Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծիրանագույններն ակտիվանում են

Մայիս 31,2005 00:00

Երեկ տեղի ունեցավ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության երրորդ համագումարը

Կուսակցության նախագահ ընտրվեց կուսակցության՝ մինչ այժմ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը անդամագրվել է կուսակցությանը սույն թվականի ապրիլի 23- ին: Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվացումը շատերին էր ոգեւորել: Մասնավորապես, ողջույնի ելույթներում Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը չէին թաքցնում իրենց հրճվանքը՝ խոսելով մինչ օրս կայացած արդյունավետ համագործակցության մասին եւ հույս հայտնելով, որ այն կշարունակվի: Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանն առավել անկեղծացան: «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը երրորդ համագումարը չէ»,- ասաց պարոն Քոչարյանը: Իսկ Հովհ. Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ այս համագումարը կդառնա ընդդիմության միասնության սկիզբը: Ի հեճուկս այս եւ այլ հիացական ելույթների, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նկատեց. «Եթե քաղաքական գործիչը ողջունում է մեկ այլ քաղաքական ուժի ստեղծումը, ուրեմն խոստովանում է, որ ինքը լավ չի գործել ու իր փոխարեն ուրիշն է պետք»: Սակայն պարոն Հայրիկյանը արժանապատվորեն ընդունեց փաստը, որ գործող քաղաքական ուժերին չի հաջողվել հասնել իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը ու ցանկացավ՝ «այն, ինչն այս պահին մեզ մոտ չի ստացվում՝ ստացվի ձեզ մոտ»:

Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր արեւմտամետ դաշինքի հնարավոր ձեւավորման առիթով (Ր. Հովհաննիսյան- Ա. Զ. Սարգսյան- Հովհ. Հովհաննիսյան) նկատեց. «Մինչեւ հիմա որեւէ բանակցություն կամ խոսակցություն տեղի չի ունեցել «Ժառանգություն» կուսակցության անունից: Եղել է անձնական քաղաքական խորհրդակցությունների մի շարան: Հիմա կուսակցությունն ինքը կորոշի, թե ինչ ընթացակարգով եւ բովանդակությամբ շարունակել դրանք»: Կուսակցության անելիքները կհստակեցվեն նորընտիր վարչության առաջիկա ժողովում: Ինչ վերաբերում է Ջորջ Բուշի վերջին հայտարարությանը, ապա դա «ինքնիշխան, մեծ երկրի նախագահի խոսքն է, իր քաղաքականության ուղենիշը, որը ցանկացած երկրի թե իշխանությունը, թե ընդդիմությունը պետք է գնահատի յուրովի: Բայց ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը, մեր պետությունը պետք է առաջնորդվեն այդ կամ նման այլ խոսքերով՝ լինեն դրանք Վաշինգթոնից, Մոսկվայից, թե գործընկերային այլ մայրաքաղաքներից: Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի իր անելիքը»:

Ր. Հովհաննիսյանը եւս կարծում է, որ ՀՀ-ն պետք է վերափոխվի՝ «Մեկը կարող է դա իշխանափոխության լույսի ներքո մեկնաբանել, մյուսը՝ հեղափոխության աստառ տալ դրան, բայց կարեւորն այն է, որ մեր ժողովրդի ու պետության վերափոխումը պետք է անենք անմիջապես եւ դա պետք է անենք, որ աթոռափոխության, իշխանափոխության կրկնվող հարցերն ավելի բարձր հարթության հասնեն: Պետք է մտածենք, թե ինչպես ենք նոր որակի Հայաստան կերտելու: Անվստահության վիհը պետք է հաղթահարվի համատեղ, խաղաղ, էվոլյուցիոն երեւույթներով»:

Համագումարի պատվիրակները ծիրանագույն ժապավեններ էին կրում: Պարզվում է, դրա պատճառն այն էր, որ ծիրանը պարոն Հովհաննիսյանի սիրած միրգն է: Համապատասխանաբար, սիրած գույնը՝ ծիրանագույնը: Իսկ ծիրանագույն ժապավեններ կրելու ավանդույթը գալիս է 20 տարիների հեռվից՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում տեղի ունեցած Ր. Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունից: Բացի այդ՝ «Ես հավատում եմ, որ ծիրանագույնն է ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանի խորհրդանիշը: Իմ հայտը քաղաքական դաշտ՝ հայաբույր եւ ծիրանագույն է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել