Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

GRECO-Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՍՈՂԱՆՑՔՆԵՐԸ

Հունիս 01,2005 00:00

Պարզաբանում
է Նախագահի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով խորհրդական, Հակակոռուպցիոն ռազմավարության
իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը: Արդեն հաղորդել
ենք, որ Հայաստանում հակակոռուպցիոն դիտարկման շրջանակներում մեր երկրում է կոռուպցիայի
դեմ պայքարող երկրների խմբի (GRECO-ի) փորձագետների պատվիրակությունը: Նախօրեին
հանդիպման ընթացքում նրանք հետաքրքրվել էին, թե ի՞նչ խնդիրներ են ծագել Հակակոռուպցիոն
ռազմավարության ծրագրի իրագործման ընթացքում: Մեր հարցին, թե ինչ է պատասխանել իրենց՝
նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն ասաց. «Հարցն այն էր, թե արդյոք եղե՞լ են խոչընդոտներ,
կամ հետաձգվե՞լ են այն միջոցառումները, որոնց ցանկը ներկայացված է Հակակոռուպցիոն
ռազմավարության ծրագրում: Սակայն մեր ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003-2004-ին
նախատեսված միջոցառումներից ժամանակին չի իրականացվել միայն մեկը, որը կառավարության
կողմից ընդունվելիք կարգ էր: Այն էլ հետաձգվել էր, քանի որ դրան վերաբերող օրենքը
խորհրդարանն ընդունել էր միայն 2004-ի դեկտեմբերին»: GRECO-ի փորձագետների մյուս
հարցի առնչությամբ, թե Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ինչպե՞ս է
ընթանում համագործակցությունը ներգրավված կողմերի միջեւ՝ պրն Եսայանը պարզաբանեց,
թե նկատի ունեին, թե «արդյոք դժվարություններ չե՞ն առաջանում այն 10 բարձրաստիճան
պետական պաշտոնյաների համագործակցության առումով, որոնք ընդգրկված են խորհրդում,
քանի որ նրանք բազմազբաղ են: Մեր պատասխանն էր, թե խորհրդի գործունեության կարգը
նախատեսված է ՀՀ նախագահի հրամանագրով, եւ այդ շրջանակներում որեւէ խնդիր չի առաջանում՝
համագործակցության առումով»: Մեր հարցին, թե արդյոք GRECO-ի փորձագետների
համար խնդրահարո՞ւյց չէ այն հանգամանքը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումից
ի վեր Հայաստանում չի բացահայտվել կոռուպցիային առնչվող որեւէ լուրջ դեպք՝ նախագահի
խորհրդականը պատասխանեց. «Պատվիրակության այցը կապված չէ կոռուպցիոն որոշակի դեպքերի
բացահայտման կամ չբացահայտման հետ: Դիտարկումն առնչվում է 20 հիմնարար սկզբունքներից
7-ին, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում օրենսդրական կարգավորմանը եւ մարմինների
լիազորություններին, իշխանությունների հավասարակշռության սկզբունքին, կոռուպցիոն
հանցագործություններից խուսափելու հնարավորությանը եւ այլն»: Որոշ մեջբերումներ
ներկայացնենք այդ սկզբունքներից: GRECO-ի փորձագետները փորձում են համոզվել, որ այն
մարմինները, որոնք պատասխանատու են կոռուպցիայի կանխարգելման, հետաքննության եւ արդարադատության
իրականացման համար՝ վայելում են անկախություն եւ ինքնուրույնություն, ազատ են ոչ
օրինական ազդեցություններից. «Եվ ունեն արդյունավետ միջոցներ՝ ապացույցներ հավաքելու,
կոռուպցիայի դեմ պայքարում իշխանություններին օգնող անձանց պաշտպանելու ու նախաքննության
գաղտնիությունը պահպանելու հարցում»: Բացի այդ՝ նրանք ցանկանում են համոզվել, որ
հարկային մարմինները մասնակցում են կոռուպցիայի դեմ պայքարին՝ «մասնավորապես մերժելով
հարկային արտոնությունները»: Սկզբունքներից մեկն էլ այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարին
առնչվող դեպքերում պիտի ամեն տեսակետից հաշվի առնվի «կազմակերպված հանցավորության
եւ փողերի լվացման հետ բոլոր հնարավոր կապերը»։ Եվ վերջապես՝ GRECO-ն ցանկանում է
«համոզվել, որ պետական պաշտոնյաների իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող
կանոնները հաշվի են առնում կոռուպցիայի դեմ պայքարի պահանջները եւ առաջարկում համապատասխան
ու արդյունավետ կարգապահական միջոցառումներ»։ Ի դեպ, փորձագետները դիտարկում
են նաեւ GRECO-ի համաձայնագրի դրույթների կատարման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի
առկայությունը: Իսկ համաձայնագրի հոդված 23-ի համաձայն՝ պետք է ընդունվեն այնպիսի
օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին՝
«պահանջել, որ բանկային, ֆինանսական կամ առեւտրային հաշվետվությունները հասանելի
դառնան կամ առգրավվեն», իսկ բանկային գաղտնիքը չպետք է խոչընդոտ լինի նման միջոցներ
ձեռնարկելու համար: Թե ինչ եզրակացությունների են հանգել GRECO-ի փորձագետները
իրենց առաջադրած սկզբունքները Հայաստանում ապահովված լինելու վերաբերյալ՝ պարզ կդառնա
ամիսներ անց, երբ պատրաստ կլինի նրանց զեկույցը: Սակայն հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ
է դիտարկում՝ որքանով է արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքարը՝ Բագրատ Եսայանը պատասխանեց
բացասաբար. «GRECO-ն մեխանիզմ չունի անցկացնելու նման դիտարկում: Սակայն կա փորձ,
թե տարբեր երկրների ինչ երաշխավորություններ են տրվել՝ դրանք վերաբերում են համակարգային
փոփոխություններին, որոնք նպատակաուղղված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը ոստիկանության,
դատական, մաքսային, հարկային եւ այլ համակարգերում: Այս հանդիպումների ընթացքում
նրանք կփորձեն բացահայտել այն սողանցքները, որոնք առկա են մեր օրենսդրության մեջ,
եւ դրանց վերաբերյալ Հայաստանը կստանա երաշխավորություններ, որոնք պարտադիր կլինեն
կատարման համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել