Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՈՍՏԻԿԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 01,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՈՍՏԻԿԱՆԸ ՉԻ ԴԻՄԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահող՝ Արթուր Պողոսյան) շարունակվեց ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի թիվ 13 խանութի վաճառող Մկրտիչ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության, 2003թ. սեպտեմբերի 1-ին ոստիկանության Էջմիածնի բաժնի պետական պահպանության բաժանմունքի ոստիկան Վահե Տերտերյանը վերադառնալով տուն, տեսել է, որ «մայրը՝ Սիլվա Աղասյանը իրեն վատ է զգում եւ մտածել, որ մոր առողջական վիճակի վատացումը կապված է իրենց հարեւան Մկրտիչ Մանուկյանի խնդրանքով Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ»: Նա մի քանի անգամ զանգել է Մանուկյանի բջջայինի վրա՝ ասելով, որ եթե մոր հետ վատ բան պատահի՝ կայրի Մկրտիչի տունն ու ավտոմեքենան: Ըստ գործի նյութերի, զանգերից հետո Մկրտիչը իր ընկերոջ՝ Վահան Հովհաննիսյանի (ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի եղբոր, որն աշխատում է քաղաքապետարանի կրթության վարչությունում) հետ գնացել է Վ. Տերտերյանի տուն: Վերջինս «զայրացած առաջացել է» Մկրտիչի ուղղությամբ, սակայն միջադեպը կանխվել է: Միջադեպը սրանով չի ավարտվել: Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, Վ. Տերտերյանի եւ Մ. Մանուկյանի միջեւ նոր վեճ է տեղի ունեցել: Մանուկյանը բռունցքով հարվածել է Տերտերյանի դեմքին եւ, ըստ գործի նյութերի, նրան պատճառել վնասվածք՝ «առողջության կարճատեւ քայքայումով»: Ոստիկանը (Վ. Տերտերյանը նախկինում աշխատել է կազինոյի «ախրանայում») դեպքի մասին չի հայտնել իրավապահներին: Իսկ հետագայում դիմել է բժշկի: Ըստ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հետազոտության, Տերտերյանը ստացել էր «քթի փակ կոտրվածք»: Այդ դեպքում ինչո՞ւ կրիմինալ դեպքերի մատյանում գրանցված չի եղել կոտրվածքի մասին: Հավանաբար դա էր պատճառը, որ Մ. Մանուկյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը միջնորդեց, որ բժիշկներին հարցաքննելու ժամանակ դատարան ներկայացնեն Տերտերյանի հիվանդության պատմությունները, վճարման փաստաթղթերը: Ուշադրության արժանի է այն, որ Տերտերյանը պլաստիկ վիրահատության է ենթարկվել՝ առանց ռենտգեն հետազոտման: Ըստ Մ. Մանուկյանի փաստաբանի, Տերտերյանի «քթի միջնապատը վաղուց թեք էր, ինչի հետեւանքով ուներ շնչահեղձություն»: Ըստ դատաբժշկական փորձաքննության (27/4), ոստիկանին ախտորոշել են «քթի վնասվածք» եւ ոչ թե քթի կոտրվածք: 2-րդ փորձաքննության արձանագրությամբ ավելացել էր նաեւ «գանգուղեղային տրավման»: Այն դեպքում, երբ «Արմենիա» ՀԲԿ-ի հետազոտման արդյունքներով «ուղեղի ցնցում» չի հայտնաբերվել: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի մարտի 3-ի դատավճռով Մկրտիչ Մանուկյանը դատապարտվել է 60 հազար դրամ տուգանքի, ինչից դժգոհ է տուժողը, որը պահանջել է $4380-ին համարժեք դրամ: Ի դեպ, տուժողը դատարան էր ներկայացրել բժշկական երկու փաստաթուղթ. մի դեպքում, որ Տերտերյանը սեպտեմբերի 9-ից 30-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, իսկ երկրորդ փաստաթղթով «հիվանդը դուրս է գրվել սեպտեմբերի 22-ին՝ առողջացումով»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930