Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ

Մայիս 31,2005 00:00

ԴՈՒՔ ԱՐՏՈՆՅԱ՛Լ ՉԵՔ Կոպտում է ԱԱԾ-ն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ այդ անկախ մարմինն անվանելով «պետական օղակ»: Իսկ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է նամակներով դիմել երկրի ղեկավարությանը: Կիրակի երեկոյան դատարանը Պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի քարտուղար Սերոբ Անտինյանի խափանման միջոց է ընտրել կալանքը: Նիստը նախագահել է Հրաչյա Հովհաննիսյանը, որ նախկինում արդարադատության նախարարության աշխատակից էր: Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սերոբ Անտինյանը ձերբակալվել էր խարդախության համար, երբ Նալբանդյան փողոցում գտնվող մի ռեստորանի տիրոջից փորձել էր 300 դոլար շորթել բարձր երաժշտության եւ աղմուկի առնչությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերը ստուգելուց հետո խախտում չարձանագրելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ այս գործն ուղեկցվել է Հայաստանում պրակտիկա դարձած անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմամբ ու անտեսմամբ եւ ամեն ինչ արվել է, որ «եւս մեկ անգամ բացասական հնչեցվի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անունը»: Պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու եւ գիտավերլուծական խմբի ղեկավար Ժորա Խաչատրյանը, որ ներկա էր եղել այդ դատին՝ պատմեց. «Դատավորը հայտարարեց, թե բա որ դատավորներին կալանավորում էին՝ նույն ձեւով հայտարարություններ եղան: Ես էլ ասացի, թե՝ դա հենց քննչական մարմնի մեղքն է, որ ոչ միայն չի կանխում, այլ նաեւ տվյալներ է տրամադրում եւ հրապարակում, որի շուրջն էլ ստեղծվում է հասարակական կարծիք եւ այն կաշկանդում է դատարանին խափանման միջոց ընտրելիս եւ հետագայում էլ՝ պատժաչափ սահմանելիս»: Պաշտպանի աշխատակազմից համակարգչի հիմնական բլոկը (պրոցեսորը) եւ փաստաթղթեր առգրավելու գործողությունները Ժորա Խաչատրյանը գնահատեց «անօրինական»: Կատարվածին հաջորդած հայտարարության մեջ Լարիսա Ալավերդյանը նշել էր, թե շենքի պահպանումն իրականացնող Ոստիկանության Պետական պահպանության վարչության ղեկավարությունը իրենց պաշտոնապես չի տեղեկացրել մուտքի դուռը բացելու մասին. «Համակարգչի առգրավման վերաբերյալ մինչ այժմ ինձ ներկայացված չեն այդպիսի դեպքերի համար օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը: Չկան գրավոր հավաստիացումներ, որ համակարգչում եղած կոնֆիդենցիալ տեղեկատվությունը չի տարածվի եւ չի օգտագործվի ի վնաս Պաշտպանի գրությունների հասցեատերեր հանդիսացող բողոքատուների եւ պաշտոնատար անձանց: Անկախ հարուցված քրգործի էությունից, հարկ եմ համարում նշել Պաշտպանի գրասենյակում օպերատիվ գործողությունների իրականացման վերաբերյալ նման գործողությունների անթույլատրելիությունն առանց Պաշտպանի, նրա որեւէ ներկայացուցչի կամ նրա կողմից լիազորված անձի իրազեկման եւ ներկայության: Նման գործողությունների անիրավաչափությունը հանդիսանում է Պաշտպանի գործունեության անկախության երաշխիքների աննախադեպ խախտում»: Լարիսա Ալավերդյանն ակնկալիք էր հայտնել, որ համապատասխան մարմինները կտան համարժեք գնահատական, ինչը կբացառի նման գործողությունները հետագայում: Մինչդեռ երեկ տարածված մի նոր հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտարարել է, թե իրենց բոլոր գործողությունները կատարվել են «Քրեական դատավարության» օրենսգրքին համապատասխան, իսկ պրոցեսորի զննումն իրականացվել է Սերոբ Անտինյանի եւ նրա պաշտպանի մասնակցությամբ. «Վերծանման է ենթարկվել միայն այն փաստաթուղթը, որն առնչվել է գործի նյութերին, իսկ պրոցեսորը նույն օրը վերադարձվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ»: ԱԱԾ-ն նաեւ նշել է, թե «բարձրացված աղմուկն անհիմն է, քանզի ինչպես պետական բոլոր օղակները, այնպես էլ Մարդու իրավունքների աշխատակազմը ենթարկվում են ՀՀ օրենսդրությանը, եւ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջեւ հավասարության սկզբունքից ելնելով՝ որեւէ արտոնյալ կարգավիճակ չի կարող ունենալ»: Սա միակ արձագանքն է Պաշտպանի հայտարարությանը: Լարիսա Ալավերդյանը մեր զրույցի ընթացքում նշեց, որ այսօր էլ իր տրամադրության ներքո չկա գրավոր որեւէ հանգամանալից պարզաբանում, թե որոշակիորեն ինչի հիման վրա են բացել իրենց դուռը: Պաշտպանը եւս մեկ անգամ մտավախություն հայտնեց, թե իրենց տեղեկատվության այսպիսի գաղտնազերծումից հետո հետապնդումներ չեն լինի իրենց դիմումատուների եւ նրանց հարազատների հանդեպ՝ հղված բողոքների առնչությամբ. «Այսօր խիստ անհանգստացած ենք հենց այդ ռեստորանի հարցով դիմած մեր բնակչուհու վիճակով եւ պատրաստում ենք առանձին նամակ»: Լարիսա Ալավերդյանն ասաց, որ նամակներ են պատրաստում ՀՀ նախագահին, վարչապետին, նաեւ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը: Ի դեպ, տեղեկացրեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է այս առնչությամբ հետաքրքրվել եւ հանդիպում նախաձեռնել. «Այսպիսի դեպքերը չեն անցնում անհետեւանք: Հարցն այն է, որ ժամանակին ծանոթ այս ձեռագիրը, թվում էր, թե արդեն վաղուց չկա: Բայց կատարվածն այնքան է հիշեցնում ոչ այնքան վաղ անցյալը, որ իրենք, անշուշտ, պիտի անպայման հետաքրքրվեին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031