Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԴԱՐՁԱՎ «ԲԱԶԵՆԵՐԻ» ԲԻԶՆԵՍԻ ԶՈՀ

Մայիս 28,2005 00:00

Համահայկական երիտասարդական հիմնադրամը դեռ օրեր առաջ շեփորում էր, որ մայիսի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում պետք է կայանա Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» գրքի շնորհանդես-վաճառքը:

«Բազեական» հիմնադրամի միջոցներով տպագրված գիրքը, որի վրա տպաքանակ նշված չէր (դա օրենքի խախտում է- Գ. Հ.), վաճառվում էր 5000 դրամով: Ի դեպ, կազմակերպիչները նախապես խոստացել էին, որ գիրքը ձեռք բերողները անպայման կունենան Ազնավուրի մակագրությունը:

Երեկ, սակայն, «բազեական» միջոցառումը խայտառակ ավարտ ունեցավ՝ տապալվեց: Աշխարհահռչակ հային տեսնելու համար ժողովուրդը «շրջափակել» էր կինոթատրոնի շենքը, ներսում եւս ասեղ գցելու տեղ չկար. եկել էին տարեց մարդիկ, անգամ հղի կանայք ու փոքր երեխաներ: Քիչ էր մնում ոտքի տակ տային մշակույթի ներկա եւ նախկին նախարարներին, իսկ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանին մի կերպ հաջողվեց «գլուխը պրծացնել»: Մշակույթի փոխնախարար Լիլիթ Ասատրյանն էլ ստիպված եղավ «ապաստանել» կինոթատրոնի սրճարանում:

Լրագրողները փորձում էին ճեղքել մարդկանց «պատը», որպեսզի հնարավորություն ունենան մի կերպ աշխատելու: Սակայն ոստիկաններն ու կինոթատրոնի աշխատակիցները կոպիտ հրմշտոցով ու գոռգոռոցով տեղ էին բացում՝ խանգարելով լրագրողներին աշխատել: «Ժուռնալիստ չէ, ինչ ուզում ես էղի, մեզ ասել են տեղ բացեք»,-օպերատորների տեսախցիկները փակելով ասում էին նրանք: Դերասան Ազատ Գասպարյանը կոկորդով մեկ բղավում էր. «Ժողովուրդ, եթե տեղ չբացեք, Ազնավուրը չի գա, միջոցառումն էլ չի կայանա»: Գոռգոռոցների, աղմուկ-աղաղակի տարափի տակ Ազնավուրին մի կերպ բերեցին կինոթատրոնի 2-րդ հարկի ճեմասրահ: Շանսոնյեն, որ ապշած հետեւում էր շարունակվող հրմշտոցին, նեղսրտելով ոչ հաճելի տեսարանից ու չդիմանալով հեղձուկին, խնդրեց իրեն դուրս տանել: Ազնավուրը, թերեւս, չէր էլ պատկերացնում, որ Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած հանդիպումից հետո իրեն ավելի մեծ փորձություն է սպասվելու:

Միջոցառման տապալումից հետո մարդկային հոծ բազմությունն արդեն կուտակվեց «Երեւան» հյուրանոցի մուտքի մոտ՝ ակնկալելով, որ այնտեղ իջեւանած Ազնավուրը իր ինքնագիրը կթողնի գրքերի վրա՝ խոստացածի համաձայն:

Մարդիկ հուզված էին: «Ամաչում եմ, որ մեծ հային այսպես դիմավորեցինք: Եթե Համահայկական երիտասարդական հիմնադրամին պետք էր ուղղակի գիրք ծախել, թող էդպես էլ ասեին»,- արցունքն աչքին ասաց Անահիտ անունով մի տիկին: «Ախր բազեներից ի՞նչ էիք սպասում»,- ասաց մեկ ուրիշը: Թե ինչպես դիմավորեցինք Ազնավուրին, իսկապես իրեն քաղաքակիրթ համարող ժողովրդին հարիր չէր: Ու դրա հիմնական մեղավորը միջոցառման կազմակերպիչ «բազեականներն» էին, որոնք, ինչպես միշտ, ակնհայտորեն գերագնահատել էին իրենց կազմակերպչական ունակությունները:

Այսօր էլ Ազնավուրը հրավիրված է Սարդարապատ, հետաքրքիր է, այնտե՞ղ նրան ինչ է սպասվում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել