Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ-Ի

Մայիս 28,2005 00:00

ԱՊՀ-Ի ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է Կարծում է Խոսրով Հարությունյանը Օրերս «Նոյյան տապան» գործակալությունը տեղեկատվություն տարածեց, համաձայն որի՝ հունիսի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կընդունվի որոշում՝ ԱՊՀ շրջանակում ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին: Դրան կհետեւի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի եւ ԱՊՀ ռազմական համագործակցության կոորդինացիոն շտաբի լուծարման մասին պաշտոնական հայտարարությունը: Դա, ըստ էության, ենթադրում է ԱՊՀ-ի վերջը: Մեկնաբանելով այս հաղորդագրությունը, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ նմանօրինակ զարգացումը կարող էր լինել իրադարձությունների տրամաբանական ընթացքի հերթական հանգրվանը: Ավելին՝ «Ինչքան շուտ՝ այնքան լավ»,- գտնում է նա: Անդրադառնալով ԱՊՀ-ին եւ նրա գործունեությանն ընդհանրապես, մեր զրուցակիցը դրական է գնահատում այդ կառույցի ձեւավորումը՝ «իբրեւ ապահարզանի համար աշխարհաքաղաքական մի հարմար մեխանիզմի», քանզի 1991-ին թե միջազգային հանրությունը, թե ետխորհրդային երկրները հայտնվել էին ԽՍՀՄ փլուզման պատմական անխուսափելիության առջեւ: «Այլ հարց է, որ որոշ ժամանակ անց ՌԴ իշխանությունները փորձեցին ԱՊՀ-ն օգտագործել ետխորհրդային տարածքում Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները պահպանելու, ինչ-որ «ա լյա» ԽՍՀՄ, տնտեսական, ռազմաքաղաքական ալյանս ձեւավորելու համար: 1994-95-ից ՌԴ-ի այդ ձգտումներն ակնհայտ էին: Այդ պահից արդեն ԱՊՀ-ն դարձավ արհեստածին, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հերթական գործիքներից մեկը: Բայց նման խնդիր լուծելու համար ԱՊՀ-ն ոչ պիտանի կառույց էր: Աշխարհաքաղաքական ալյանսները ձեւավորվում են ներքեւից՝ հանրապետություններից, ոչ թե ինչ- որ մի կենտրոնից»,- ասում է ՔԴՄ նախագահը: Այս ամենի համատեքստում նա միանգամայն բնական է համարում նաեւ 1999-ից սկսված՝ ԱՊՀ-ի բարեփոխումների մասին խոսակցությունները, քանզի ընդունված 800- 900 որոշումների չնչին մասն էր գործում: Կողմ լինելով ԱՊՀ-ի գործունեության դադարեցմանը, Խոսրով Հարությունյանը գտնում է, որ այդ նախաձեռնությունը պետք է Ռուսաստանն իր վրա վերցնի: Քանզի, ըստ նրա, միայն այդ պարագայում ետխորհրդային երկրները կարող են զարգանալ առանց էական ջղաձգումների: Իսկ դա իր հերթին կնշանակի, որ այլեւս գործ ունենք նոր որակի Ռուսաստան պետության հետ՝ «Ոչ թե գերտերություն, որը ցանկացած գնով պետք է իր ռազմավարական շահերը պաշտպանի, այդ թվում նաեւ ռազմաքաղաքական մեխանիզմներով, այլ՝ խոշոր եվրոպական պետություն, որի անունը Ռուսաստան է»: Այս նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, պարոն Հարությունյանի համոզմամբ, կլինի նախ եւ առաջ՝ հօգուտ Ռուսաստանի: Կգնա՞ ՌԴ-ն այդ քայլին: «Դա նախ եւ առաջ իր շահերից է բխում: Դա հնարավորություն կտա ՌԴ-ի ներքաղաքական կյանքն ավելի հեշտ տեղափոխել ժողովրդավարական զարգացման ռելսերի վրա, ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, որակապես կփոխվի ՌԴ-ի միջազգային իմիջը, կավելանա այդ երկրի նկատմամբ վստահությունը: Ես, մեր կուսակցությունը կողջունեինք նման նախաձեռնությունը»,- ասում է մեր զրուցակիցը, որի համոզմամբ՝ «Վաղ թե ուշ դա լինելու է»: Ինչ վերաբերում է այդ պարագայում աշխարհաքաղաքական, տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի ազդեցությունների աճին՝ «Եթե այսօր մենք՝ Ռուսաստանի հետ միասին հոխորտում ենք, դրանից ԱՄՆ-ի որեւէ ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա նվազո՞ւմ է: Իհարկե՝ ոչ: Խոսքը գնում է իրերն իրենց անունով կոչելու մասին: Սառը պատերազմի ավարտից հետո վերացել է գաղափարախոսական առճակատումը: Նոր աշխարհում յուրաքանչյուրն իր դերակատարումն ունի: Վաղ թե ուշ՝ ԱՄՆ-ն ինքն իր հեգեմոն դերը պահպանելու համար հակակշիռներ կփնտրի»,- գտնում է Խոսրով Հարությունյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել