Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքը

Հունիս 02,2005 00:00

Հանրահավաքը խանգարելո՞ւ են Ռուսամետ հեղափոխականը «դրսի համար» դարձել է ակնառու «Մեր ունեցած տեղեկություններով, այսօրվա հանրահավաքը նույնպես փորձելու են տապալել: Ասեմ, որ մեր կուսակցության ներկայացուցիչները երբեւէ զենք չեն կրում, չենք պատրաստվում ոչ-խաղաղ գործողություններ իրականացնել: Եթե կատարվեն նման գործողություններ, դա լինելու է հերթական սադրանքը Արամ Կարապետյանի եւ «ՆԺ»- ի դեմ, որը սեւանյան սցենարով է զարգանալու՝ ամեն ինչ բարդվելու է մեզ վրա»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արամ Կարապետյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախորդ օրը անձնական հանդիպում է ունեցել ԱԱԾ ներկայացուցչի հետ, որի արդյունքներից բավարարված էր: Մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում ԱԱԾ ներկայացուցիչը փորձել է համոզել, որ երկրում ամեն ինչ լավ է, իսկ իրենց գործողությունները խժդժությունների են նման: Պարոն Կարապետյանն իր հերթին հակափաստարկներ է բերել: «Եթե այդպես է, մի խոչընդոտեք հանրահավաքները: Թող մարդիկ հավաքվեն, եւ այնտեղ կերեւա՝ ընդդիմությունը ունի՞ հեղափոխական գործընթացի հիմք: Մենք էլ կհասկանանք, իշխանությունն էլ, բոլորն էլ»,- առաջարկել է «ՆԺ» ղեկավարը: Հայաստան եկած «ռուսական դեսանտի» հետ հանդիպումներ է ունեցել նաեւ Արամ Կարապետյանը, որոնք մեկնաբանել նա հրաժարվեց: Այս համատեքստում նկատեց. «Կարծում եմ, հիմա հեղափոխական գործընթացը նաեւ դրսի համար դարձել է ակնառու, գործողությունների ընթացքը՝ հասկանալի: Սկսվել է մրցակցություն՝ գերտերությունների քաղաքականության ճշտման մեջ»: «ՆԺ»-ն շարունակելու է հանրահավաքային գործընթացը՝ նույնպես հույս ունենալով, որ սահմանադրական հանրաքվեն կվերածվի նախագահի ու կոալիցիայի վստահության հանրաքվեի: Իսկ Սահմանադրության առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակին «ՆԺ»-ն դեմ է. «Ավելի ժողովրդավարական տարրեր չի պարունակում, մեծացնում է նախագահի լիազորություններն առանց հակակշիռների, համաժողովրդական քննարկում, որպես այդպիսին, չի կայացել»: Թումանյան 8 հասցեից վտարումից հետո կուսակցությանը չի հաջողվում գրասենյակ վարձել՝ «սեփականատերերին ահաբեկում են»: «ՆԺ»-ն ժամանակավորապես կզբաղեցնի կուսակցության փոխնախագահին պատկանող, Ֆուրմանով փողոցում գտնվող բնակարանը: Ի դեպ, Ա. Կարապետյանը պատրաստվում է դատարան հրավիրել ՀՀ ոստիկանապետին՝ ճշտելու իր շրջապատում գտնվող քրեական անցյալ ունեցող անձանց ինքնությունը: Տեղեկացանք նաեւ, որ «ՆԺ» ղեկավարն անձնագրի հետ կապված խնդիրներ ունի: Նրա անձնագրում բացակայում է գրանցման վայրի կնիքը, իսկ ելքի վիզան մեկ տարով է, չնայած Ա. Կարապետյանը վճարել է հինգ տարվա համար: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել