Ռուսամետ
հեղափոխականը «դրսի համար» դարձել է ակնառու «Մեր ունեցած տեղեկություններով,
այսօրվա հանրահավաքը նույնպես փորձելու են տապալել: Ասեմ, որ մեր կուսակցության ներկայացուցիչները
երբեւէ զենք չեն կրում, չենք պատրաստվում ոչ-խաղաղ գործողություններ իրականացնել:
Եթե կատարվեն նման գործողություններ, դա լինելու է հերթական սադրանքը Արամ Կարապետյանի
եւ «ՆԺ»- ի դեմ, որը սեւանյան սցենարով է զարգանալու՝ ամեն ինչ բարդվելու է մեզ վրա»,-
երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Արամ Կարապետյանը: Նա նաեւ տեղեկացրեց,
որ նախորդ օրը անձնական հանդիպում է ունեցել ԱԱԾ ներկայացուցչի հետ, որի արդյունքներից
բավարարված էր: Մեկ ժամ տեւած խոսակցության ընթացքում ԱԱԾ ներկայացուցիչը փորձել
է համոզել, որ երկրում ամեն ինչ լավ է, իսկ իրենց գործողությունները խժդժությունների
են նման: Պարոն Կարապետյանն իր հերթին հակափաստարկներ է բերել: «Եթե այդպես է, մի
խոչընդոտեք հանրահավաքները: Թող մարդիկ հավաքվեն, եւ այնտեղ կերեւա՝ ընդդիմությունը
ունի՞ հեղափոխական գործընթացի հիմք: Մենք էլ կհասկանանք, իշխանությունն էլ, բոլորն
էլ»,- առաջարկել է «ՆԺ» ղեկավարը: Հայաստան եկած «ռուսական դեսանտի» հետ հանդիպումներ
է ունեցել նաեւ Արամ Կարապետյանը, որոնք մեկնաբանել նա հրաժարվեց: Այս համատեքստում
նկատեց. «Կարծում եմ, հիմա հեղափոխական գործընթացը նաեւ դրսի համար դարձել է ակնառու,
գործողությունների ընթացքը՝ հասկանալի: Սկսվել է մրցակցություն՝ գերտերությունների
քաղաքականության ճշտման մեջ»: «ՆԺ»-ն շարունակելու է հանրահավաքային գործընթացը՝
նույնպես հույս ունենալով, որ սահմանադրական հանրաքվեն կվերածվի նախագահի ու կոալիցիայի
վստահության հանրաքվեի: Իսկ Սահմանադրության առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակին
«ՆԺ»-ն դեմ է. «Ավելի ժողովրդավարական տարրեր չի պարունակում, մեծացնում է նախագահի
լիազորություններն առանց հակակշիռների, համաժողովրդական քննարկում, որպես այդպիսին,
չի կայացել»: Թումանյան 8 հասցեից վտարումից հետո կուսակցությանը չի հաջողվում
գրասենյակ վարձել՝ «սեփականատերերին ահաբեկում են»: «ՆԺ»-ն ժամանակավորապես կզբաղեցնի
կուսակցության փոխնախագահին պատկանող, Ֆուրմանով փողոցում գտնվող բնակարանը: Ի դեպ,
Ա. Կարապետյանը պատրաստվում է դատարան հրավիրել ՀՀ ոստիկանապետին՝ ճշտելու իր շրջապատում
գտնվող քրեական անցյալ ունեցող անձանց ինքնությունը: Տեղեկացանք նաեւ, որ «ՆԺ» ղեկավարն
անձնագրի հետ կապված խնդիրներ ունի: Նրա անձնագրում բացակայում է գրանցման վայրի
կնիքը, իսկ ելքի վիզան մեկ տարով է, չնայած Ա. Կարապետյանը վճարել է հինգ տարվա համար:
Ն. Գ.