Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՎԵՐՑՐԵՔ ՁԵՐ ԹՈՒՂԹԸ ԵՎ ԳՆԱՑԵՔ»

Հունիս 01,2005 00:00

Կոալիցիայի
եւ նրա՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին ասում է ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն
Արսենյանը: – Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք բացատրում կոալիցիայի այն պահվածքը,
որը դուք պատկերավոր համեմատեցիք մատները «ռուբիլնիկի» մեջ մտցնելու հետ, ինչպե՞ս
եք բացատրում կոալիցիայի այս «ինքնահրկիզման» ցանկությունը: – Հարցն ինքնահրկիզումը
չէ, նրանք երկիրն են հարվածի տակ դնում. եվրոպական կառույցներում չեն տվել «Հանրապետականի»,
Օրինաց երկրի կամ Դաշնակցության անունը, տվել են Հայաստանի Հանրապետության անունը,
հայկական իշխանությունների անունն են տվել, որի մի մասը ես եմ։ «Պադստավկա» են անում
բոլորիս, այդքան է իրենց խելքը, այդքան է իրենց հեռատեսությունը եւ պատասխանատվությունը
երկրի հանդեպ, արդեն ես հասկանում եմ, որ այսուհետեւ սրանց բոլոր քայլերին պետք է
հետեւել: Ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնել, իրենք ամեն ինչում կարող են հարվածի
տակ դնել երկիրը: – Սակայն դուք խոսում եք երկրի համար պատասխանատվություն
ստանձնած քաղաքական ուժերի մասին, որոնք համախմբվել են եւ փորձում են իրականացնել
մեկ միասնական ծրագիր, ի՞նչ հիմքով եք նման հայտարարություն անում: – Դուք
հիշում եք՝ ես ԱԺ ամբիոնից էլ եմ հայտարարել. այն ծրագիրը, որ իրենք փորձում են իրականացնել,
եւ այն, ինչ գրված է թղթի վրա, իրար չեն համապատասխանում: Իրենք փորձում են մեր երկիրը
վերածել բոստանի: Սա Հայաստանի Հանրապետությունն է: Հայ ժողովուրդը իր 1500-ամյա
պատմության մեջ գրում է իր կյանքի ամենափառահեղ էջերը, եւ մենք չենք թողնի, որ իրենք
իրենց մատներով մտնեն այդ փառահեղ էջերի մեջ ու աղտոտեն: Մենք գործ ենք անում, երկիր
ենք ստեղծում եւ թույլ չենք տա, որ այս ընթացքը խաթարվի: – Դուք ի՞նչ եք կարծում,
Հայաստան ժամանող վենետիկցիների հետ կոալիցիան պատրաստ կլինի՞ քննարկումներ կատարել
եւ ընդունել արված առարկությունները եւ ըստ այդմ՝ շտկումներ կատարել: – Ի՞նձ
եք հարցնում, չգիտեմ: Իսկ այն, ինչ մենք երկրի համար լավ եւ ճիշտ ենք համարում, գրել
եւ դրել ենք սեղանին, եւ գրել ենք գիտական աշխատություն, շատ մշակված, հղկված, որն
ընդամենը իրավաբանական տեխնիկայից բխող խմբագրումների կարիք ունի: Մենք դա արել ենք,
պարտավոր էինք անել եւ մեր ժամանակը ծախսելով արել ենք: Հիմա եթե Վենետիկի հանձնաժողովը
կգա եւ իրենց կողմից գրված «թելադրությանը» «երկուսից հանած» կնշանակի, թող գնան
գրագիտություն սովորեն, իրավաբանական տեխնիկա սովորեն, ժողովրդավարության սկզբունքները
սովորեն, որ հետո կարողանան իրենց «թելադրության» մեջ արտացոլել: – Նախագահի
ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, պատասխանելով մեր հարցին, թե ՄԱԿ-ի սահմանադրական
նախագիծը կարծես ավելի համահունչ էր նույն Վենետիկի առաջարկներին, ինչո՞ւ սա չդարձավ
հիմք, ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ նա ավելի ճիշտ էր մեր երկրի համար», եւ ասվեց, որ
դրանք մեր երկրի առանձնահատկություններին համահունչ չեն: – Մենք ասացինք:
Եվ մենք բացարձակապես չենք կիսում այդ տեսակետը: Այդ տեսակետը հիմնավորված չէ, եթե
հիմնավորումներ ունի, թող ներկայացնի եւ ոչ թե «լոլո» կարդա: Թող հիմնավորի՝ ինչո՞վ
մեր նախագիծը չի համապատասխանում մեր երկրի առանձնահատկություններին: Եթե մենք երկիր
ենք, մեր միակ առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մեր երկրի քաղաքացիները լավ
ապրեն: Սա պետք է լինի մեր երկրի առանձնահատկությունը, ուրիշ առանձնահատկություն
մեր երկիրը չպետք է ունենա: Իսկ մնացած, այսպես կոչված, առանձնահատկությունները բխում
են իրենց չկայացած, չհիմնավորված, բայց իրացվող ամբիցիաներից: Երբ մենք ասում էինք
«դեզինտեգրման նախագիծ», ոմանք նեղացան, հիմա ձեզ եմ հարցնում՝ Վենետիկի ներկայացրած
կարծիքը չի՞ ապացուցում, որ մեր ասածը ճիշտ էր, որ կոալիցիան իրոք ներկայացրել է
«դեզինտեգրման» նախագիծ: – Դուք, անշուշտ, հանդիպելու եք Վենետիկի հանձնաժողովի
անդամներին, ի՞նչ եք ասելու: – Ոչ մի բան չենք ասելու, մեր նախագիծը, վերջնականը,
ճիշտ թարգմանված անգլերեն տեքստը տալու ենք իրենց: Շեշտում եմ՝ ճիշտ թարգմանված,
քանի որ անցած անգամ սխալ էին թարգմանել եւ նենգափոխել էին: Հիմա մենք ճիշտ թարգմանված
մեր նախագիծը տալու ենք իրենց, ասելու ենք՝ համեցեք, սա այն «թելադրությունն է»,
որը դուք պետք է թելադրեք սրանց, փորձեք թելադրել, տեսնենք ի՞նչ կստացվի: Եթե վենետիկցիք
իրենց բացատրեն, գուցե կհասկանան որոշակի դրույթներ, որ կոչվում են ժողովրդավարության
իրավական ապահովում: – Սակայն կարծես թե այլեւս սահմանադրական նախագիծը փոխելու
ձեւ չկա, արդեն խորհրդարանը այն ընդունել է առաջին ընթերցմամբ, իսկ խորքային փոփոխություն
առաջինից երկրորդ ընթերցում հնարավոր չէ: – Ձեւ կա, կա ձեւ: Բոլորս միասին
«ոչ» ենք ասում, ու կասենք՝ հաջողություն ձեզ: Դա մեր երկրի պատվի հարցն է: Ասում
ենք՝ «ՈՉ», վերցրեք ձեր թուղթն ու գնացեք, դուք արդեն դուրս եք եկել ուրիշ դաշտ:
– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ կոալիցիան հենց դա էլ ուզում է՝ լսել այդ
«ոչ»-ը: – Ամեն ինչի ցանկություն հնարավոր է, որ լինի, ամեն ինչի ցանկությունը
արդարացված եւ հիմնավորված է: Եվ այդ ցանկությունների իրականացման կիրառական փորձը
բերում է տարբեր հետեւանքների: Հետեւանքների մասին մենք հետո կխոսենք իրենց հետ՝
«լավ»-ով կամ էլ «վատ»-ով: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել