Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՆ

Հունիս 02,2005 00:00

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ 1989-ին ստեղծված, կարճ ժամանակ անց ասպարեզից հեռացած Հայ ազգային բանակ ռազմական կառույցի հիման վրա երեկ կազմավորվեց Հայ ազգային բանակում հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության պատվավոր նախագահ ընտրվեց ՀԱԲ հիմնադիր, ամիսներ առաջ կյանքից հեռացած Ռազմիկ Վասիլյանը: Իսկ նախագահ ընտրվեց ՀԱԲ-ի հիմնադիր, «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը: Հայ ազգային բանակում ՀԿ առաջին համագումարում ողջույնի ելույթները շատ-շատ էին, թեման ու դիմելաձեւը՝ նույնը. զինակիցներ, մարտական ընկերներ, զինվորներ: Իսկ ելույթներում հիմնականում վճռականություն էր հայտնվում՝ հարկ եղած դեպքում կրկին զենք վերցնել, եւ շեշտվում էր ՀՀ ՊՆ կողքին կանգնելու պատրաստակամությունը: Այս վերջինը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի ներկայությունը, նրա «Աշխատենք միասին» ոգով ելույթը եւ ՀԱԲ-ին աջակցելու խոստումը հիմք էին ենթադրելու, որ ՀԱԲ-ը Սերժ Սարգսյանի «կնքահայրությամբ» ստեղծվող հերթական կազմակերպությունն է: Արամ Թորգոմյանը ցրում է այդ ենթադրությունը. «Ես ոչ մեկի հովանավորության ներքո չեմ գործելու: Ես ունեմ իմ լծակները, որով կկարողանամ հասնել նպատակներին»: Լծակները չներկայացվեցին, փոխարենը բացատրվեց պաշտպանության փոխնախարարի ներկայությունը. «Բանակ՝ նշանակում է պաշտպանություն: Պատերազմի ժամանակ մենք դառնում ենք անմիջապես ռազմական կառույց՝ որպես աշխարհազորային եւ կանգնում ենք ՊՆ կողքը»: ՀԱԲ-ի ակտիվացումն էլ, ըստ Թորգոմյանի, անսպասելի ու հանկարծակի չէ. «ՀԱԲ-ի տղաների սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է այսօր: Ռազմիկ Վասիլյանի մահից հետո տղաները գիտակցելով որ պետք է վերականգնել եւ սատար կանգնել տղաներին, որովհետեւ մեր այցերը սահմանամերձ շրջաններով տվեց ճակատագրական արդյունք, իրոք ահավոր վիճակում են հին, կռվող տղաները: Զուտ սոցիալական նպատակներ ունենք: Ապացույցը մեր ապագա գործունեությունը կլինի: Մենք երբեք քաղաքական կազմակերպություն չենք դառնա»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել