Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԻՆ

Հունիս 02,2005 00:00

Իսկ
Հրազդանում ընտրությունների կապակցությամբ էլ գնահատում է, թե իշխանությունները կա՛մ
չեն վերահսկում իրավիճակը եւ անկարող են ընտրություններ կազմակերպել նույնիսկ մի
քաղաքում, կա՛մ էլ հենց իրենք են «արձանագրված բոլոր ապօրինությունների կազմակերպիչը»:
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ տարածել է երկու
հայտարարություններ: Առաջին հայտարարությունը վերաբերում է Մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանի պնդումներին Ազգային անվտանգության ծառայության կողմից
իր գրասենյակի գործունեությունը ապօրինաբար վերահսկելու փորձերի մասին: «Հանրապետությունը»
հայտարարել է. «Այս փաստերն ուղեկցվում են ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ,
օմբուդսմենի դեմ իշխանամետ քարոզչամեքենայի սանձազերծած հակաքարոզչությամբ, ՄԻՊ-ի
գործունեությունը կաշկանդելու եւ իշխանության կողմից վերահսկելու նպատակ ունեցող
օրենսդրական նախաձեռնություններով: Այս ամենը կուսակցությունը գնահատում է հետեւանք
Լարիսա Ալավերդյանի կազմած տարեկան զեկույցի, որում ներկայացված են մեր երկրում մարդու
իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր: Փաստորեն՝ իշխանությունները քաղաքական
հաշվեհարդար են իրականացնում օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ: Սա օրինաչափ
է մի երկրում, որի իշխանությունները պաշտոնավարում են ի հեճուկս ՀՀ քաղաքացիների
կամքի՝ վերջիններիս իրավունքների եւ ազատությունների սահմանափակման միջոցով: Օմբուդսմենի
եւ նրա գրասենյակի դեմ ուղղված նպատակային քաղաքականության հետեւանքները լինելու
են ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր սահմանափակումները, մեր երկրի՝ քաղաքակիրթ աշխարհից
օտարացման եւս մեկ դրսեւորումը: «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում բոլոր
կուսակցություններին, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններին՝ դատապարտել
օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ իշխանության ձեռնարկած ոտնձգությունները:
Միով բանիվ՝ ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական
կլինի իր գրասենյակի անկախությունը պաշտպանելու, իշխանությունների ապօրինի քայլերին
հակազդելու եւ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցերում»: Իսկ
երկրորդ հայտարարությունը վերաբերում է արդեն Հրազդանի քաղաքապետի ընտրություններին:
«Հանրապետությունը» նշում է. «Ռոբերտ Քոչարյանի ապօրինի վարչախումբը լիովին սպառել
է իրեն: Արտաքին եւ ներքին քաղաքականության ձախողումները դարձել են ակներեւ, այլեւս
ակնհայտ է, որ անվերահսկելի է դարձել իշխանությունների իսկ ձեւավորած օլիգարխիկ,
քրեական համակարգը: Մայիսի 29-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններն
ուղեկցվել են զանգվածային խախտումներով, ընտրական գործընթացին իրավապահ մարմինների
աշխատակիցների ապօրինի միջամտություններով, ՀՀ քաղաքացիների դեմ ուղղված ակնհայտ
բռնություններով: Գնահատականը միանշանակ է՝ գործող վարչախումբը կա՛մ չի վերահսկում
իրավիճակը եւ անկարող է ընտրություններ կազմակերպել նույնիսկ մի քաղաքում, կա՛մ հենց
ինքն է արձանագրված բոլոր ապօրինությունների կազմակերպիչը: Այս պայմաններում՝ իշխանության
ներկայացուցիչների հայտարարությունները Սահմանադրության, «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների
մասին ընդամենն իմիտացիոն բնույթ ունեն՝ մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը
ապակողմնորոշելու նպատակով: «Հանրապետություն» կուսակցությունը դարձյալ պնդում է,
որ Հայաստանում ստեղծված ոչ պետական վիճակը կարող է հաղթահարվել բացառապես ժողովրդավարական
հեղափոխության եւ Հայաստանում որակապես նոր իշխանության ձեւավորման դեպքում»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել