Լրահոս
Օրվա լրահոսը

Չամուսնանալ, երեխա եւ սեփականություն չունենալ

Մայիս 28,2005 00:00

Չամուսնանալ, երեխա եւ սեփականություն չունենալ Ըստ Մայր աթոռի, այդ երեք պահանջների կատարումն անաչառ է դարձնում կուսակրոն քահանային: Մայր աթոռ սուրբ էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հավաստիացնում է, որ Հայ առաքելական եկեղեցին, որպես աշխարհի ավանդական եկեղեցիների ներկայացուցիչ, իր համար առաջադրած բարեփոխման գործընթացում կուսակրոն կյանքի հետ կապված խնդիրներ չի առաջադրում: Ըստ կանոնակարգի, կուսակրոն հոգեւորականը պետք է չամուսնանա, զավակներ չունենա եւ սեփականություն չունենա: Սրանք այն կարեւոր նախապայմաններն են, որ կազմում են կուսակրոն կյանքի առանցքը եւ, ըստ սրբազանի, այս երեքի նկատմամբ է, որ մարդը աչառություն է դրսեւորում: Մեր այն դիտարկմանը, թե մինչեւ 354թ. մենք ունեցել ենք եկեղեցում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած ամուսնացած քահանաներ եւ ամուսնացած լինելը չի խանգարել Գրիգոր Լուսավորչին՝ այդքան կարեւոր առաքելության իրագործմանը, Մայր աթոռի դիվանապետը մեկնաբանեց. «Մի օրինաչափություն նկատելի է պատմական ընթացքի մեջ. երբ Գրիգոր Լուսավորիչը զբաղեցրել է հայրապետի աստիճանը, հրաժարվել է ամուսնական կյանքից: Եվ, ինչպես Ագաթանգեղոսն է ներկայացնում, քանի որ իր զավակներն արդեն հասուն էին եւ մասնավոր պարտավորության անհրաժեշտություն չկար նրանց հանդեպ, իր կյանքի վերջին տարիները անցկացրեց ճգնության մեջ»: Սակայն, այնուամենայնիվ, հարցը մնում է՝ կարելի՞ է շրջանցել Աստվածաշունչը, որտեղ պատվիրվում է չլքել կողակցին մինչեւ կյանքի վերջը, իսկ հեռանալու պատճառ դիտվում է մեկը՝ անհավատարմությունը: Դիվանապետը բացառեց ապագա հոգեւորականի վրա ցանկացած ճնշում. «Երիտասարդը ինքն է որոշում՝ ընտրի կուսակրոնությո՞ւնը, թե՞ ամուսնանա, եւ նրան դրա համար բավական ժամանակ է տրամադրվում: Իսկ կյանքի ճանաչողությունը համարում եմ ավելի շատ հոգեւոր փորձառության, քան տարիքային խնդիր»: Արդյոք բարոյակա՞ն է մարդուն զրկել բնությունից իրեն տրված պարգեւից՝ ունենալու զավակ, սիրելու եւ սիրվելու, իսկ որպես հայ՝ նաեւ ազգին զավակներ պարգեւելու աստվածային շնորհներից: Մեր զրուցակիցը չբացառեց, որ Մայր աթոռի միաբանը մի օր կարող է սիրահարվել: Գայթակղությունները շատ-շատ են եւ ոչ ոք փորձություններից ապահովագրված չէ: «Սակայն գործնականում եկեղեցին այս հարցը լուծելու մեխանիզմներ ունի՝ աղոթքի զորությունը: Եթե աղոթքի գերակայությունը մարդու կյանքում շեշտված է, նա կարող է դիմակայել: Ես պլատոնական սիրո ջատագով չեմ, սակայն գտնում եմ, որ աստվածային սերը, նրա հետ կապվածությունը այնքան խոր պետք է լինի, որ երկրային սերը եւ սեռական ցանկությունները անտեսված լինեն,- ասաց Արշակ սրբազանը: -Ամբողջ աշխարհում եկեղեցում տեղի ունեցող բարեփոխումները հասան նրան, որ ընդունվեց կամ դեմ չեղան միասեռականներին, նույն սեռերի ամուսնությանը: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում կուսակրոնությունը եւս չլինի, թեպետ ես՝ որպես հոգեւորական, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում: Այժմ որպես բարեփոխում, հայ եկեղեցում վերականգնվում է վանական կյանքը: Այսինքն, մարդը իր կյանքի որոշակի հատվածում կարող է առանձնանալ վանքում: Կվերականգնվի նաեւ ծխական համայնքի մեխանիզմը: Համակողմանի պիտի քննվի պատարագի լեզուն աշխարհաբարի փոխելու խնդիրը, քանի որ հավատացյալները պատճառաբանում են, թե չեն հասկանում այն»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել