Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԾԵԾՈՒՋԱՐԴ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ

Մայիս 31,2005 00:00

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԾԵԾՈՒՋԱՐԴ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ Իրավապահները՝ աջակցելով գործող քաղաքապետին, պատժիչ գործողություններ իրականացրեցին նրա մրցակցի կողմնակիցների դեմ: Մեր այն հույսերը, թե Իջեւանի քաղաքապետի քիչ թե շատ քաղաքակիրթ ընտրություններից հետո գոնե ՏԻՄ մակարդակում ընտրական գործընթացները, թերեւս, նորմալ կարող են անցնել՝ անցած կիրակի Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ չիրականացան: Ակնհայտ դարձավ եւս մեկ փաստ՝ մահակներով ծեծվելու, «էլեկտրաշոկերի» հարվածներից սարսափի մատնվելու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել: Բավարար է միայն այն, որ մարդը պարզապես ընդվզում է ընտրակեղծիքի դեմ կամ պահանջում է թափանցիկ ընտրություն անցկացնել: Հիշեցնենք, որ Հրազդանում առաջադրված երկու թեկնածուներից մեկը՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ՀՀԿ անդամ է ու վայելում է նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի աջակցությունը, մյուսին՝ դպրոցի տնօրեն Արթուր Շաբոյանին աջակցում էր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» նորաստեղծ կազմակերպության հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանը: Ըստ որոշ տեղեկությունների, այս թեկնածուի կողմն էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համակրանքը: Իսկ քվեարկության օրը ծեծված ու վնասվածքներ ստացած մարդիկ բացառապես Ա. Շաբոյանի համակիրներն էին: Դատելով ծեծողների (Դանիելյանի թիմի) եւ ծեծվողների (Շաբոյանի թիմի) թիկունքում կանգնած ծանրակշիռ պետական այրերից՝ պետք է ենթադրել, որ Հրազդանի ընտրությունները կդառնան ոչ միայն միջազգային կառույցների քննադատության, այլեւ ներիշխանական «ռազբորկաների» առարկա: Շուրջ 41 հազարանոց ընտրողներ ունեցող այս քաղաքում անցյալ կիրակի ընտրություններն անցել էին բարձր ակտիվությամբ: Ընտրությունների էր մասնակցել 22113 ընտրող: Գործող քաղաքապետի օգտին քվեարկել էր 10482 ընտրող, Արթուր Շաբոյանի օգտին՝ 10133: Տարբերությունը գրեթե աննշան էր՝ 369 ձայն, այն դեպքում, երբ միայն անվավեր ճանաչված քվեաթերթիկները 1209 էին: Ընդ որում, դատելով ընտրական հանձնաժողովներում ներկայացված, նաեւ որպես վստահված անձ արդյունքների ամփոփմանը ներկա Ա. Շաբոյանի համակիրների խոսքերից՝ անվավերների մի զգալի մաս քվեարկած է եղել հատկապես այդ թեկնածուի օգտին: Ոստիկանների կողմից նախորդ օրը բռնությունների ենթարկված մարդիկ եւ Ա. Շաբոյանի համակիրները՝ շուրջ 1000 հոգի, երեկ հավաքվել էին Հրազդանի մարզպետարանի շենքի մոտ ու միաժամանակ ե՛ւ արդար ընտրություններ, ե՛ւ մարզպետի ու քաղաքապետի հրաժարականն էին պահանջում: Ցուցարարներից մեկը՝ Աստղիկ Հարությունյանը, որ տարեց կին էր ու Ա. Շաբոյանի թաղը համարվող թիվ 9 դպրոցում տեղակայված 41/13 ընտրատեղամասում Ա. Շաբոյանի վստահված անձը, պատմեց, որ ինքը ծեծի է ենթարկվել սեւ դիմակավորների կողմից: Նա պատմեց, որ ժամը 16-17-ի սահմաններում, երբ ընդմիջում անելու համար դուրս էր եկել տեղամասից եւ դպրոցին հարող տարածքում կանգնած մեքենայի մեջ հաց ուտելիս է եղել, «մեկ էլ մի մեքենա սիգնալներով էկավ, կանգնեց, իջան սեւ դիմակներով ոստիկաններ ու հարձակվեցին մեր վրա, հացը ոտքի տակ տվեցին… Ասում էին, իբր, էդ ավտոմեքենայի մեջ փող են բաժանում: Էն ինչ ջարդ տվեցին մեզ: Վախից չորացել էինք: Մարդիկ սկսեցին գոռալ, իրար հրմշտել: Ժողովուրդը տեղամասից հեռու տարածքում պարզապես կանգնած էր, ոստիկանները շղթա կազմեցին, մեզ օղակի մեջ առան ու սկսեցին ծեծել, չէին թողնում, որ առաջ գնանք: Գազը փչում էին մռթներիս, լույսը քցում էին մեր վրա (կողքից հուշեցին, որ դա էլեկտրաշոկ է եղել.- Ն. Մ.), բժժում, ընգնում էինք: Չգիտեմ որ մեկի դուբինկան էլ իմ գլխին իջավ, աչքերիս առաջ սեւացավ»,- պատմում էր լացակումած Աստղիկ Հարությունյանը: Ի դեպ, ականատեսների ասելով, մարդկանց «սամասուդ» անող իրավապահները ոչ ավտոմեքենայից, ոչ ծեծի ենթարկված մարդկանց մոտից այդպես էլ փող չէին հայտնաբերել: Պատժիչ եւ մի գործողություն տեղի էր ունեցել արդեն գիշերվա կեսին: «Տեղամասային ընտրական հանձնաժողովը ուշացնում էր թիվ 5 դպրոցում տեղակայված 41/14 տեղամասի արդյունքները հրապարակել: Մենք գնացել էինք դպրոցի մոտ, որ տեսնենք՝ ինչ է կատարվում: Մենք, որպես մեր ձայնի իրավունքը պաշտպանողներ, տո 50 չէ, մի 150 մետրի վրա հանգիստ կանգնած սպասում էինք, որ թիվ ասեն: «ՕՄՕՆ» կոչեցյալներն իրենց ավտոմեքենաներով եկան ու հարձակվեցին մեր վրա: Չհասկացանք ինչի համար»,- ասում էր մահակով գլխին հարված ստացած մի տղամարդ: Այս միջադեպի արդյունքում Ա. Շաբոյանի եւս մի համակիր՝ Էդիկ Տիգրանյանը դեմքի վնասվածքով տեղափոխվել էր Հրազդանի հիվանդանոց: Հանուն արդարության պետք է ասել, որ Հրազդանում գտնվող ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Աննա Ալեքսանյանը, Եղիշ Տերտերյանը, Զավեն Պլուզյանը, Սեւակ Առաքելյանը չեզոք դիրք էին գրավել։ Իսկ ահա թիվ 41 ԸԸՀ նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի կողմից նշանակված Գարեգին Գյուրջյանը, որ փորձում էր ներկայանալ որպես անկողմնակալ մարդ, պարզվեց՝ շատ սերտորեն է համագործակցում գործող քաղաքապետի շտաբի հետ: Համենայնդեպս, մենք Ա. Դանիելյանի շտաբ կատարած մի այցի ժամանակ նրան տեսանք շտաբի անդամների ընկերակցությամբ՝ ինչ-որ թղթեր ձեռքին: Լրագրողներին տեսնելու անպատեհությունից անակնկալի եկած Գյուրջյանը արագորեն լքեց շտաբը: Ի դեպ, երեկ առավոտյան էլ, երբ մենք փորձեցինք ԸԸՀ նախագահ Գագիկ Հարությունյանից ճշտել, թե ինչպես է անցել քվեարկության օրը եւ արդյո՞ք միջադեպեր չեն եղել, նա մեզ հանգիստ պատասխանեց. «Պրոբլեմ չի եղել»: Ընտրություններից գոհունակություն հայտնեց նաեւ գործող քաղաքապետ Ա. Դանիելյանը: Երեկ, երբ դարձյալ Հրազդանում էինք, ԸԸՀ նախագահը էլի պնդում էր, թե տեղի ունեցած միջադեպի մասին ինքը տեղյակ չէ. «Միջադեպ կոչվածը շատ ընդարձակ իմաստ ունի: Ի՞նչ է նշանակում միջադեպ»,- մեզ էր հարցնում ԸԸՀ նախագահը: Երեկ ԸԸՀ-ն ստացել էր 23 դիմում-բողոք, որոնք պահանջում են բացել տեղամասերը՝ այն հիմնավորմամբ, որ բոլոր տեղամասերում խախտվել են ընտրողի ընտրական իրավունքները: Բոլոր դիմում-բողոքները ներկայացրել էր Ա. Շաբոյանի նախընտրական շտաբը: Այսօր հիշյալ բոլոր տեղամասերում վերահաշվարկ է կատարվելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031