Ասում է նախագահի ներկայացուցիչ, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը
– Պարոն Հարությունյան, Վենետիկի հանձնաժողովը բավականին կոշտ գնահատական տվեց կոալիցիայի սահմանադրական նախագծին՝ արտահայտելով իր «խորը անբավարարությունը» այս նախագծի հանդեպ: Թերեւս այսպես էլ պետք էր սպասել, քանի որ նույն Վենետիկի հանձնաժողովի բոլոր սկզբունքային առաջարկություններն այդպես էլ տեղ չգտան կոալիցիայի նախագծում: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:
– Ընդհանուր առմամբ, յոթ-ութ կետի մասին է խոսքը՝ վարչապետի նշանակումը եւ ազատումը, կառավարության նիստերին նախագահի մասնակցությունը, կառավարության ձեւավորումը եւ խորհրդարանի արձակումը, նախագահի անձեռնմխելիության խնդիրը, եւ այն, որ կառավարությունը ոչ միայն իրագործում է, այլեւ մշակում է քաղաքականությունը: Նախագահի անձեռնմխելիության հարցի հետ կապված ձեւակերպման խնդիր կա, բայց ընդունելի է, որ չգրվի միայն, որ նախագահն անձեռնմխելի է, այլ գրվի, որ անձեռնմխելի է իր լիազորությունների իրականացման շրջանակում: Սա կարելի է համարել լուծվող խնդիր: Հաջորդը, որ կառավարությունը ոչ միայն իրագործում է, այլեւ մշակում է գործադիր իշխանության քաղաքականությունը: Սա եւս արդեն կա եւ ընդունելի է: Մյուս հարցերի հետ կապված հարցեր կան: Օրինակ, կառավարության նիստերին նախագահի մասնակցության հարցը: Վենետիկը ընդհանրապես դեմ է, որ նախագահը գա եւ մասնակցի կառավարության նիստերին: Ինձ համար սա անհասկանալի է:
– Գուցե մեր երկրի որոշ առանձնահատկություններ հաշվի առնելո՞վ են վենետիկցիները նման առաջարկ անում:
– Ի՞նչ առանձնահատկություններ, դրանք եթե հաշվի են առնում, մենք ավելի շատ ենք նման Ռումինիային կամ Լեհաստանին, քան Ֆրանսիային կամ մեկ այլ երկրի: Հիմա ինչի՞ մասին է խոսքը: Չէ, խնդիրը հետեւյալն է. ԵԽ անդամ պետություններ կան, որտեղ նախագահին հնարավորություն տրված է մասնակցել կառավարության նիստերին, ինչո՞ւ այս նախագծի մասին ասվում է, որ դա չափանիշներին չի բռնում: Կամ, կոալիցիայի նախագծում կառավարության ձեւավորման հարցն ամբողջությամբ համընկնում է նույն Ռումինիայի մոտեցմանը, ինչո՞ւ Ռումինիայի դեպքում դա չափանիշներին համապատասխանում է, այս երկիրը նույնիսկ ԵՄ մտնելու թեկնածու է, իսկ մեզ համար հակացուցված է:
– Սակայն հիմա ինչո՞ւ եք զարմանում, երբ Վենետիկի հանձնաժողովը նույն բաները առաջարկի տեսքով արել էր սրանից առաջ եւ կոալիցիան փաստորեն չի ընդունել, եւ հենց այդ պատճառով էլ առաջացել է այս գնահատականը:
– Ես շատ բաներ ընդունում եմ. օրինակ՝ ընդունելի է, որ Երեւանը՝ համայնք եւ քաղաքապետը պետք է ընտրովի լինի, ընդունելի է, որ ամեն դեպքում պետք է կոնկրետ գրել, որ դատարանների նախագահներին նշանակում են Արդարադատության խորհրդի առաջարկությամբ, ընդունելի է, որ վարչապետը, որը պաշտպանվում է ԱԺ մեծամասնության կողմից, ավելի ուժեղ է: Դրանք ընդունելի են, ես խոսում եմ այն երեք-չորս կետերի մասին, որոնք պարզապես անհասկանալի են:
– Գուցե վստահության խնդիր է, գուցե մեր երկիրն այլեւս սպառել է վստահության չափաբաժինը եւ այլեւս մեզ չեն հավատում եվրոպական կառույցներում:
– Չեմ կարծում, այդպիսի խնդիր չկա: Պետք չէ կարծել, որ եթե Վենետիկը ինչ-որ բանի հետ չհամաձայնեց, ուրեմն եվրոպացիները մեզ չեն հավատում: Այսպես չէ: Չեն համաձայնվում որոշ բաների հետ, որոնք ԵԽ անդամ որոշ երկրների մոտ կան, հենց սա է անհասկանալի: Եվս մեկ օրինակ. վենետիկցիները պահանջում են, որ մեզ մոտ անպայման մինչ օրենքի հաստատելը՝ միջանկյալ այն գնա ՍԴ եւ հետո վերադառնա: Մի քանի երկիր կա, որ այդպիսի կարգ ունի, օրինակ՝ Ֆրանսիան, մնացած գրեթե 90 տոկոս երկրներում նման բան չկա, ինչո՞ւ են մեզնից պահանջում: Շատ լավ է, որ առաջիկայում վենետիկցիները գալիս են, իրենց հետ կպարզաբանենք: Այդ պատճառով ես առայժմ զերծ կմնամ գնահատականներից:
– Սակայն ՄԱԿ-ի նախագիծը կարծես շատ ավելի մոտ էր նույն Վենետիկի առաջարկներին, ինչո՞ւ այդ նախագիծը չդարձավ հիմք:
– Իսկ ո՞վ է ասել, որ նա ավելի ճիշտ է մեր երկրի համար, վենետիկցինե՞րն են ասել, եթե երկրի առանձնահատկության մասին ենք խոսում, այստեղ վենետիկցիները մեզ խորհրդատու չեն, մենք պետք է լուծենք, նրանք կարող են մեզ խորհրդատու լինել համաշխարհային սահմանադրական պրակտիկայի տեսակետից, իսկ երկրի առանձնահատկությունների տեսակետից, կներեք, նրանք մեզ խորհրդատու չեն:
Այսինքն՝ հիմա, երբ մի քանի կետերի նկատմամբ վենետիկցիները բացասական գնահատական են տվել, պետք չէ կոալիցիային քննադատել: Կոալիցիան չի գնացել նոր հեծանիվ հորինելու ճանապարհով եւ աշխարհը մնացել է զարմացած:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ