Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ

Հունիս 01,2005 00:00

ԵՍ ԵՄ ԱԼՖԱՆ ԵՎ ՕՄԵԳԱՆ Մոտավորապես այս ոճով ինքն իրեն ներկայացրեց պարարվեստի մասնագետ Կարեն Գեւորգյանը Հայկական ժողովրդական պարերը ծնունդ են առել հեռավոր դարերում, դեռեւս Հայաստանի պատմության հեթանոսական շրջանում: Հայերիս համար խորեոգրաֆիկ ժառանգությունը հանդիսանում է այն ամրակուռ հիմքը, որի վրա շարունակ կատարելագործվել է ժողովրդական պարարվեստը: Վերջինիս նվիրյալներ Ա. Ղարիբյանը եւ Վ. Բորիսովը դեռ 1964թ. գրառելով մեր պարերը, նպատակ ունեին այդ հարուստ ժառանգությանը ծանոթացնել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ ինքնագործ կոլեկտիվներին: Դեռեւս հիշում ենք ԽՍՀՄ տարիներին անցկացվող պարի տոները, որոնց մասնակցում էին նաեւ ինքնագործ խմբեր: Նման միջոցառումներն աչքի էին ընկնում հատկապես բարձր կազմակերպվածությամբ: Վերջին 15 տարիներին պարարվեստի ոլորտն էլ դարձավ անկառավարելի: Ավելին, ժամանակին գործող ինքնագործ պարային խմբերն այսօր իրենց հռչակել են պրոֆեսիոնալ: Համախմբված լինելով նույն գաղափարի շուրջ, այն է՝ դարերից եկող ժողովրդական պարը պահպանել ու փոխանցել հաջորդ սերնդին, մեր հանրապետության նման փոքր երկրում ստեղծվել է երկու միություն: Պարարվեստի հայ երախտավորներից ոմանք հավաստիացնում են, որ պարարվեստի գործիչներն ի սկզբանե համախմբված չեն եղել, վկայակոչելով այն փաստը, որ տարիներ շարունակ իրենք անդամակցել են Թատերական գործիչների միությանը, չունենալով իրենց առանձին կառույցը: Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, 1995-ին ստեղծվեց Հայաստանի պարարվեստի միությունը (նախագահ՝ մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյան) եւ 2000-ին՝ Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը (նախագահ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյան): Մեր փոքր երկրում երկու միությունների առկայությունը խոսում է այսօր էլ պարարվեստի գործիչների ոչ համախմբված լինելու մասին: Վերջին շրջանում տարբեր առիթներով՝ Պարարվեստի ուսումնարանի, միասնության շուրջպարի, Պարի պետական անսամբլի ղեկավարի ընտրության, հոլովվում է Կարեն Գեւորգյան անունը: «Առավոտը» հանդիպեց բալետմայստերին եւ ելնելով վերը նշվածից, ուղղեց միակ հարցը՝ «Հանրապետությունում դուք անփոխարինելի մասնագե՞տ եք, ինչ է»: Ներկայացնում ենք Կ. Գեւորգյանի խոսքը առանց մեկնաբանության: «Ո՞վ է ասում փոխարինող չկա: Փոխարինողը կլինի նա, ով տարիներ շարունակ կտիրապետի այնքան ինֆորմացիայի այս ոլորտում, ինչքան ես ունեմ: Այո, անվանս շուրջ եղել են սկանդալներ եւ պատրաստվեք նոր սկանդալների: Տեղեկացնեմ միայն, որ անկուսակցական եմ, մշակույթի մարդ եմ ու զբաղված եմ իմ գործով: Հետաքրքիր է՝ ո՞վ կբերի վերջին տասը տարվա ընթացքում պարարվեստի ոլորտում իմ կողմից կամ ղեկավարությամբ կատարված կազմակերպչական, գիտական, ստեղծագործական աշխատանքների ու աշխատությունների ցանկ: Կազմակերպչական առումով ինձ վստահված է եղել Համահայկական խաղերի, Անկախության օրվան, «Էրեբունի-Երեւան» պետական կարգավիճակ ունեցող միջոցառումների պատասխանատվությունը, գիտական գծով գրքերի տպագրություն ու մեթոդական ձեռնարկներ: Ո՞վ է էս տասը տարիների ընթացքում եթերից ծանոթացնում հայկական պարարվեստին (նկատի ունի «Պարատուն» հաղորդաշարը), հրատարակում «Պարատուն» ամսաթերթը: Բանահավաքչական աշխատանքների արդյունքում ո՞վ 250 ազգային պարեր հայտնաբերեց: Հայկական պարարվեստի երախտավոր Սրբուհի Լիսիցյանի 3 հատորներից մոտ 350 պար ո՞վ վերծանեց ու նկարահանեց: Միջազգային ասպարեզում ո՞ւմ ղեկավարած պարային խումբը շահեց ոսկե մեդալ (նկատի ունի «Բերդ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է), որը մեկ երեկոյի ընթացքում դուրս է գալիս երեք բաժին ծրագրով ու համապատասխան բեմադրություններով եւ տարազներով: Ո՞վ է տասը տարի շարունակ ղեկավարում Հայաստանի պարարվեստի միությունը, որի աշխատանքների շնորհիվ մոտ 10 պարային անսամբլ տարեկան մասնակցում է արտերկրյա միջազգային փառատոների: Շուտով լույս կտեսնեն իմ հեղինակած «Պարի այբբենարանը», «Սկսնակ պարախմբում պարային շարժումների ուսուցման մեթոդները», «Ազգային պարարվեստի դերը երեխայի բարոյահոգեբանական կերտվածքի ձեւավորման գործում» գրքերը: Ես բացատրելու ոչինչ չունեմ: Աշխատում եմ ու աշխատում, եւ այդ աշխատանքը ինձնից խլում է առանց դադարի օրական 20 ժամ մինիմում: Կարծում եմ, այսքանով կբավարարվեն իմ անունը հոլովողները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930