Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Մայիս 28,2005 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱԺ-ԻՆ «ԵՐԵՔ» ՆՇԱՆԱԿԵՑԻՆ Խորհրդարանականներին երեկ խնդրեցինք «հինգ» բալանոց կարգով գնահատական նշանակել օրենսդիր մարմնի անցած երկու տարվա աշխատանքին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որպես նախկին մանկավարժ, նախ ասաց, որ իրենց գործունեությունը «թմբլիկ երեքի» է. «Շատ դրական եմ գնահատում, որովհետեւ չունենք որեւէ խոստում կամ նախաձեռնություն, որ չենք կատարել, իսկ քաղաքական իմաստով բացասական եմ գնահատում»: Պարոն Սահակյանը նկատի ունի, որ ընդդիմությունը այդպես էլ չվերադարձավ խորհրդարան: Մի փոքր մտածելուց հետո ավելացրեց. «Բայց եթե լավ միջնորդներ հայտնվեն, կարելի է նաեւ «հինգ» նշանակել»: Պարոն Սահակյանը չմանրամասնեց, թե միջնորդներն ովքեր կարող են լինել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւս, որպես կրթության եւ գիտության նախկին նախարար, գնահատելով օրենսդիր աշխատանքի անցած երկու տարին՝ ասաց, որ կարելի է «երեք» նշանակել. «Խորհրդարանի աշխատանքը կգնահատեի բավարար, որպես այդպիսին, որովհետեւ խորհրդարանը իր ֆունկցիան կատարել է, պատգամավորները կատարել են իրենց գործը, բայց մեծապես ազդել է, իհարկե, ընդդիմության չմասնակցելը»։ Կուսակցական պատկանելությամբ ՀՀԿ անդամ, սակայն խորհրդարանում «Ժողպատգամավոր» խմբի անդամ Ռաֆիկ Պետրոսյանը խորհրդարանին «երեք ու կես» գնահատեց, մի քիչ գովեց, ասաց, որ խորհրդարանը հասցրել է քննարկել սահմանադրական փոփոխությունների տեքստը եւ ապահովել դրա առաջին ընթերցմամբ ընդունումը: Այդ պահին ոչ պարոն Պետրոսյանը եւ ոչ էլ մենք չգիտեինք, որ Վենետիկի հանձնաժողովը «երկուս է նշանակել» կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթին: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը ԱԺ-ին գնահատեց «չորս»։ Երբ լրագրողները զարմացան՝ «չո՞րս», Սամվել Բալասանյանը իր հերթին զարմացավ. «Ինչո՞ւ, բոլորը «գերազա՞նց» էին նշանակել»: Շատ ավելի խիստ էր «Արդարություն» խմբակցությունը: «Պարոն Սադոյանին՝ «հինգ», իսկ մնացածներին՝ անբավարար: Այդ թվում՝ նաեւ մեզ»,- ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել