ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ տասնյոթերորդ
ԱՆՄԱՀԱԿԱՆ ԳԻՆԻ
Իմ ու վրացու խոսակցության ընթացքում տղերքը շարունակում էին նվագել, եւ տղերքի նվագի ողջ ընթացքում Բախվան կկոցում էր աչքերն ու բերանն էր ծռմռում. ըստ երեւույթին, տղերքի նվագը վրացի պրոֆեսիոնալի նյարդերի վրա ազդում էր:
– Ֆալշ ե՞ն նվագում,- հարցրի ես:
– Շատ էլ լավ են անում. չուզողի հերն են անիծում: Էս բանակ կոչվածը տեղով մեկ ֆալշ ա: Ոչինչ. կամաց-կամաց կսովորեն: Կարեւորն էն ա, որ ձգտում կա,- ծիծաղելով ասաց Բախվան:
– Ներս գնանք,- ասացի ես:
– Հա,- ասաց Բախվան:
Երբ ներս մտանք, տղերքն ինձ ու Բախվային տեսնելով՝ դադարեցրին նվագը: Պարզվեց՝ Կիրովաբադցին արդեն վերադարձել ու բերել էր շեփորն ու ալտը:
– Տղե՛րք, ծանոթացե՛ք մեր վրացի ախպոր՝ Բախվայի հետ,- ասացի ես:
– Դուք հոբոյ եք նվագել, չէ՞,- ձեռքը Բախվային մեկնելով՝ ասաց Կիրովաբադցին:
– Իմ մասին, փաստորեն, արդեն ամեն ինչ գիտեք,- ասաց Բախվան՝ մեկ առ մեկ ձեռքը տղերքին մեկնելով:
– Կարավանը ձեր մասին պատմել ա,- ասաց Պարգեւը:
– Մի հատ միասին չփորձե՞նք,- Բախվային հարցրեց Կիրովաբադցին:
– Փորձենք,- ասաց Բախվան՝ ֆլեյտան հանելով:
– «Պրաշչանիե սլավյանկին» ենք նվագում, ահա՛,- ասաց Կիրովաբադցին՝ նոտաները Բախվային մեկնելով:
– Առանց նոտաների կփորձեմ,- ասաց Բախվան.- Արմենի արհեստանոցից մի քանի անգամ լսեցի ձեր նվագը:
Մինչ Բախվան իր ֆլեյտայով մի քանի փորձնական ձայներ կհաներ, ես անմիջապես տեղավորվեցի տարելկեքիս ու բալշոյ բառաբանիս մոտ:
Ընդհանուր աղմուկի մեջ Բախվայի ֆլեյտայի քաղցրալուր հնչյունները հազիվ էին լսվում, բայց էդ ճշգրիտ հնչյուններն ու Բախվայի ինքնավստահ կեցվածքը միանգամայն այլ շուք էին տալիս մեր նվագախմբին, ու դրան էլ գումարած՝ Կիրովաբադցին, որ հիմա արդեն ձախով իր դիրիժորությունն էր անում, իսկ աջով հնչեցնում էր իր փառահեղ շեփորը:
– Մակարդա՜կ,- գոռաց Վալերը, երբ նվագն ավարտեցինք:
– Վալո՛դ, էս վիճակով արդեն կարանք, չէ՞, ժողովրդի առաջ նվագենք,- Կիրովաբադցուն հարցրեց Պարգեւը:
– Չէ, Պարգեւ ջան, հըլը ահագին մաքրելու տեղեր կան, բայց հույս ունեմ, որ մինչեւ ամսի հինգն էս սաղ թերությունները վերացրած կըլնենք,- ասաց Կիրովաբադցին:
– Հա, դեմներս լրիվ էրկու օր կա,- ասաց Վալերը:
– Տղերք ջան, մեկ-մեկ ռուսերեն խոսեք՝ ես էլ բան հասկանամ,- խնդրեց Բախվան:
– Գենացվալե, խի դու հայերեն չես հասկանո՞ւմ,- կատակեց Պարգեւը:
– Բախվա ջան, կարող ա՞ էն գործիքից էլ գլուխ հանես,- սեղանի վրայի ալտը ցույց տալով՝ հարցրեց Կիրովաբադցին:
– Էդ գործիքից մեր սիմֆոնիկում կար. մի քանի անգամ ձեռս առել եմ, բայց լուրջ չեմ նվագել,- ասաց Բախվան:
– Միգուցե փորձե՞ս,- առաջարկեց Կիրովաբադցին:
– Փորձեմ,- ասաց Բախվան՝ վերցնելով ալտը:
– Դե՛, սկսում ենք, տղե՛րք ջան, երեք՝ չորս,- գոռաց Կիրովաբադցին՝ ձախով սկսելու նշան տալով:
Բախվայի ալտից մեր նվագն է՛լ ավելի հստակվեց ու վերաիմաստավորվեց եւ երբ ավարտվեց, Վալերը հիացած բացականչեց.
– Պրոֆեսիոնալը սավսեմ ուրիշ ա, հո զոռով չի:
– Ռուսերե՛ն ասա, Վալե՛րա,- ասաց Բախվան:
– Բախվա ջան, ասում եմ՝ ընենց նվագեցիր, ոնց որ էդ գործիքը ձեռիդ ծնված ըլնեիր,- ռուսերեն ասաց Վալերը:
– Երդվում եմ, էս գործիքի վրա կյանքումս առաջին անգամ եմ նվագում,- ասաց Բախվան:
– Փաստորեն, էս գործիքն էլ իրա տիրոջը գտավ,- Բախվայի նվագից հիացած՝ ասաց Կիրովաբադցին:
– Երեւի չեք հավատում, տղաներ, բայց իսկապես առաջին անգամ եմ ալտ նվագում,- ինքն իր վրա զարմացած՝ ասաց Բախվան:
– Բոլորս էլ առաջին անգամ ենք նվագում, զեմլյակ ջան,- ծիծաղեց Պարգեւը:
– Բացի Արմենից,- ասաց Բախվան.- Արմենը երեւի հին տարելկիստ ա:
– Ես ընդհանրապես էս տարելկեքը էրեկ առաջին անգամ եմ մոտիկից տեսել,- ասացի ես:
– Ռիթմի շատ ուժեղ զգացողություն ունես. իզուր էլ նկարիչ ես դառել,- ասաց Բախվան:
Բախվա Բուրչուլաձեն մարդամոտ ու կենսախինդ տղա էր ու էնքան շուտ մերվեց հետներս, որ նույն էդ օրվա երեկոյան արդեն մեզ թվում էր, թե շատ վաղուց ենք ճանաչում իրեն:
Բախվայի սիրած տեղն իմ արհեստանոցն էր, ու նա հետս ժամերով գեղանկարչությունից էր խոսում, ու մտքով էլ չէր անցնում, որ ես բանաստեղծության հետ որեւէ առնչություն ունեմ, եւ երբ յոթ տարի անց՝ հազար ինը հարյուր ութսունմեկ թվականի հուլիսի տասնիննին Քութայիսի օպերայի ու բալետի թատրոնում բեմ բարձրացա ու սկսեցի արտասանել, ամենից ավելի հենց Բախվան էր զարմացել ու ապշել:
Իմ շատ սիրելի ու անմոռանալի ընթերցող, ես քեզ սիրելի եմ անվանում, որովհետեւ եթե դու չլինեիր, ես էս երկար-բարակ պատմությունները չէի հիշի ու մանավանդ գրի չէի առնի ու ես քեզ նաեւ անմոռանալի եմ անվանում, որովհետեւ ես ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ քեզ ու հիմա, քեզ վերստին չմոռանալով ու հիշելով, սկսում եմ նաեւ մտածել ու գիտակցել, որ ես արդեն սկսում եմ նմանվել էն տղերքին, ովքեր մեկ կամ երկու տարի բանակում ծառայում ու հետո հիսուն տարի անընդհատ բոլորին պատմում են իրենց էդ մեկ կամ երկու տարիների բանակային կյանքը՝ շարունակաբար ձանձրացնելով իրենց ունկնդիրներին ու ակնդիրներին, ու ես, որ փորձում էի երկխոսությունների միջոցով հնարավորինս թեթեւացնել կյանքիս բանակային հատվածը, հիմա արդեն սկսում եմ հասկանալ, որ ուրիշի բանակային կյանքը նաեւ երկխոսությունների առկայության դեպքում կարող է ձանձրալի լինել, մանավանդ որ՝ բանակում ասված յուրաքանչյուր խոսք իր հետեւից ինքնըստինքյան նոր խոսք է բերում, ընդ որում՝ միանգամայն անտեղի ու ավելորդ խոսք:
Ինչ վերաբերում է երկխոսություն ներին, ապա էս երկարաշունչ երկխոսություններիս առիթն ու պատճառը հիմնականում փոքր աղջկաս՝ Օսանի դիտողությունն էր էս վեպիս առաջին երկու հատվածների կապակցությամբ. էդ առաջին երկու հատվածները կարդալով՝ աղջիկս ինձ դիտողություն արեց ու ասաց. «Ինչի՞ ես էդքան խիտ-խիտ գրում, հայրի՛կ. չես կարա՞ գծերով գրես»: «Ո՞նց գծերով»,- հարցրի ես: «Էն որ մարդիկ իրար հետ խոսում են. Հեմինգուեյի գրածների պես»,- ասաց աղջիկս: Ու էս առիթով հիմա նաեւ հիշեցի, որ երբ Սարոյանը վերջին անգամ Երեւան էր եկել, գրողական շատ նեղ շրջանակում իրեն հարցրինք, թե իր կարծիքով ո՞վ է ավելի մեծ՝ Ֆոլկնե՞րը, թե՞ Հեմինգուեյը, Սարոյանը պատասխանեց եւ ասաց. «Ֆոլկները շա՜տ մեծ գրող է, իսկ երկրորդը անընդհատ կգրե՝ ըսի-ըսավ, ըսի-ըսավ, ըսի-ըսավ»: Ներկաներս ընդհանուր առմամբ տեղյակ էինք Հեմինգուեյ-Սարոյան մինչեւ իսկ տուրուդմփոցի հասած հակամարտությանը ու ներկաներս մեր մաշկերի վրա նաեւ զգացել էինք, որ երկխոսությունն էնքան էլ հեշտ գործ չի, բայց ես հիմա նաեւ զգում ու հասկանում եմ, որ երկխոսությունից հոգնել ու երկխոսություններով հոգնեցնել էլ կա, մանավանդ՝ երբ միեւնույն մարդիկ են մի գլուխ ասում ու խոսում, ու հիմա ես, էդ հասարակ բանը զգալով ու հասկանալով, ուզում եմ վերադառնալ ոչ թե զորամասի ակումբի բեմ, այլ միանգամայն ուրիշ բեմ՝ ութսունմեկ թվականի հուլիսի տասնիննի Քութայիսի օպերայի ու բալետի թատրոնի բեմը, ուր ես միկրոֆոնով ռուսերեն տողացիներս էի արտասանում ու դեռեւս չգիտեի, որ դահլիճում, ի թիվս այլ վրացիների, նստած է իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեն:
Երբ ութսունմեկի հուլիսի սկզբներին Վարդգես Պետրոսյանն ինձ կանչեց իր կաբինետ ու ասաց, որ պիտի հինգ օրով մեկնեմ Քութայիս՝ մասնակցելու Մայակովսկու ծննդյան օրվան առնչվող պոեզիայի օրերին, ես իսկույն համաձայնվեցի, չնայած էդ տոնին իմ մասնակցությունը հեչ չէի պատկերացնում, բայց Երեւանից հինգ օրով բացակայելս շատ հարմար առիթ էր, որ հինգ օր նաեւ «Ծիծեռնակ» ամսագրում իմ աշխատանքից բացակայեի ու հինգ օրով ազատվեի բազմահարյուր մանկագիրների հետապնդումներից, ու բնական էր, որ ես սիրով ու իսկույն ընդունեցի Վարդգես Համազասպովիչի առաջարկությունը, մանավանդ որ՝ ջահել էի ու ճամփորդել էլ շատ էի սիրում, ու նաեւ՝ իմ ու Հրաչի Թիֆլիսից ու Վրաստանից ամբողջ ութ տարի անցել էր, ու էդ անցած ութ տարիները ոչ միայն վերջնականապես ջնջել էին իմ ու Հրաչի թիֆլիսյան տհաճություններն ու խորդուբորդերը, այլեւ իրենց մեջ պահել ու պահպանել էին էն ամեն արկածայինն ու շողշողունը, որ հնարավոր էր ու երեւի անհրաժեշտ էր պահել ու պահպանել:
Ինչեւէ. ես սրտանց ընդունեցի Վարդգես Համազասպովիչի առաջարկությունն ու քրոջս խնդրեցի, որ բանաստեղծություններիցս մի քանիսը տողացի ռուսերեն թարգմանի, եւ ես ու քույրս էնպիսի գործեր ընտրեցինք, որոնք, կարծում էինք, կհետաքրքրեին վրաց ընթերցողին ու հանդիսատեսին: Ես ու քույրս կանգ առանք բանաստեղծություններիցս երեքի վրա. առաջինը Հայաստանին ու մեր հինավուրց արմատներին էր նվիրված, իսկ երկրորդը նվիրված էր Վլադիմիր Վիսոցկուն: Երրորդ բանաստեղծությունը, որ քրոջս հետ խելք-խելքի տալով՝ տողացի ու բառացի թարգմանեցինք, նվիրված էր իմ բանակի ընկեր Բախվա Բուրչուլաձեին, ու էդ բանաստեղծությունը տպագրված էր իմ առաջին գրքում, որ յոթանասունիննին արդեն լույս էր տեսել, եւ էդ բանաստեղծությունս սրտանց գրել ու տեղադրել էի գրքիս սկզբներում, մտածելով ու հուսալով, որ իմ էդ բանաստեղծությունը միանգամայն խորհրդանշում է սովետական ժողովուրդների բարեկամությունը, եւ, ուրեմն, գրքիս խմբագիր Ումառյան Սերգեյն ինձանից ուրիշ դեկլարատիվ ոտանավոր չի պահանջի, բայց Ումառյանը պահանջեց, ու ես գրեցի նաեւ «Զոհված զինվորի երգը», որը նույնպես տեղադրեցի գրքիս սկզբներում՝ Բախվային նվիրած բանաստեղծությանս քիփ կողքին:
Էդ երեք բանաստեղծություններիս տողացիները քրոջս հետ միանգամայն բարեխղճորեն, ոգեւորությամբ ու էնտուզիազմով արինք պրծանք, եւ եթե իմ էդ երեք բանաստեղծություններն էլ բնագրում ազատ ու անհանգ էին, ապա իմ ու քրոջս համատեղ թարգմանած էդ, ուրեմն, տարբերակներում անկախ մեզանից ինչ-որ ռիթմեր ու հանգեր հայտնվեցին, ընդ որում՝ միանգամայն մաքուր ու հստակ հանգեր, եւ ես ու քույրս, հընթացս հասկանալով, որ ռուսերեն բանաստեղծությունն առանց հանգուվանկի միանգամայն անհեթեթ ու անիմաստ է, հավեսի ընկանք ու ծայրեծայր հանգավորեցինք իմ էդ երեք ոտանավորները, որոնք անհրաժեշտության դեպքում պիտի էնտեղ, ուրեմն, արտասանեի, ու ես, բեռուբոխչես հավաքելով, հազար ինը հարյուր ութսունմեկ թվականի հուլիսի տասնհինգի երեկոյան գնացքով ճանապարհվեցի Թիֆլիս, որտեղից ավտոբուսով պիտի շարունակեի ճանապարհս դեպի Քութայիս, ու էնտեղից էլ՝ Բաղդադի գյուղը, որտեղ, ինչպես գիտեք, կամ, ավելի ճիշտ, ինչպես չգիտեք, նախանցած դարի իննսուներեք թվականի հուլիսի տասնիննին ծնվել ու հասակ է առել ռուսական հեղափոխության ամենամեծ երգիչ Վլադիմիր Մայակովսկին:
Առավոտյան ես արդեն Թիֆլիսում էի եւ արդեն միանգամայն ազատ ու անկաշկանդ թրեւ էի գալիս իմ ու Հրաչի էդ, ուրեմն, արժանահիշատակ քաղաքում, եւ սա արդեն միանգամայն այլ Թիֆլիս էր, ու ես էլ իսկապես ազատ ու անհոգ էի, մանավանդ որ՝ Քութայիս մեկնելիք ավտոբուսի տոմսն արդեն գրպանումս էր, ու ես Թիֆլիսում ազատ ու անհոգ ֆռֆռալու ամբողջ երեքուկես ժամ ունեի, ու գրպաններումս էլ ահագին փող կար՝ իմ անձնականն ու Գրողների միությունից ստացած գործուղման գումարը, եւ ես, «Իվերիա» հյուրանոցով կողմնորոշվելով, իջա շուկայի մոտի խինկալիանոց եւ գարեջուր ու քսան հատ խինկալի պատվիրեցի, բայց, ինձ զոռելով, հազիվ տասը հատը հաջողացրի ուտել՝ էնքան որ մեծոտ էին, այնուհետեւ, խինկալիանոցից դուրս գալով, մտա «Իվերիայի» դիմացի մթերային խանութը, ուր նույն բաժիններում նույն պուրիներն ու նույն կիլկիներն առաջվա պես իրենց տեղերում էին, ու ես, մթերայինից դուրս գալով, Ռուսթավելիով իջա ու հարցուփորձով գտա Վրաստանի գրողների միության շենքն ու երբ ներս մտա, հենց միջանցքում, իմ ով լինելը ենթադրելով, ինձ ողջունեց գրողների միության բանաստեղծ քարտուղար Ջանսուղ Չարքվիանին եւ հարցրեց՝ «կա՞կ տամ Վարդգես Ամազասպովիչ», եւ երբ իրեն փոխանցեցի Վարդգես Պետրոսյանի ջերմ ողջույնները, Ջանսուղը, ոգեւորվելով, ինձ տեղեկացրեց, որ ուղիղ չորսին Գրողների միության մոտից «Իկարուսով» մեկնելու ենք Քութայիս, եւ երբ իմացավ, որ Քութայիսի ավտոբուսի տոմսն արդեն առել եմ, անմիջապես կանչեց իր ռեֆերենտ Վախթանգին, որն ավտոբուսի տոմսն ինձանից վերցնելով ու զննելով՝ գրպանից անմիջապես մի հինգանոց հանեց, տվեց ինձ ու ասաց, որ ինքն անձամբ կգնա ավտոկայան ու հետ կտա տոմսը:
Ինչ վերաբերում է Վարդգես Համազասպովիչին, ինքն իմ միջոցով իսկապես ջերմ բարեւներ էր հղել Ջանսուղին ու հատկապես Վրաստանի գրողների միության նախագահ Նոդար Դումբաձեին, բայց Դումբաձեն Մոսկվայում էր, եւ Դումբաձեի քարտուղարուհին ինձ ասաց, որ Մայակովսկու էդ պոեզիայի տոնով անձամբ ու ամբողջապես զբաղվելու է Ջանսուղը, ինչպես նաեւ Եվգենի Եվտուշենկոն, որը Մոսկվայից միանգամից Քութայիս պիտի ժամաներ:
Վարդգես Պետրոսյանն ինձ նաեւ ասել էր, որ Մայակովսկու էդ պոեզիայի տոնն ավանդական է եւ արդեն երկրորդ տարին է անցկացվում: Նա նաեւ ասաց, որ մրցանակներ էլ են լինելու:
– Ի՞նչ մրցանակներ,- հարցրի ես:
– Շատ մի ոգեւորվիր,- ասաց Համազասպովիչը.- էդ մրցանակները մեզ համար չեն նախատեսված:
– Բա ո՞ւմ համար են նախատեսված,- հարցրի ես:
– Շատ ես խորանում,- ասաց Պետրոսյանը,- ընդամենը երեք մրցանակ է. էդ երեք մրցանակներից երկուսն ամեն տարի պարտադիր տալիս են մի վրացու ու մի ռուսի: Ռուսին տալիս են հատկապես վրացական պոեզիա թարգմանելու համար:
– Փաստորեն, իրենք իրենց համար մրցանակ են հնարել,- ասացի ես:
– Շատ էլ բնական է,- ասաց Պետրոսյանը.- իրենք ծախսերն անում են, իրենք էդ ամեն ինչը կազմակերպում են, ու շատ բնական է, որ էդ երեք մրցանակներից մեկը մշտապես իրենց հայրենակցին տան: Դե, մյուսն էլ ռուսներին են տալիս, որ, էսպես ասած, խրախուսեն վրացական պոեզիան ռուսերեն թարգմանողներին:
– Բայց, Վարդգես Համազասպովիչ, ասում եք՝ երրորդ մրցանակ էլ կա, չէ՞,- հարցրի ես:
– Քե՞զ ինչ,- վրդովվեց Պետրոսյանը:
– Բա էդ երրորդ մրցանա՞կն ում են տալիս,- հարցրի ես:
– Չգիտեմ,- ասաց Պետրոսյանը,- կարծեմ անցած տարի ուկրաինացու են տվել, էս տարի էլ ինչ-որ ղազախի են տալու: Երեւի հանրապետությունների առաջնահերթության հարցեր կան:
– Երեւի,- ասացի ես:
– Ասաց, որ էս տարի ինչ-որ ղազախի են տալու:
– Ո՞վ ասաց,- հարցրի ես:
– Ջանսուղը՝ Ջանսուղ Չարքվիանին. իրենց միության քարտուղարներից է: Հա՛, Ջանսուղին իմ կողմից կբարեւես: Դումբաձեին էլ իմ անունից հատուկ կբարեւես, չնայած, ինչքան գիտեմ, հիմա ինքը Մոսկվայում պիտի լինի: Բայց երեւի վերջում գա հասնի,- ասաց Պետրոսյանը:
– Պարզ է,- ասացի ես:
– Ի՞նչն է պարզ,- հարցրեց Պետրոսյանը:
– Պարզ է, որ եթե մրցանակի հաշիվ լիներ, դժվար թե ինձ ուղարկեիք,- ասացի ես:
– Քեզ չեմ հասկանում, ա՛յ տղա,- վրդովվեց Վարդգես Պետրոսյանը.- դժգոհ ե՞ս, որ քեզ եմ ուղարկում: Չիմանաս թե՝ սիրուն աչքերիդ համար եմ քեզ ուղարկում. ուղղակի «Գարունի» էս վերջին շարքդ հավանել եմ, դրա համար էլ մտքովս անցար:
– Շնորհակալություն, ընկե՛ր Պետրոսյան,- ասացի ես,- ուղղակի էդ մրցանակների մասին որ ասացիք, մեջս մի տեսակ հետաքրքրություն առաջացավ:
– Էդ մրցանակը մտքիցդ կհանե՛ս,- ասաց Պետրոսյանը.- էս գլխից քեզ մի՛ տրամադրի, որ հետո մանթռաշ չընկնես: Եվ վերջապես՝ ես ամենազոր չեմ. հանրապետությունների չափերի ու մասշտաբների հարցեր կան:
– Հասկանալի է,- ասացի ես:
– Ուրեմն՝ մտնում ես Նորայի մոտ, գործուղմանդ փողերն ստանում ես ու՝ հայդե՜ Թիֆլիս:
– Մերսի՛, ընկեր Պետրոսյան,- ասացի ես:
– Մի րոպե՛, Շեկոյա՛ն,- գոռաց Համազասպովիչը, երբ արդեն հասել էի կաբինետի դռանը:
– Հա,- ասացի ես:
– Դու կարծեմ դեռ Գրողների միության անդամ չես, չէ՞:
– Չէ,- ասացի ես:
– Լավ կանես՝ էդ ուղղությամբ մտածես. թե չէ՝ մրցանա՜կ, չգիտեմ ի՜նչ: Մենք մեր էս տարիքին դեռ որեւէ միութենական մրցանակ չենք ստացել. ի՞նչ ա՝ ուզում ես մեկից մեզ տաս-անցնե՞ս:
– Էդ մրցանակի մասին դո՛ւք ասացիք, ընկե՛ր Պետրոսյան. ես հեչ չգիտեի էլ, որ էդ տեսակ մրցանակ կա:
– Հանաք եմ անում,- ասաց Պետրոսյանը:- Դե լավ, հաջողություն: Բարի ճանապարհ:
– Շնորհակալություն,- ասացի ես ու դուրս եկա նախագահի կաբինետից, որի դռանը դրսի կողմից ահագին հայտնի ու անհայտ գրողներ էին կուտակված, եւ երբ նրանցից ամենատարեցն ու ամենահայտնին քթի տակ փնթփնթաց՝ «Էս Վարդգեսն իրան լրիվ ձեռ ա առել. ամեն դեղնակտուցի ժամերով ընդունում ա, իսկ մեզ ժամերով սպասացնում ա», եւ երբ մեկ այլ տարեց ու անհայտ գրող պատասխանելով ամենահայտնի տարեցին՝ ասաց՝ «էդ նշանակում ա՝ ոչ թե իրան ա ձեռ առնում, այլ՝ մեզ», ես հասկացա, որ պահանջվածից շատ ավելի երկար է Վարդգես Պետրոսյանը հետս զրուցել:
Երբ Ջանսուղի կաբինետից դուրս եկա, դեռեւս ժամը երկուսը չկար, այսինքն՝ ընդամենը քսան րոպեում ահագին բան էի ինձ համար արդեն պարզել ու ճշտել, եւ դրանից սիրտս մի տեսակ թեթեւացած էր, որովհետեւ դա իմ առաջին գործուղումն էր եւ, բացի այդ, իմ առաջին անընկեր ճամփորդությունն էր, չհաշված, իհարկե, բանակ գնալս, բայց դուք արդեն գիտեք, որ ես բանակիս ճանապարհին ընդամենը մինչեւ Մասիս կայարանն էի անընկեր ու մենմենակ:
Իսկ հիմա՝ Ջանսուղի կաբինետից ու Վրաստանի գրողների միության շենքից դուրս գալուց հետո, ես բացարձակ մենակ էի, բայց իմ էդ մենակությունն ինձ արդեն ոչ թե ճնշում էր, այլ թեւ էր տալիս, որովհետեւ իմ տրամադրության տակ իմացածս ու չիմացածս ողջ Թիֆլիսն էր, եւ մինչեւ ֆունիկուլյորի կայան ընդամենը մի քանի քայլ էր, եւ, ինչպես երեւի կռահում եք, հենց ֆունիկուլյորից էլ սկսեցի:
Ես ֆունիկուլյորով բարձրացա ամենավերեւ, նստեցի իմ ու Հրաչի բացօթյա սրճարանի պարապ սեղաններից մեկի մոտ, սուրճ ու գարեջուր պատվիրեցի եւ, սուրճս ու գարեջուրս ըմբոշխնելով, ծանոթ պատկերներն էի վայելում, ու թենիսի սեղաններն էլ նույնությամբ կային, ու ես, սուրճս ու գարեջուրս անշտապ վայելելով, մերթ ներքեւում շողշողացող Թիֆլիսին էի նայում, մերթ էլ՝ թենիս խաղացող ջահելներին՝ տղային ու աղջկան, որոնք, ճիշտ է, ինձնից ու Թամազից ակնհայտորեն թույլ էին խաղում, բայց ինձնից, Թամազից ու բոլորից ակնհայտորեն երջանիկ էին, ու ես, չնայած իրենց վրացերեն կչկչոցներից բան չէի հասկանում, բայց զգում ու հասկանում էի, որ թենիս խաղացող էդ երկուսն էդ պահին բացարձակ երջանիկ են:
Ես սուրճիս ու գարեջրիս համար վճարեցի եւ, ինչպես երեւի կռահում եք, շարժվեցի դեպի վրաց մեծերի պանթեոն, եւ եթե դուք արդեն կռահել էիք, որ ես հենց պանթեոն պիտի գնայի, կնշանակի՝ դուք էլ էդ պահին նույնը կանեիք՝ եթե իմ տեղը լինեիք, եւ, եթե իմ տեղը լինեիք, դուք էլ երեւի առանձնապես երկար չէիք մնա Հրաչի կողմից կասկածի տակ առնված վրաց մեծերի էդ, ուրեմն, տապանաքարերի մոտ, որովհետեւ ներքեւից ինձ կանչում էին հուլիսյան արեւկող Թիֆլիսն ու հատկապես շողշողուն Ռուսթավելու պողոտան, եւ իմ տրամադրության տակ դեռեւս ժամուկես կար, այսինքն՝ ընդամենը կես ժամ էր պահանջվել, որ ես լիովին ու լիասիրտ ըմբոշխնեի իմ ու Հրաչի թիֆլիսյան ամենաընտիր ու ամենահամեղ պատառիկները, եւ արդեն ֆունիկուլյորի վագոնի մեջ հասկացա, որ պիտի նաեւ «Իվերիա» մտնեմ ու պիտի անպայման տեսնեմ իմ ու Հրաչի Սոֆիկոյին:
Ես Ռուսթավելու պողոտայով իջա, ավելի ճիշտ՝ բարձրացա, իսկ ավելի ճիշտ՝ ոչ իջա ու ոչ էլ բարձրացա, որովհետեւ էդ անհավասար ու դարուփոս Թիֆլիսում Ռուսթավելու պողոտան ամենահարթ ու ամենաուղիղ տեղն էր, եւ, ինչպես Քուռն է ուղիղ ու հանդարտ հոսում, ու ոչ ոք չի կարող ասել՝ իջնո՞ւմ է, թե՞ բարձրանում, էդպես էլ ես էի Ռուսթավելու պողոտայով անթեք ու հանդարտ հոսում եւ կանգ առա միայն Ռուսթավելու ամենավերջում ծպտված մի նկուղի մոտ, որի ճակատին վրացերեն, ռուսերեն ու հայերեն գրված էր՝ «Կինտո»:
Էդ նկուղն էն տեղերից էր, ուր ես ու Հրաչը յոթ տարի առաջ շատ էինք ուզեցել մտնել, բայց մեզ ու ձեզ հայտնի պատճառով չէինք զորել, ու երբ մտա, պարզվեց, որ էդ «Կինտոն» մի շատ պստիկ ու նեղվածք տեղ է, ուր միայն գինի էին տալիս, ու տվողն էլ կոլոտ, չաղ ու բեղավոր մի բիձուկ էր, ու էդ նեղվածքում մի շատ մեծ գինու տակառ կար, մի փոքրիկ սեղան ու մի քանի աթոռակ, ու իր անմահական գինին բեղավոր ու չաղ բիձուկն ինձ մատուցեց մի ալյումինե բաժակով, որից հիսունականներին երեւի բոլորիս տներում կար, եւ էդ թվերին էդ բաժակներով էինք ջուր խմում ու բոլորս էլ էդ բաժակներին կռուշկա էինք ասում, եւ երբ մի լիքը բաժակ խմեցի, անմիջապես գլխի ընկա, որ մի լիքը բաժակ էլ պիտի Հրաչի անունից ու Հրաչի փոխարեն խմեմ: