«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԻՆ Իսկ Հրազդանում ընտրությունների կապակցությամբ էլ գնահատում է, թե իշխանությունները կա՛մ չեն վերահսկում իրավիճակը եւ անկարող են ընտրություններ կազմակերպել նույնիսկ մի քաղաքում, կա՛մ էլ հենց իրենք են «արձանագրված բոլոր ապօրինությունների կազմակերպիչը»: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ տարածել է երկու հայտարարություններ: Առաջին հայտարարությունը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի պնդումներին Ազգային անվտանգության ծառայության կողմից իր գրասենյակի գործունեությունը ապօրինաբար վերահսկելու փորձերի մասին: «Հանրապետությունը» հայտարարել է. «Այս փաստերն ուղեկցվում են ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, օմբուդսմենի դեմ իշխանամետ քարոզչամեքենայի սանձազերծած հակաքարոզչությամբ, ՄԻՊ-ի գործունեությունը կաշկանդելու եւ իշխանության կողմից վերահսկելու նպատակ ունեցող օրենսդրական նախաձեռնություններով: Այս ամենը կուսակցությունը գնահատում է հետեւանք Լարիսա Ալավերդյանի կազմած տարեկան զեկույցի, որում ներկայացված են մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր: Փաստորեն՝ իշխանությունները քաղաքական հաշվեհարդար են իրականացնում օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ: Սա օրինաչափ է մի երկրում, որի իշխանությունները պաշտոնավարում են ի հեճուկս ՀՀ քաղաքացիների կամքի՝ վերջիններիս իրավունքների եւ ազատությունների սահմանափակման միջոցով: Օմբուդսմենի եւ նրա գրասենյակի դեմ ուղղված նպատակային քաղաքականության հետեւանքները լինելու են ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր սահմանափակումները, մեր երկրի՝ քաղաքակիրթ աշխարհից օտարացման եւս մեկ դրսեւորումը: «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում բոլոր կուսակցություններին, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններին՝ դատապարտել օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ իշխանության ձեռնարկած ոտնձգությունները: Միով բանիվ՝ ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական կլինի իր գրասենյակի անկախությունը պաշտպանելու, իշխանությունների ապօրինի քայլերին հակազդելու եւ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցերում»: Իսկ երկրորդ հայտարարությունը վերաբերում է արդեն Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: «Հանրապետությունը» նշում է. «Ռոբերտ Քոչարյանի ապօրինի վարչախումբը լիովին սպառել է իրեն: Արտաքին եւ ներքին քաղաքականության ձախողումները դարձել են ակներեւ, այլեւս ակնհայտ է, որ անվերահսկելի է դարձել իշխանությունների իսկ ձեւավորած օլիգարխիկ, քրեական համակարգը: Մայիսի 29-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ուղեկցվել են զանգվածային խախտումներով, ընտրական գործընթացին իրավապահ մարմինների աշխատակիցների ապօրինի միջամտություններով, ՀՀ քաղաքացիների դեմ ուղղված ակնհայտ բռնություններով: Գնահատականը միանշանակ է՝ գործող վարչախումբը կա՛մ չի վերահսկում իրավիճակը եւ անկարող է ընտրություններ կազմակերպել նույնիսկ մի քաղաքում, կա՛մ հենց ինքն է արձանագրված բոլոր ապօրինությունների կազմակերպիչը: Այս պայմաններում՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները Սահմանադրության, «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների մասին ընդամենն իմիտացիոն բնույթ ունեն՝ մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով: «Հանրապետություն» կուսակցությունը դարձյալ պնդում է, որ Հայաստանում ստեղծված ոչ պետական վիճակը կարող է հաղթահարվել բացառապես ժողովրդավարական հեղափոխության եւ Հայաստանում որակապես նոր իշխանության ձեւավորման դեպքում»: Սեփ. լր.