Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՍԿԵՊՏԻԿՆԵՐԻ»

Մայիս 31,2005 00:00

«ԵՎՐԱՍԿԵՊՏԻԿՆԵՐԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ Եվրոպայում տեղի ունեցավ «աշխարհաքաղաքական երկրաշարժ», սակայն տակավին վաղ է խոսել Եվրամիության համապարփակ ճգնաժամի մասին: Որոշ եվրոպացի վերլուծաբաններ հենց այսպես են բնութագրել կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Ըստ այդմ, միասնական Եվրասահմանադրության նախագիծը, որն, ի դեպ, մշակվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժեսկար դ՛Էստենի ղեկավարությամբ, մերժվել է քվեարկությանը մասնակցած ֆրանսիացիների 55 տոկոսի կողմից: Իր ծավալներով եւ հզորությամբ Եվրոպայում երկրորդ տնտեսությունն ունեցող այս երկրում ԵՄ Սահմանադրության տապալումը, այնուամենայնիվ, հին աշխարհամասում սկզբունքորեն նոր գործընթացների տեղիք կարող է տալ: Մի շարք տեղական դիտորդներ հակված են դրանց թվում նշել ապաինտեգրացիոն երեւույթներն ու, այսպես կոչված՝ եվրասկեպտիցիզմի հետագա ահագնացումը: Իսկ որո՞նք են քվեարկության բացասական արդյունքների պատճառները, թեեւ հարկ է նշել, որ այս պարագայում «բացասական» բառը միանգամայն հարաբերական արժեք ունի, քանի որ, ինչպես ցույց տվեց վերոհիշյալ հանրաքվեն, տվյալ դեպքում ֆրանսիացիների մեծամասնության համար բացասական արդյունք կդիտվեր Եվրասահմանադրության ընդունումը: Տեղացի վերլուծաբանները նշում են, որ այն, ինչ տեղի ունեցավ՝ գերազանցապես ընտրողների լայն զանգվածների արձագանքն էր Եվրամիության «հապճեպ ու չհիմնավորված» ընդլայնմանը Արեւելյան Եվրոպայի եւ մերձբալթյան երկրների հաշվին: Հանրային զգացումներն առավել պատկերավոր է ներկայացնում հեղինակավոր «Le Figaro» թերթը. «Ֆրանսիացիները հանկարծ տեսան, որ հայտնվել են մի Եվրոպայում, որն իրենք չեն հասկանում»,- խտացնում է թերթի մեկնաբանը՝ հանրաքվեի արդյունքներին նվիրված խմբագրականում: Ըստ այդմ, շեշտվում է հատկապես այն հանգամանքը, թե վերջին տարիներին սոցիալ-տնտեսական նկատելի լարումներ ապրող շարքային ֆրանսիացիներին ամենեւին հոգեհարազատ չեն եվրաինտեգրման շրջանակներում տեղի ունեցող գլոբալիզացիոն գործընթացները: Կատարվածին հարաբերականորեն հանգիստ է վերաբերվել նախագահ Ժակ Շիրակը, թեեւ շատերի կարծիքով՝ այս հանրաքվեն նշանավորեց ընդգծված «եվրաջատագով» Շիրակի քաղաքական կարիերայի վախճանը: «Ֆրանսիան մերժեց ԵՄ Սահմանադրությունը: Ես հարգում եմ մարդկանց ընտրությունը: Ֆրանսիան կշարունակի համապատասխան տեղ զբաղեցնել ԵՄ-ում: Այդուհանդերձ, փաստաթղթի վավերացումից հրաժարվելը դժվարություններ կստեղծի Եվրոպայում Ֆրանսիայի շահերի պաշտպանության համար»,- ըստ AFP-ի՝ իր ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Շիրակը հաղորդել է նաեւ, թե Սահմանադրության վավերացման գործընթացը կշարունակվի եվրոպական մյուս երկրներում: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, թե մտադիր չէ պաշտոնից հեռանալ հանրաքվեի տապալման դեպքում: ԵՄ Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ անդամ բոլոր 25 պետությունները վավերացնեն այն: Մինչ օրս փաստաթուղթը վավերացրել է 9 պետություն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել