ «ՀՀ-ում այս գործով չդիմած ատյան չի մնացել» եւ որ գանգատում նշված իր տեղեկությունները ճշմարիտ են: «Հունանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով երեք տարբեր գանգատներ էին ուղարկվել երեք տարբեր վայրերից: Գանգատները տարբեր բովանդակության էին, սակայն Եվրոդատարանի 3-րդ բաժանմունքը որպես մեկ միասնական գործ, մերժել էր Հունանյանի գանգատները, ինչը դիմումատուն կապում է ԵԴ-ի քարտուղարության հայաստանյան ներկայացուցչի՝ Արա Շահզադյանի սխալ մատուցման (թարգմանության) եւ իր գործի նկատմամբ դատավոր Ալվինա Գյուլումյանի ուղղորդմամբ: Դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին դիմել է ԵԴ նախագահին, նրան ներկայացնելով Շահզադյանի պատասխանը: «Ինչու 2002թ. հոկտեմբերի 23-ի իր պատասխանում հարգարժան Շահզադյանը չէր հայտնել, որ երեք գանգատներն էլ ստացվել են եւ կցվել մեկ գործի մեջ, այլ պահել գաղտնի մինչ այն պահը, երբ գործս չընդունելու մասին ԵԴ-ն որոշում է կայացրել»,- հարցնում է Հունանյանը: Բացի Հունանյանից, Հայաստանի մի շարք քաղաքացիներ նույնպես գտնում են, որ իրենց գործերը քարտուղարությունը միտումնավոր սխալ է ներկայացնում, իսկ հայաստանյան դատավորներն էլ վստահ են, որ ԵԴ-ում իրենց մարդն ունեն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ