Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՍԿԵՊՏԻԿՆԵՐԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Մայիս 31,2005 00:00

«ԵՎՐԱՍԿԵՊՏԻԿՆԵՐԻ»
ՀԱՂԹԱՐՇԱՎԸ Եվրոպայում տեղի ունեցավ «աշխարհաքաղաքական երկրաշարժ»,
սակայն տակավին վաղ է խոսել Եվրամիության համապարփակ ճգնաժամի մասին: Որոշ եվրոպացի
վերլուծաբաններ հենց այսպես են բնութագրել կիրակի օրը Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի
արդյունքները: Ըստ այդմ, միասնական Եվրասահմանադրության նախագիծը, որն, ի դեպ, մշակվել
է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժեսկար դ՛Էստենի ղեկավարությամբ, մերժվել է քվեարկությանը
մասնակցած ֆրանսիացիների 55 տոկոսի կողմից: Իր ծավալներով եւ հզորությամբ Եվրոպայում
երկրորդ տնտեսությունն ունեցող այս երկրում ԵՄ Սահմանադրության տապալումը, այնուամենայնիվ,
հին աշխարհամասում սկզբունքորեն նոր գործընթացների տեղիք կարող է տալ: Մի շարք տեղական
դիտորդներ հակված են դրանց թվում նշել ապաինտեգրացիոն երեւույթներն ու, այսպես կոչված՝
եվրասկեպտիցիզմի հետագա ահագնացումը: Իսկ որո՞նք են քվեարկության բացասական
արդյունքների պատճառները, թեեւ հարկ է նշել, որ այս պարագայում «բացասական» բառը
միանգամայն հարաբերական արժեք ունի, քանի որ, ինչպես ցույց տվեց վերոհիշյալ հանրաքվեն,
տվյալ դեպքում ֆրանսիացիների մեծամասնության համար բացասական արդյունք կդիտվեր Եվրասահմանադրության
ընդունումը: Տեղացի վերլուծաբանները նշում են, որ այն, ինչ տեղի ունեցավ՝ գերազանցապես
ընտրողների լայն զանգվածների արձագանքն էր Եվրամիության «հապճեպ ու չհիմնավորված»
ընդլայնմանը Արեւելյան Եվրոպայի եւ մերձբալթյան երկրների հաշվին: Հանրային զգացումներն
առավել պատկերավոր է ներկայացնում հեղինակավոր «Le Figaro» թերթը. «Ֆրանսիացիները
հանկարծ տեսան, որ հայտնվել են մի Եվրոպայում, որն իրենք չեն հասկանում»,- խտացնում
է թերթի մեկնաբանը՝ հանրաքվեի արդյունքներին նվիրված խմբագրականում: Ըստ այդմ, շեշտվում
է հատկապես այն հանգամանքը, թե վերջին տարիներին սոցիալ-տնտեսական նկատելի լարումներ
ապրող շարքային ֆրանսիացիներին ամենեւին հոգեհարազատ չեն եվրաինտեգրման շրջանակներում
տեղի ունեցող գլոբալիզացիոն գործընթացները: Կատարվածին հարաբերականորեն հանգիստ
է վերաբերվել նախագահ Ժակ Շիրակը, թեեւ շատերի կարծիքով՝ այս հանրաքվեն նշանավորեց
ընդգծված «եվրաջատագով» Շիրակի քաղաքական կարիերայի վախճանը: «Ֆրանսիան մերժեց ԵՄ
Սահմանադրությունը: Ես հարգում եմ մարդկանց ընտրությունը: Ֆրանսիան կշարունակի համապատասխան
տեղ զբաղեցնել ԵՄ-ում: Այդուհանդերձ, փաստաթղթի վավերացումից հրաժարվելը դժվարություններ
կստեղծի Եվրոպայում Ֆրանսիայի շահերի պաշտպանության համար»,- ըստ AFP-ի՝ իր ելույթում
հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Շիրակը հաղորդել է նաեւ, թե Սահմանադրության վավերացման
գործընթացը կշարունակվի եվրոպական մյուս երկրներում: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը
հայտարարել էր, թե մտադիր չէ պաշտոնից հեռանալ հանրաքվեի տապալման դեպքում: ԵՄ Սահմանադրության՝
ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ անդամ բոլոր 25 պետությունները վավերացնեն
այն: Մինչ օրս փաստաթուղթը վավերացրել է 9 պետություն: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել