ՈՉ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԵՐԹՆ ԱՐԳԵԼՎԵՑ «Ազգային լիգա Հայաստանի անկախության համար» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել էր մայիսի 31-ին ոչ զանգվածային խաղաղ քայլերթ կազմակերպել Սարյանի արձանի տարածքից դեպի խորհրդարան եւ նախագահական նստավայր, որտեղ պիտի ԱԺ պատգամավորներին ու Ռոբերտ Քոչարյանին հանձնեին իրենց բողոք-գրությունները՝ բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման եւ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի դեմ: Նախաձեռնության անդամներն այդ մասին իրազեկել էին քաղաքապետարանին: Սակայն վերջինս արգելել էր՝ հիմք ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, այն է՝ իրազեկման քննարկման արդյունքում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է, եթե չեն ներկայացվել օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կամ բացակայում է պարտադիր որեւէ տվյալ: Ի դեպ, այս օրենքով տարբերակված են զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումները: Եվ «Ազգային լիգա Հայաստանի անկախության համար» նախաձեռնությունը օրենքով ընձեռված իրավունք ուներ ոչ զանգվածային երթ անցկացնել առանց որեւէ իրազեկման: Սակայն սաստիկ օրինապաշտությունն ուղղվել է նրանց դեմ: Քաղաքապետարանից ու ոստիկանության Երեւանի վարչությունից քայլերթի նախաձեռնողներին բազմիցս զանգերով զգուշացրել են, որ չհավաքվեն Սարյանի արձանի մոտ ու չքայլեն Բաղրամյան պողոտայի բանուկ մասով: Իսկ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ս. Աֆյանը տեղեկացրել է, որ միջոցներ կձեռնարկեն որոշումը կյանքի կոչելու համար: Ի վերջո, նախաձեռնության անդամները հավաքվել են նախատեսված վայրում, սակայն չեն շարունակել քայլերթը: Սեփ. լր.