Մոտավորապես
այս ոճով ինքն իրեն ներկայացրեց պարարվեստի մասնագետ Կարեն Գեւորգյանը Հայկական
ժողովրդական պարերը ծնունդ են առել հեռավոր դարերում, դեռեւս Հայաստանի պատմության
հեթանոսական շրջանում: Հայերիս համար խորեոգրաֆիկ ժառանգությունը հանդիսանում է այն
ամրակուռ հիմքը, որի վրա շարունակ կատարելագործվել է ժողովրդական պարարվեստը: Վերջինիս
նվիրյալներ Ա. Ղարիբյանը եւ Վ. Բորիսովը դեռ 1964թ. գրառելով մեր պարերը, նպատակ
ունեին այդ հարուստ ժառանգությանը ծանոթացնել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ ինքնագործ
կոլեկտիվներին: Դեռեւս հիշում ենք ԽՍՀՄ տարիներին անցկացվող պարի տոները, որոնց մասնակցում
էին նաեւ ինքնագործ խմբեր: Նման միջոցառումներն աչքի էին ընկնում հատկապես բարձր
կազմակերպվածությամբ: Վերջին 15 տարիներին պարարվեստի ոլորտն էլ դարձավ անկառավարելի:
Ավելին, ժամանակին գործող ինքնագործ պարային խմբերն այսօր իրենց հռչակել են պրոֆեսիոնալ:
Համախմբված լինելով նույն գաղափարի շուրջ, այն է՝ դարերից եկող ժողովրդական պարը
պահպանել ու փոխանցել հաջորդ սերնդին, մեր հանրապետության նման փոքր երկրում ստեղծվել
է երկու միություն: Պարարվեստի հայ երախտավորներից ոմանք հավաստիացնում են, որ պարարվեստի
գործիչներն ի սկզբանե համախմբված չեն եղել, վկայակոչելով այն փաստը, որ տարիներ շարունակ
իրենք անդամակցել են Թատերական գործիչների միությանը, չունենալով իրենց առանձին կառույցը:
Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, 1995-ին ստեղծվեց Հայաստանի պարարվեստի միությունը (նախագահ՝
մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների
թեկնածու Կարեն Գեւորգյան) եւ 2000-ին՝ Հայաստանի պարարվեստի գործիչների միությունը
(նախագահ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյան): Մեր փոքր երկրում երկու միությունների
առկայությունը խոսում է այսօր էլ պարարվեստի գործիչների ոչ համախմբված լինելու մասին:
Վերջին շրջանում տարբեր առիթներով՝ Պարարվեստի ուսումնարանի, միասնության
շուրջպարի, Պարի պետական անսամբլի ղեկավարի ընտրության, հոլովվում է Կարեն Գեւորգյան
անունը: «Առավոտը» հանդիպեց բալետմայստերին եւ ելնելով վերը նշվածից, ուղղեց միակ
հարցը՝ «Հանրապետությունում դուք անփոխարինելի մասնագե՞տ եք, ինչ է»: Ներկայացնում
ենք Կ. Գեւորգյանի խոսքը առանց մեկնաբանության: «Ո՞վ է ասում փոխարինող չկա: Փոխարինողը
կլինի նա, ով տարիներ շարունակ կտիրապետի այնքան ինֆորմացիայի այս ոլորտում, ինչքան
ես ունեմ: Այո, անվանս շուրջ եղել են սկանդալներ եւ պատրաստվեք նոր սկանդալների:
Տեղեկացնեմ միայն, որ անկուսակցական եմ, մշակույթի մարդ եմ ու զբաղված եմ իմ գործով:
Հետաքրքիր է՝ ո՞վ կբերի վերջին տասը տարվա ընթացքում պարարվեստի ոլորտում իմ կողմից
կամ ղեկավարությամբ կատարված կազմակերպչական, գիտական, ստեղծագործական աշխատանքների
ու աշխատությունների ցանկ: Կազմակերպչական առումով ինձ վստահված է եղել Համահայկական
խաղերի, Անկախության օրվան, «Էրեբունի-Երեւան» պետական կարգավիճակ ունեցող միջոցառումների
պատասխանատվությունը, գիտական գծով գրքերի տպագրություն ու մեթոդական ձեռնարկներ:
Ո՞վ է էս տասը տարիների ընթացքում եթերից ծանոթացնում հայկական պարարվեստին (նկատի
ունի «Պարատուն» հաղորդաշարը), հրատարակում «Պարատուն» ամսաթերթը: Բանահավաքչական
աշխատանքների արդյունքում ո՞վ 250 ազգային պարեր հայտնաբերեց: Հայկական պարարվեստի
երախտավոր Սրբուհի Լիսիցյանի 3 հատորներից մոտ 350 պար ո՞վ վերծանեց ու նկարահանեց:
Միջազգային ասպարեզում ո՞ւմ ղեկավարած պարային խումբը շահեց ոսկե մեդալ (նկատի ունի
«Բերդ» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է), որը մեկ երեկոյի ընթացքում դուրս
է գալիս երեք բաժին ծրագրով ու համապատասխան բեմադրություններով եւ տարազներով: Ո՞վ
է տասը տարի շարունակ ղեկավարում Հայաստանի պարարվեստի միությունը, որի աշխատանքների
շնորհիվ մոտ 10 պարային անսամբլ տարեկան մասնակցում է արտերկրյա միջազգային փառատոների:
Շուտով լույս կտեսնեն իմ հեղինակած «Պարի այբբենարանը», «Սկսնակ պարախմբում պարային
շարժումների ուսուցման մեթոդները», «Ազգային պարարվեստի դերը երեխայի բարոյահոգեբանական
կերտվածքի ձեւավորման գործում» գրքերը: Ես բացատրելու ոչինչ չունեմ: Աշխատում եմ
ու աշխատում, եւ այդ աշխատանքը ինձնից խլում է առանց դադարի օրական 20 ժամ մինիմում:
Կարծում եմ, այսքանով կբավարարվեն իմ անունը հոլովողները»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ