Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎՃԱՐՈՎԻ

Մայիս 28,2005 00:00

«ՎՃԱՐՈՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԱՏԵՐԱԿԱՆՈՒՄ Ըստ ԿԳՆ-ի, դրանք անօրինական են Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի (ԵԿԹՊԻ) ուսանողները լուծարքային («լիկվիդի») առաջին շրջանի համար 1500, իսկ երկրորդի համար 3000 դրամ են վճարում հաշվապահությունում եւ ստանում վճարման ստացական: Դրա առկայության դեպքում է միայն դասախոսը թույլ տալիս ուսանողին վերահանձնել ստուգարքը կամ քննությունը: Տարիներ շարունակ այս «կարգին» հնազանդվող ուսանողներից ոչ մեկը չգիտի, թե երբ է ինստիտուտը սկսել դա կիրառել: Այդ մասին չի հիշում նույնիսկ ինստիտուտի գլխավոր հաշվապահ Սեդա Գասպարյանը. «Ես երկար տարիներ աշխատում եմ այստեղ, եւ իմ աշխատելու առաջին իսկ օրից այս կարգը գործում է»,- ասում է տիկին Սեդան: Վճարման այս կարգի կիրառման վաղեմությունը հաստատեց նաեւ ԵԿԹՊԻ-ի դեկան Նարինե Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ թե՛ վճարման կարգը, թե՛ գումարի չափը որոշվել եւ հաստատվել է ռեկտորատի նիստում: «Ես ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել եմ դեկանի պաշտոնը,- ասաց Ն. Սարգսյանը,- սա վաղուց ընդունված որոշում է եւ գործել է նաեւ ինձ նախորդած դեկանների պաշտոնավարման ընթացքում»: Գլխավոր հաշվապահի խոսքերով՝ թեպետ կարգը վաղուց է գործում, բայց միայն վերջերս է այդ որոշումը փաստաթղթով հաստատել ներկայիս դեկանը: «Մինչ այդ երեխաները փողը մուծում էին,- բացատրում է Ս. Գասպարյանը,- բայց որոշումը թղթով չկար: Ես դիմեցի դեկանին, եւ նա ստորագրեց հրաման, որով իրավունք ենք ստանում ուսանողներից գանձել վերոհիշյալ գումարը»: Դեկան Ն. Սարգսյանը նշեց, որ հրամանը հիմնավորված է ուսանողների հեռացման եւ վերականգնման մասին կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) կողմից հաստատված կանոնագրով: Նրա խոսքերով՝ ըստ կանոնագրի՝ ուսանողները քննություն կամ ստուգարք վերահանձնելու համար պետք է որոշակի գումար վճարեն, իսկ գումարի չափը սահմանվում է ներքին կանոնակարգով: «Սա ոչ թե նախարարության կողմից վերահսկվող գործընթաց է,- նշեց դեկանը,- այլ նախարարությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը»: Կրթության եւ գիտության նախարարությունում հայտարարեցին, որ ԵԿԹՊԻ-ում իրականացվող գանձումը պարզապես ապօրինի է. «Բուհը ոչ մի իրավական հիմք չունի անհարգելի բացակայություններ ունեցող կամ լուծարքային շրջանում հայտնված ուսանողներից գումար գանձել»,- ասաց մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած ԿԳՆ-ն հնարավորություն է տալիս բուհերին իրականացնել իրենց արտաբյուջեն ապահովող ձեռնարկատիրական գործունեություն, սակայն այդ կանոնակարգում չկան վերոհիշյալ գանձումներին իրավական հիմք տվող կետեր: «Ես այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո զանգահարել եմ բուհի պրոռեկտորին,- ասաց Ռ. Գասպարյանը,- հրահանգ է տրված, որ ռեկտորատը նոր որոշում կայացնի եւ այդ ներքին կանոնակարգը հանի: Նախարարությունը այս ամենը խստիվ դատապարտում է»: Նա նշեց, որ բուհը պարտավորվել է պաշտոնապես ԿԳՆ-ին տեղեկացնել կանոնակարգի դադարեցման մասին: «Եթե անձը իրավահարաբերության մեջ է մտնում որեւէ սուբյեկտի կամ կազմակերպության հետ,- ասում է իրավաբան Վարուժան Անտոնյանը, որին դիմել էինք խորհրդատվության կարգով,- վերջինս պարտավոր է նախօրոք տեղեկացնել իրենց համագործակցության պայմանների եւ հետեւանքների մասին: Տվյալ դեպքում բուհը ոչ միայն պիտի ուսանողներին նախօրոք ծանոթացներ կանոնակարգին, այլեւ պարտավորվեր բոլոր հետագա փոփոխությունների դեպքում տեղեկացնել դրանց մասին: Իրավական տեսանկյունից՝ հակառակ դեպքում սա ուղղակի մարդու իրավունքների ոտնահարում է»: Թե՛ ինստիտուտի դեկանը, թե՛ գլխավոր հաշվապահը հավաստիացնում էին, որ ուսանողները նախապես ծանոթանում են կանոնակարգին: Ըստ նրանց՝ ինստիտուտի երկրորդ հարկի ցուցատախտակի վրա փակցվում է դեկանի՝ վճարման կարգը հաստատող հրամանի պատճենը (իսկ մինչ այդ, ուսանողները այդ մասին կարող էին տեղեկանալ նույն տեղում փակցված որոշման միջոցով): Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ցուցատախտակի վրա վերոհիշյալ կանոնակարգի մասին հիշեցնող ոչ մի փաստաթուղթ չկար: Ուսանողները պնդում էին, որ նման հայտարարություն հայտնվում է միայն քննաշրջանի ընթացքում: ԵԿԹՊԻ-ի ուսանողները ոչ մի քայլ չեն ձեռնարկել այս կանոնակարգի դեմ: Ինստիտուտի ուսխորհրդի փոխնախագահ Նորայր Նազարյանը հավաստիացրեց, որ ոչ մի ուսանող իրեն այդ հարցով չի դիմել: Նրա խոսքերով՝ ինստիտուտում կանոնակարգը վաղուց արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել: Սեդա Գասպարյանը տեղեկացրեց, որ նախորդ ուսումնական տարում բուհը լուծարքային գումարներից ստացել է 1.022.500 դրամ եկամուտ: Ինստիտուտի գլխավոր հաշվապահը նշեց, որ այդ գումարները ծախսվում են բուհի ընդհանուր կարիքները հոգալու համար: ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԱՆԵ ՄԱԴՈՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել