ԽՆԴԻՐԸ ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է Վրաստանից Հայաստան ռուսական ռազմաբազաների հնարավոր վերատեղակայման դեպքում դժվար թե խնդիրներ ծագեն ՀՀ ԱԺ կողմից դեռեւս 90-ականների կեսին վավերացված «Եվրոպայում սպառազինությունների թեւային սահմանափակման մասին» միջազգային համաձայնագրի հետ կապված։ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկար ու ծանր բանակցությունները՝ Բաթումում եւ Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմաբազաները Վրաստանի տարածքից դուրս բերելու շուրջ, բացի այդ երկու երկրների ներքին գործը լինելուց՝ խոստանում է վերածվել նաեւ տարածաշրջանային խնդրի: Այդ մասին էր վկայում նաեւ անցյալ շաբաթ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Ադրբեջանում ՌԴ գործերի հավատարմատար Պյոտր Բուրդիկինին հղված նոտայում: Ըստ այդմ, պաշտոնական Բաքուն մտահոգություն հայտնելով նշված ռազմակայաններից ռազմական տեխնիկայի, զինամթերքի եւ սպառազինությունների՝ Հայաստան հնարավոր տեղափոխման կապակցությամբ՝ հայտարարել է, թե «նման քայլը չի ծառայի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին եւ է՛լ ավելի կլարի իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման առանց այդ էլ բարդ գործընթացում, որ ներկայումս բանակցություններում առաջընթաց արձանագրելու փխրուն հույսերի կարեւոր փուլում է», ավելին, որ դա կարող է անդրադառնալ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա: Ռուսաստանի փաստարկն էլ այն է, թե Վրաստանի ռազմակայանների ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի մի մասը տեղափոխելու է Հայաստան, որովհետեւ հնարավոր չէ չորս տարվա ընթացքում Ռուսաստանում ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Կրեմլը Հայաստանի իշխանություններին պաշտոնապես չի էլ դիմել եւ բանակցություններ չի վարում ռազմաբազաները Հայաստանում վերատեղակայելու մասին: Այդ մասին օրերս հայտարարեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ միաժամանակ հավելելով, որ՝ «եթե նման որոշում կայացվի, դա կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի լուծելիք հարցը»: Հայաստանում դիտորդները կարծում են, որ Վրաստանից ռուսական բազաների տեղափոխումը Գյումրի իրավական հետեւանք չի կարող ունենալ, որովհետեւ ՌԴ-ն դժվար թե հանդգնի «Եվրոպայում սպառազինությունների թեւային սահմանափակման մասին» համաձայնագիրը խախտող որոշումներ ընդունել, առավել եւս, որ նաեւ Հայաստանում մասնավորապես ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները այդ ոլորտում պարբերաբար դիտարկումներ են անցկացնում: Որքան հնարավոր եղավ պարզել, այս խնդրի շուրջ նույնիսկ հայ-ռուսական պաշտոնական բանակցությունները կարող են սահմանափակվել, ասենք՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ համաձայնություն ձեռք բերելով՝ շրջանցելով ԱԺ-ն, որովհետեւ, ինչպես նկատեցին մեր աղբյուրները, ՀՀ իշխանությունները կարող են վկայակոչել հայ-ռուսական՝ արդեն գոյություն ունեցող համաձայնագրերը եւ հայտարարել, որ խոսքը ոչ թե նոր համաձայնագրի մասին է, այլ գործողի շրջանակներում տեղավորվող խնդիր է: Ավելին, որոշ փորձագետների համոզմամբ, ռուսական կողմը գործող երկկողմ համաձայնագրի շրջանակներում կարող է իր բազաները Վրաստանից Հայաստան տեղափոխելու դեպքում ընդամենը ՀՀ իշխանություններին տեղյակ պահել իր բազաների վերատեղակայման մասին եւ՝ ընդամենը: Հարկ է հիշել՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ օրերս արած եւ, թերեւս, այդ համատեքստում տեղավորվող հայտարարությունը, որ նման խոսակցության դեպքում անգամ «դա չի նշանակում ՀՀ նոր ռուսական բազայի ստեղծում»: Ուստի՝ Հայաստանում եւ քաղաքական շրջանակները, եւ փորձագետները շեշտադրումներ անում են խնդրի սոսկ քաղաքական հետեւանքների եւ ենթատեքստերի վրա: Այդ տեսանկյունից ՌԴ կողմից այդպիսի որոշումը կարող է երկու հետեւանք (կամ գուցե՝ նպատակ) ունենալ. ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային այս փուլում հավելյալ լարում առաջացնել հայ-ադրբեջանական՝ առանց այդ էլ բարդ հարաբերություններում, նաեւ վիժեցնել հայ-թուրքական հնարավոր երկխոսությունը: Իսկ ՀՀ իշխանությունների խանդավառությունն այդ հարցում եւս մեկ անգամ վկայում են ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ