Լրահոս
Օրվա լրահոսը

Գազիֆիկացումը լուծում է սոցիալական խնդիրները

Հունիս 01,2005 00:00

Գազիֆիկացումը լուծում է սոցիալական խնդիրները Բայց՝ կյանքի գնով Գազի անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով միայն անցյալ տարի զոհվել է 25 մարդ, իսկ 6 հոգի ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Արտակարգ իրավիճակների վարչությունից (ԱԻՎ) ստացված այս տվյալները ստիպել էին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին երեկ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկում կազմակերպել գազամատակարարման համակարգի մի շարք պրոբլեմների մասին, որոնցից տուժում են սպառողները: Մասնավորապես խոսքը վերաբերում է լիցենզավորում ունեցող կամ չունեցող որոշ ՍՊԸ-ների աշխատանքին, որոնք առիթ-անառիթ գումարներ են կորզում բնակիչներից՝ գազիֆիկացումը կազմակերպելու համար ու տալով կասկածելի անդորրագրեր՝ հավիտյան անհետանում: Հաշվի առնելով, որ այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին որոշման նախագիծը՝ թերեւս կարելի է ասել, որ առերես քննարկումը ԱԻՎ-ի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչների հետ շատ տեղին էր: Բայց պարզվեց՝ նրանք եկել էին պարզապես տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ու ողջունելու իրենց կատարած աշխատանքները: «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանի խոսքերով՝ «մինչեւ 2001-ը ընդամենը 8-10 հազար բնակարան էր գազիֆիկացված: Եթե իմանայիք, թե ի՜նչ ծախսեր էին բնակիչներն անում, կզարմանայիք: Հիմա մենք աննախադեպ աճ ունենք՝ 80 հազարի սահմանն անցել ենք: «ՀայՌուսգազարդը», իրոք, մի մեծ բեռի տակ է մտել, որի արդյունքում ստեղծվել են նաեւ որոշ խնդիրներ, որոնք չէի ասի, թե սուր են»: Պարոն Հովսեփյանի նշած այդ «ոչ սուր» խնդիրներից մեկն էլ վթարներն են, որոնցից տարեկան տասնյակ մարդիկ թունավորվում են ու զոհվում: Բայց նա դա բացատրում է այսպես. «Այսքան բաժանորդների հետ, բնական է, որ նման բաներ կլինեին: Բայց եթե մեզ մոտ միայն թունավորման դեպքեր են, Ուկրաինայում եւ Վրաստանում նաեւ պայթյուններ են լինում»: Այս խոսքերի առնչությամբ դատախազության ներկայացուցիչներից մեկը կշտամբեց՝ «1 դեպքն էլ ողբերգություն է, իսկ Ուկրաինայում կատարվածը մեզ չի կարող սփոփել»: Ինչ վերաբերում է վթարների պատճառներին, պարոն Հովսեփյանի կարծիքով, «դրանք հիմնականում բնակչի ոչ տրամաբանական գործողություններն են, էլ չեմ խոսում անվտանգության տարրական կանոնները չպահպանելու մասին»: ԱԻՎ-ի պետի տեղակալ գնդապետ Գաբրիելյանը նշեց, որ Հրդեհի պետական տեսչության կողմից անցկացրած ստուգումները ցույց են տվել, որ խախտումները շատ են հատկապես մարզերում, որտեղ «հնարամիտ» բնակիչները փորձում են սեփական նախաձեռնությամբ խողովակներ գնել, եռակցել ու բնակարանը գազիֆիկացնել: Սպառողների խնդիրներից մեկը վերաբերում է վերը նշված ՍՊԸ-ների առկայությանը, որի առնչությամբ քննարկման մասնակիցները որեւէ լուծում չառաջարկեցին: Իսկ ՀԾԿՀ նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը նախագծի հետ կապված բոլոր հարցերը «լուծում» էր՝ «դեռ փաստաթուղթը ժամանակավոր է, հո նախագիծը դոգմա չէ, այդ հարցն ընթացքի մեջ է, շուտով կլուծվի» արտահայտություններով: Իսկ պարոն Հովսեփյանը սպառողներին ոգեւորում էր հետեւյալ հաշվարկներով՝ «Այժմ Հայստանում փայտի դեֆիցիտ կա, եւ գները շատ ավելի բարձր են, քան գազինը: Գազիֆիկացումը լուծում է ցանկացած սոցիալական խնդիր»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել