Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԻԿ՝ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԴԵՄ

Մայիս 28,2005 00:00

ՄԱՐԴԻԿ՝ ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԴԵՄ Ո՞վ պետք է ապրի Կաքավաձորում ու Բերդաձորում՝ բնակիչնե՞րը, թե՞ կենդանիները Երեւանի կենդանաբանական այգուց վեր՝ Նոր Նորքի 1-ին զանգված հասնող այս երկու ձորերում 1967 թվին հայտնվեցին տեղացիների առաջին ամառանոցները: «Դա Կենտկոմի որոշմամբ էր, ոչ թե՝ ինքնագլուխ զավթում: Այդ ժամանակ 360 ընտանիք, հիմնականում Նորքի 1-ին զանգվածից, քարաժայռերի վրա սկսեցին կառուցել թեթեւ կացարաններ: Մեքենա այդ տարածք չի կարող մտնել՝ մարդիկ շալակով բերում-հող էին լցնում ժայռերի վրա, շինանյութ էին կրում, ձեռքով ջուր բերում՝ ջրում էին տնկած ծառերը: Գյուրզաների հետ կռիվ տալով ստեղծեցինք մեր ամառանոցները, ու էսքան տարի հետո եկել-ասում են՝ թողեք, հեռացեք»,- բողոքեցին «Առավոտի» խմբագրություն եկած «Կաքավաձոր եւ Բերդաձոր» այգեգործական ընկերության նախագահ Արտյոմ Նավասարդյանն ու նրա տեղակալ Արամայիս Զարգարյանը: Անցած տարիներին, Նորքի զանգվածների աճի հետ ամառանոցների թիվն ավելացել է, զբաղեցրած տարածքը մեծացել ու հասել Կենդանաբանական այգու սահմաններին: Այստեղ ձեւավորվել է մշտական ապրողների խավ՝ 1200 ընտանիքից շուրջ 700-ը հիմնական բնակիչներ են դարձել: Ժամանակի ընթացքում լուծվել է նաեւ ջրագծերի, հոսանքի եւ կոմունալ այլ հարցերը: Բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքների համար փաստաթղթեր, նույնիսկ՝ վարձակալության, ձեռք բերելու հարցը չի անհանգստացրել, որովհետեւ խնդիրներ չեն ունեցել ոչ տեղական իշխանությունների, ոչ էլ «ջրի ու լույսի մարդու» հետ: Կանոնավոր վճարել են կոմունալ ծախսերի դիմաց ու ապրել: Սակայն մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանից պաշտոնյաներ են եկել եւ հայտնել, թե «դուք մինչ այժմ զբաղեցրել եք Կենդանաբանական այգու տարածքը եւ պետք է այն ազատեք»: «Մենք, իհարկե, նրանց ասացինք, որ՝ հեռանան ու որ էդ մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Հետո գնացի այգու տնօրեն Սահակ Աբովյանի մոտ: Նա ասաց, թե դա քաղաքապետարանի որոշումն է: Իմիջիայլոց, նույն ցանկությունն ուներ նաեւ նախկին տնօրեն Ջուլյա Ստեփանյանը: Մի քանի անգամ էլ նա է դիմել նախկին իշխանություններին, բայց ամեն անգամ մերժվել է»,- տեղեկացրեց ընկերության նախագահը: Փաստորեն, տարածքների համար պայքարը նոր չէ եւ բոլորովին էլ կապված չէ Կենդանաբանական այգու հին ու նոր տնօրենների «զավթիչ» ցանկությունների հետ: 1940 թվականին, երբ կենդանաբան Սարկիսովը հիմնադրել է այգին, իշխանությունները Կենդանաբանական այգու համար հատկացրել են Կաքավաձորն ու Բերդաձորը ամբողջությամբ՝ այդպես ներկայացրեց այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը: Նրա ասելով, փաստաթղթային հիմնավորումները կան եւ պահպանվում են արխիվներում: Մեզ հյուրընկալված այգեգործները նույնպես ունեին 1975-ին կազմված մի հատակագիծ, որտեղ, սակայն, այգու սահմանագծերը եզրափակվում էին ոչ ձորաբերանին, այլ ձորի հատակում: Մենք զրուցեցինք 60-ական թվականներին այգու հետ համագործակցած մասնագետ- կենդանաբաններից մի քանիսի հետ, նրանք հաստատեցին, որ ճիշտ է, փաստաթուղթը չեն տեսել, բայց քաջատեղյակ են, որ ի սկզբանե Կենդանաբանական այգուն տրվել է ձորի ամբողջ տարածքը: «Այգին այսօր ընդլայնվելու մեծ անհրաժեշտություն ունի, բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչպիսի անմխիթար պայմաններում է ապրում կենդանիների ու թռչունների մեծ մասը: Մյուս կողմից էլ մենք չենք կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ տասնամյակներ շարունակ մարդիկ չարչարվել են, ստեղծել տուն, այգի եւ միանգամից զրկել այդ ամենից՝ նույնպես ճիշտ չէ: Մի խոսքով՝ փակ շրջան, անելանելի վիճակ է ստեղծվել, թող իշխանությունները մի ելք գտնեն»,- ասաց Ս. Ղահրամանյանը: Նա դժգոհեց, որ «այսքան ժամանակ այգու, նույնն է թե՝ կենդանիներին հատկացված տարածքը զբաղեցնելով, ծառերի տակ թափված միրգն այգեգործներն ափսոսել են տալ կենդանիներին, թեպետ խնդրել ենք»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել