Այդ խոսքերով էր դատավորը հանդիմանում իրենց պալատի նախագահի պաշտոնի համար կռվող փաստաբաններին:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) սկսվեց Հայաստանի փաստաբանների միության անդամներ Էդուարդ Չինարյանի, Համլետ Ստեփանյանի եւ Ռազմիկ Դավթյանի հայցադիմումի քննությունը՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների, կարգապահական, որակավորման հանձնաժողովների անդամների եւ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարների ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջով: Պատասխանող են ճանաչվել երեքը՝ ՀՀ փաստաբանների միությունը, Փաստաբանների միջազգային միությունը եւ ՀՀ ամենատարեց փաստաբան, գյումրեցի Հակոբ Հակոբյանը (նա էր Փաստաբանների ընդհանուր ժողովի նախագահողը), որոնք դատական նիստին չէին ներկայացել: Պատշաճ ծանուցված է եղել նաեւ երրորդ անձ ճանաչված 27 փաստաբան, որոնցից երեկ ներկա էին Կրոմվել Գրիգորյանը, Վարդան Սաֆարյանը եւ Համազասպուհի Գրիգորյանը: Հայցվոր փաստաբանները գտնում էին, որ ընտրությունները «չեն կայացել»: Վկայակոչելով իրենց օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը, որտեղ ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ, նրանք հայցապահանջում նշել էին, որ քանի որ 385 փաստաբան է մասնակցել պալատի հիմնադիր ժողովին եւ ձայների պարզ մեծամասնությունը համարվում է 193 ձայնը, ուստի «վերը նշված ոչ մի մարմնի անդամ չի ստացել ձայների 50% +1 ձայնը»:
Մարտի 20-ին պալատի նախագահ ընտրված Ենոք Ազարյանի կողմնակիցներն իրենց հայցապահանջի ենթատեքստում դրել էին նույն դատավոր Ռուբեն Ներսիսյանի ապրիլի 12-ի վճիռը, որով չկայացած համարվեց միայն պալատի նախագահի ընտրությունը: Այդ՝ նախորդ գործով պատասխանողները այժմ գտնում են, որ եթե «չկայացած» համարվել է պալատի նախագահի ընտրությունը, ապա նույն հիմքով չկայացած պետք է համարվեն նաեւ ողջ ընտրությունները: Երեկ հայցվորները ցանկացած ընտրության արդյունք հրապարակելիս, իրենց հայցապահանջում ձեւակերպումն արել էին այսպես. «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներ էին իբր ընտրվել», «ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամներ են իբր ընտրվել», «ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամներ են իբր ընտրվել» եւ «Պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է իբր ընտրվել» եւ նշել էին ստացված ձայները:
Եվ քանի որ թե՛ պատասխանողները, թե՛ երրորդ անձինք բացակայում էին նիստից, ուստի դատական նիստը հետաձգվեց հայցվոր կողմի միջնորդությամբ: Իսկ դատավոր Ռուբեն Ներսիսյանը նկատեց, որ մինչեւ հաջորդ նիստը ընկած ժամկետը «վերջին հնարավորությունն է՝ փաստաբանների համատեղ ջանքերով հաշտության տարբերակը օգտագործելու»:
«Առավոտի» տեղեկություններով, 85-ամյա ամենատարեց փաստաբան Հակոբ Հակոբյանը երեկ Գյումրիից Երեւան չէր եկել՝ կապված նյութական ծախսերի հետ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ