Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բողոքում են շուրջպարից

Մայիս 31,2005 00:00

Միասնությունը՝
քննադատական աչքով Պարզվում է՝ Միասնության շուրջպարը նաեւ հիասթափության
առիթ է տվել: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի տնօրեն Մարինա Հովհաննիսյանը
զայրացած պատմեց, որ Հայաստանի պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանը, որ
նաեւ Միասնության շուրջպարի գլխավոր բալետմայստերն էր, իրենց առաջարկել էր մասնակցել
շուրջպարին՝ բնականաբար խոստանալով ապահովել տրանսպորտով: Մայիսի 28-ին, Սունդուկյան
թատրոնի մոտ, պայմանավորվածության համաձայն, ժամը 8-ին հավաքվել է կոլեկտիվը: 1,5
ժամ սպասել են անձրեւի տակ, տնօրենը ճարահատյալ զանգահարել է Կ. Գեւորգյանին, որպեսզի
ճշտի՝ ինչո՞ւ է ուշանում փոխադրամիջոցը: «Կարող ա՞ տեղը չես բերում, կարող ա՞ քո
համար տաքսու պարկի դիրեկտոր եմ, չեք գալիս, հեչ էլ գաք, ռադ եղեք ձեր տները»,- Մ.
Հովհաննիսյանի փոխանցմամբ, նման պատասխան են ստացել Գեւորգյանից: Ականատեսների
վկայությամբ, նման միջադեպ է տեղի ունեցել նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, ուր
գտնվում է «Տարոն» գեղագիտական կենտրոնը: Առավոտյան ժամը 7-ից հավաքվել են կենտրոնի
սաները՝ ծնողների եւ ուսուցիչների հետ, ու սպասել խոստացված տրանսպորտին, որ մասնակցեն
շուրջպարին: Երեխաները ոգեւորված էին. ծնողներն ու ուսուցիչները հավանաբար տեղը-տեղին
բացատրել էին, թե ինչ է միասնության շուրջպարը եւ որն է նրա նպատակը: Սակայն մոտ
3 ժամ սպասելուց, վազվզելուց, խաղալուց հետո երեխաները իրենց հետ վերցրած սնունդը
ի վերջո փռել են փողոցում ու կերել, որից հետո ցրվել տները: Իսկ «Առավոտի»
ինտերնետային հասցեով ստացված նամակներից մեկի հեղինակին՝ առաջին կուրսի ուսանողուհի
Ասյա Կոստանյանին հաջողվել էր հասնել շուրջպարի վայր: «Մեր խմբի անդամները նույնիսկ
չտեղեկացվեցին պարի սկսվելու մասին եւ վերադարձան տուն՝ այդպես էլ չիրականացնելով
օրվա նպատակը: Այս ամենը չի կարելի հասկանալ այլ կերպ, քան այն, որ ժողովրդին դարձրին
տիկնիկներ ու թվաքանակ ապահովող միջոց»: Մյուս նամակագիրը՝ կենսաթոշակառու Կառլեն
Քալաշյանն էլ նեղացած էր Հանրային հեռուստատեսությունից. «Շուրջպարին ոչ բոլորն էին
ի վիճակի մասնակցել: Մի՞թե հնարավոր չէր այնպես կազմակերպել ամեն ինչ, որ տանը մնացածներն
էլ կարողանային մասնակից լինել շուրջպարին, դիտել այն ամբողջությամբ եւ ոչ թե հատուկենտ
կադրեր, որտեղ միայն երկրի նախագահն էր ու իր թիկնապահները»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել