Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն

Հունիս 02,2005 00:00

ԵՄ-Ն ԱԿՏԻՎ ԿԼԻՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ Ըստ փորձագետների, Եվրամիության Սահմանադրության տապալումը չի ազդի «Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի վրա: Անցյալ շաբաթ ֆրանսիացիները հանրաքվեի միջոցով «ոչ» ասացին Եվրամիության Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ԵՄ Սահմանադրությունն այլեւս գործողության մեջ մտնելու հնարավորություն չունի, եւ մինչ այդ ԵՄ անդամ 6 երկրներում Սահմանադրության վավերացումն ու ԵՄ պաշտոնյաների քարոզչությունը ջուրն ընկան: ԵՄ Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Բելգիայի նախկին վարչապետ Ժան-Լյուկ Դեենը Ֆրանսիայում Սահմանադրության տապալումից հետո չէր բացառել, որ ԵՄ ընդլայնման գործընթացը կարող է դադարեցվել, եթե Նիդեռլանդների քաղաքացիները եւս «ոչ» ասեն Եվրասահմանադրությանը: Վերլուծաբանները նման զարգացումը ոչ միայն չեն բացառել, այլեւ վստահեցրել են, որ այս երկրում Սահմանադրությանը դեմ կքվեարկի քաղաքացիների շուրջ 60 տոկոսը: Եվ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկի Տայոմիոյան, եւ Գերմանիայի ՔԴՄ նախագահ Անգելա Մերկելը Ֆրանսիայում Եվրասահմանադրության տապալումը բացատրել են առաջին հերթին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը ֆրանսիացիների անհամաձայնությամբ: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Էդուարդ Փանոյանի կարծիքով, ֆրանսիացիների նման որոշումը անակնկալ չէր. «Այդ հարցի շուրջ Ֆրանսիայում բուռն քննարկումներ եղան գրեթե բոլոր ԶԼՄ-ներում, հասարակության տարբեր ուժերի, կուսակցությունների շրջանակներում: Այդ քննարկումների ընթացքում նկատի էին առնվել Ֆրանսիայի ժողովրդի շահերը: Որպես այդ քննարկումների արդյունք` Ֆրանսիայի ժողովուրդը որոշում կայացրեց, որ առայժմ իրավիճակը հարմար չէ նման փաստաթուղթ ընդունելու համար»: Նա միաժամանակ ճշգրտեց, որ այդ փաստաթուղթն, ըստ էության, ոչ թե Սահմանադրություն, այլ՝ սահմանադրական բնույթի պայմանագիր է: «Բոլոր դեպքերում, սա հաղթահարելի խնդիր է եւ վերջնական տապալման գործընթաց համարել չի կարելի»,- նկատեց Է. Փանոյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց Ֆրանսիայում կարող է միանգամայն այլ իրավիճակ ստեղծվել եւ այդ երկրի ժողովուրդը կարող է այլ որոշում ընդունել: Նրա համոզմամբ, ֆրանսիացիների կողմնորոշման համար հիմք են հանդիսացել ամիսներ ի վեր այդ հարցերի քննարկման ժամանակ տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի կողմից հասարակությանը մատուցված «կողմ» եւ «դեմ» մեկնաբանությունները՝ այն բոլոր դրական եւ բացասական հետեւանքներով հանդերձ, որոնք կարող են լինել Սահմանադրությունն ընդունելու կամ մերժելու դեպքում: Նկատի ունենալով ԵՄ անդամ երկրների պաշտոնյաների մտահոգությունը, թե Եվրասահմանադրության տապալումից հետո կարող է դանդաղել կամ կասեցվել այդ կառույցին նոր երկրների անդամակցության հարցը, պետք է ենթադրել, որ մեր տարածաշրջանում եւս ԵՄ ակտիվ ջանքերը, մասնավորապես, «Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում, որն ուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանին, եւս կարող են դանդաղել: «Ես կարծում եմ, որ Հայաստանն իր ընթացքը դեպի եվրաինտեգրացիա չպետք է դանդաղեցնի: Միգուցե այն իրավիճակում, երբ Եվրոպան մի փոքր կանգ կառնի՝ մտածելու, թե ինչպես հաղթահարի իր առջեւ ծառացած դժվարությունները, Հայաստանը իր ճանապարհը կշարունակի դեպի եվրաինտեգրացիա եւ միգուցե այդ պարագայում հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել, որովհետեւ եթե Եվրոպայում ներքին ինտեգրացիայի գործընթացը դանդաղեց, հնարավոր է, որ արտաքին՝ նոր հարեւանության շրջանակներում մենք կարող ենք օգտվել: Ամեն դեպքում, մենք պարտավոր ենք այսօր ավելի ակտիվ լինել»,- նկատեց ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Է. Փանոյանը: Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Ալվարդ Բարխուդարյանն էլ կարծիք հայտնեց, թե՝ մեր տարածքի նկատմամբ ԵՄ քաղաքականության մեջ էական փոփոխություն չի լինի, եւ ԵՄ-ին անդամակցության գործընթացի հնարավոր դանդաղումը բացասաբար չի անդրադառնա «Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրի վրա. «Ինձ թվում է` գլոբալիզացիայի եւ ինտեգրացիայի գործընթացը կշարունակվի: Ավելին, այն ծրագրերը, որոնք նախատեսված են այս նոր հարեւանության շրջանակներում, բնականաբար, պետք է շարունակվեն եւ զարգանան: ԵՄ-ն պետք է ակտիվացնի եւ ակտիվացնում է իր ներկայությունը մեր տարածաշրջանում: Այլ բան է, որ, անշուշտ, կփոխվեն հարաբերությունները նույն ԵՄ-ԱՄՆ, նաեւ` նոր անդամակցած երկրների հետ: Կփոխվեն չափանիշներն այն երկրների նկատմամբ, որոնք ուզում են ԵՄ անդամ դառնալ, մասնավորապես` նաեւ Թուրքիայի դեպքում»: Անդրադառնալով ԵՄ Սահմանադրության տապալմանը` տիկին Բարխուդարյանի դիտարկմամբ, մասնավորապես Ֆրանսիայի ժողովրդի նման որոշումը ավելի խորքային պատճառներ ուներ: Նրա ասելով, թեեւ Ֆրանսիայում ԵՄ Սահմանադրությանը եւ «կողմ», եւ «դեմ» տեսակետներ կան, բայց նաեւ կարծիք կա, որ այդ երկրում կայացած հանրաքվեի արդյունքը միանշանակորեն ժողովրդավարության հաղթանակն է. «Այսինքն` հասարակության կարծիքը հաղթել է բյուրոկրատիային եւ իշխանական համակարգին, ընդ որում՝ այս ասելով նկատի է առնվում եւ Բրյուսելը, եւ Ֆրանսիայի նախագահին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել