Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ

Հունիս 02,2005 00:00

ՌԱԶՄԱԿԱՆ
ՀԻՄՔՈՎ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ 1989-ին ստեղծված, կարճ
ժամանակ անց ասպարեզից հեռացած Հայ ազգային բանակ ռազմական կառույցի հիման վրա երեկ
կազմավորվեց Հայ ազգային բանակում հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության
պատվավոր նախագահ ընտրվեց ՀԱԲ հիմնադիր, ամիսներ առաջ կյանքից հեռացած Ռազմիկ Վասիլյանը:
Իսկ նախագահ ընտրվեց ՀԱԲ-ի հիմնադիր, «Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը:
Հայ ազգային բանակում ՀԿ առաջին համագումարում ողջույնի ելույթները շատ-շատ էին,
թեման ու դիմելաձեւը՝ նույնը. զինակիցներ, մարտական ընկերներ, զինվորներ: Իսկ ելույթներում
հիմնականում վճռականություն էր հայտնվում՝ հարկ եղած դեպքում կրկին զենք վերցնել,
եւ շեշտվում էր ՀՀ ՊՆ կողքին կանգնելու պատրաստակամությունը: Այս վերջինը, ինչպես
նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Միքայել Գրիգորյանի ներկայությունը, նրա «Աշխատենք
միասին» ոգով ելույթը եւ ՀԱԲ-ին աջակցելու խոստումը հիմք էին ենթադրելու, որ ՀԱԲ-ը
Սերժ Սարգսյանի «կնքահայրությամբ» ստեղծվող հերթական կազմակերպությունն է: Արամ Թորգոմյանը
ցրում է այդ ենթադրությունը. «Ես ոչ մեկի հովանավորության ներքո չեմ գործելու: Ես
ունեմ իմ լծակները, որով կկարողանամ հասնել նպատակներին»: Լծակները չներկայացվեցին,
փոխարենը բացատրվեց պաշտպանության փոխնախարարի ներկայությունը. «Բանակ՝ նշանակում
է պաշտպանություն: Պատերազմի ժամանակ մենք դառնում ենք անմիջապես ռազմական կառույց՝
որպես աշխարհազորային եւ կանգնում ենք ՊՆ կողքը»: ՀԱԲ-ի ակտիվացումն էլ, ըստ Թորգոմյանի,
անսպասելի ու հանկարծակի չէ. «ՀԱԲ-ի տղաների սոցիալ-տնտեսական վիճակը շատ վատ է այսօր:
Ռազմիկ Վասիլյանի մահից հետո տղաները գիտակցելով որ պետք է վերականգնել եւ սատար
կանգնել տղաներին, որովհետեւ մեր այցերը սահմանամերձ շրջաններով տվեց ճակատագրական
արդյունք, իրոք ահավոր վիճակում են հին, կռվող տղաները: Զուտ սոցիալական նպատակներ
ունենք: Ապացույցը մեր ապագա գործունեությունը կլինի: Մենք երբեք քաղաքական կազմակերպություն
չենք դառնա»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել