Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հունիս 02,2005 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ՝
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ Երեխաների
պաշտպանության միջազգային օրվա առիթով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ Վազգեն
Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի մերձակա ասֆալտապատ տարածքում պատանի ֆուտբոլիստների
միջեւ առաջին անգամ կազմակերպել էր մրցույթ, որում կաշվե գնդակի ապագա վարպետները
ցուցադրում էին ոչ թե խաղադաշտում գնդակի տիրապետման իրենց ունակությունները, այլ
սիրած մարզաձեւի մասին պատկերացումները: ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանիը
տեղեկացրեց, որ միջոցառման նախաձեռնողը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն
Հայրապետյանն է: «ՀՖՖ-ի նախագահը մշտապես շեշտել է, որ սկսած մանուկ հասակից ֆուտբոլում
լուրջ հաջողությունների կարելի է հասնել ոչ միայն ֆուտբոլ պարապելով, այլեւ միտքը
մարզելով,- ասաց նա:- Ու դա վերաբերում է սպորտին ընդհանրապես: Այս միջոցառմանը մասնակցում
են մեր ֆուտբոլային ակումբների պատանեկան դպրոցների եւ ֆուտբոլի դպրոցների 8-13 տարեկան
շուրջ 400 երեխաներ: Նրանք բոլորը որպես հուշանվեր ՀՖՖ-ից նվեր կստանան մեկական ֆուտբոլի
գնդակ, իսկ 20 լավագույն նկարների հեղինակները՝ նաեւ ֆուտբոլային հանդերձանք»: Հասկանալի
է, որ միջոցառմանը ներկա լրագրողները չէին կարող շրջանցել հուլիսին Հյուսիսային Իռլանդիայում
կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչեւ
19 տարեկանների հավաքականի աննախադեպ նվաճումը: Ապագայի լավագույն ֆոջտբոլիստ-նկարչին
որոշելուց առաջ Ռ. Հայրապետյանը «Կենտրոն» հեռուստաընկերության մարզական մեկնաբանին
տված հարցազրույցում նշեց, որ ինքը օրերս դիտել է 11 տարեկան երեխաների խաղերի տեսագրությունը.
«Նրանք հաճախ այնքան գրագետ ու գեղեցիկ ֆուտբոլ են խաղում, որ ես մտածում էի, որ
լավ կլիներ, եթե մեր մեծահասակներն էլ այդքան գեղեցիկ ու խելացի խաղան: Ինձ ոգեւորում
եւ ուրախացնում է մեր երեխաների դիսցիպլինան, կարգուկանոնը: Մեզ հաջողվել է կոտրել
այն մտածելակերպը, թե մեզանում ֆուտբոլը սիրողական մակարդակի է: Հիմա մոտեցումը պրոֆսիանալ
է, սկսած հենց տարիքային այս հասակից»,- ասաց ՀՖՖ նախագահը: Մեր մինչեւ 19
տարեկանների հավաքականի ձեռքբերումը սպասելի՞ էր, թե անակնկա՞լ եւ ի՞նչ ակնկալիքներ
ունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակցությունից հարցին Ռ. Հայրապետյանը
պատասխանեց. «Եթե ուշադրություն դարձրել եք, հատկապես վերջին ամիսներին թիմի նախապատրաստության
կազմակերպմանը, նկատած կլինեք, որ արել ենք այն, ինչ կարող էինք եւ պարտավոր էինք:
Մենք այս արդյունքին սպասում էինք: Ես ամեն բան անելու եմ, որպեսզի մեր այս հավաքականը
Եվրոպայի առաջնության եզրափակիչում ոչ միայն առաջատարների մեջ լինի, այլեւ գավաթը
նվաճի: Մեր տղաները դա անել ի վիճակի են ու դա ապացուցեցին: Բայց դրա համար դեռ կազմակերպչական
շատ աշխատանքներ ունենք կատարելու, խնդիրներ լուծելու: Հուսով եմ, որ հաջողության
հասնել ի վիճակի ենք»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել