Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ «ԳՌԴՈՆ» ԵԴ-Ո՞ՒՄ

Հունիս 02,2005 00:00

Եվրոպական դատարան դիմած ՀՀ քաղաքացիներից ոմանք
վստահ են, որ ԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց
համաքաղաքացիների հայցերը մերժվեն: Ռուդոլֆ Հունանյանը մեկն է ՀՀ այն քաղաքացիներից,
որը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ԵԴ) է դիմել: Եվ մեկը՝ այն քաղաքացիներից,
ում գանգատները տեղ չէին հասնում, ուստիեւ ստիպված է եղել չորս անգամ հասնել Ստրասբուրգ:
Եվ որպեսզի իր գրավոր գանգատները «չկորչեն» Երեւանի որեւէ կապի բաժանմունքում կամ
փոստատանը, մեկ անգամ Մարսելից, մեկ անգամ Համբուրգից ԵԴ է ուղարկել իր գործին առնչվող
փաստաթղթերը: Միայն Երեւան-Ստրասբուրգ քառակի այցերը Ռ. Հունանյանի վրա նստել են
7000 եվրո: Գործարար Ռուդոլֆ Հունանյանի նկատմամբ Հայաստան պետության երեք
ատյանի դատարանները Մաշտոցի պողոտայի 45 շենքի 20 բնակարանից վտարելու վճիռ են կայացրել:
Քաղաքացին գյուղմթերքների մշակման ծրագրի շրջանակներում «Լենդ» բանկից գումար է վերցրել:
Հետագայում պարտք մնացել մոտ 6000 դոլար: «Լենդը» դատի է տվել Հունանյանին: Դատարանի
վտարման վճիռը կայացնելու նպատակով ԱՆ ԴԱՀԿ-ն աճուրդ է անցկացրել եւ 80 հազար դոլար
արժողության Մաշտոցի պողոտայում գտնվող տունը «վաճառել» 6550 դոլարով: Աճուրդից հետո
սեփականատեր է դարձել նույն բանկը: Հունանյանը ԵԴ գանգատում նշել է, որ բազմաթիվ
անգամ եղել է բանկում, գրավոր առաջարկել իր բնակարանը ետ վերադարձնելու պայմանով
պարտքը մարել, սակայն բանկը գրավոր մերժում էլ իրեն չի ուղարկել: Գործարարի կարծիքով,
ոտնահարվել են անձնական սեփականության իրավունքները: Հունանյանը պահանջում է պատասխանող
Հայաստանի Հանրապետությունից 350 հազար եվրո, իբրեւ փոխհատուցում: Եվ պարտավորվել
է «դատաքննության ժամանակ դատարանին ներկայացնել անհրաժեշտ հիմնավորումները վնասի
փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ»: Հունանյանն իր գանգատներում շեշտել էր, որ
«ՀՀ-ում այս գործով չդիմած ատյան չի մնացել» եւ որ գանգատում նշված իր տեղեկությունները
ճշմարիտ են: «Հունանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով երեք տարբեր
գանգատներ էին ուղարկվել երեք տարբեր վայրերից: Գանգատները տարբեր բովանդակության
էին, սակայն Եվրոդատարանի 3-րդ բաժանմունքը որպես մեկ միասնական գործ, մերժել էր
Հունանյանի գանգատները, ինչը դիմումատուն կապում է ԵԴ-ի քարտուղարության հայաստանյան
ներկայացուցչի՝ Արա Շահզադյանի սխալ մատուցման (թարգմանության) եւ իր գործի նկատմամբ
դատավոր Ալվինա Գյուլումյանի ուղղորդմամբ: Դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին դիմել է
ԵԴ նախագահին, նրան ներկայացնելով Շահզադյանի պատասխանը: «Ինչու 2002թ. հոկտեմբերի
23-ի իր պատասխանում հարգարժան Շահզադյանը չէր հայտնել, որ երեք գանգատներն էլ ստացվել
են եւ կցվել մեկ գործի մեջ, այլ պահել գաղտնի մինչ այն պահը, երբ գործս չընդունելու
մասին ԵԴ-ն որոշում է կայացրել»,- հարցնում է Հունանյանը: Բացի Հունանյանից, Հայաստանի
մի շարք քաղաքացիներ նույնպես գտնում են, որ իրենց գործերը քարտուղարությունը միտումնավոր
սխալ է ներկայացնում, իսկ հայաստանյան դատավորներն էլ վստահ են, որ ԵԴ-ում իրենց
մարդն ունեն: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել