Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՃԱՐՈՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԱՏԵՐԱԿԱՆՈՒՄ

Մայիս 28,2005 00:00

Ըստ
ԿԳՆ-ի, դրանք անօրինական են Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի
(ԵԿԹՊԻ) ուսանողները լուծարքային («լիկվիդի») առաջին շրջանի համար 1500, իսկ երկրորդի
համար 3000 դրամ են վճարում հաշվապահությունում եւ ստանում վճարման ստացական: Դրա
առկայության դեպքում է միայն դասախոսը թույլ տալիս ուսանողին վերահանձնել ստուգարքը
կամ քննությունը: Տարիներ շարունակ այս «կարգին» հնազանդվող ուսանողներից
ոչ մեկը չգիտի, թե երբ է ինստիտուտը սկսել դա կիրառել: Այդ մասին չի հիշում նույնիսկ
ինստիտուտի գլխավոր հաշվապահ Սեդա Գասպարյանը. «Ես երկար տարիներ աշխատում եմ այստեղ,
եւ իմ աշխատելու առաջին իսկ օրից այս կարգը գործում է»,- ասում է տիկին Սեդան: Վճարման
այս կարգի կիրառման վաղեմությունը հաստատեց նաեւ ԵԿԹՊԻ-ի դեկան Նարինե Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ թե՛ վճարման կարգը, թե՛ գումարի չափը որոշվել եւ հաստատվել է ռեկտորատի
նիստում: «Ես ընդամենը մեկ տարի է, ինչ ստանձնել եմ դեկանի պաշտոնը,- ասաց Ն. Սարգսյանը,-
սա վաղուց ընդունված որոշում է եւ գործել է նաեւ ինձ նախորդած դեկանների պաշտոնավարման
ընթացքում»: Գլխավոր հաշվապահի խոսքերով՝ թեպետ կարգը վաղուց է գործում, բայց միայն
վերջերս է այդ որոշումը փաստաթղթով հաստատել ներկայիս դեկանը: «Մինչ այդ երեխաները
փողը մուծում էին,- բացատրում է Ս. Գասպարյանը,- բայց որոշումը թղթով չկար: Ես դիմեցի
դեկանին, եւ նա ստորագրեց հրաման, որով իրավունք ենք ստանում ուսանողներից գանձել
վերոհիշյալ գումարը»: Դեկան Ն. Սարգսյանը նշեց, որ հրամանը հիմնավորված է ուսանողների
հեռացման եւ վերականգնման մասին կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) կողմից
հաստատված կանոնագրով: Նրա խոսքերով՝ ըստ կանոնագրի՝ ուսանողները քննություն կամ
ստուգարք վերահանձնելու համար պետք է որոշակի գումար վճարեն, իսկ գումարի չափը սահմանվում
է ներքին կանոնակարգով: «Սա ոչ թե նախարարության կողմից վերահսկվող գործընթաց է,-
նշեց դեկանը,- այլ նախարարությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը»: Կրթության
եւ գիտության նախարարությունում հայտարարեցին, որ ԵԿԹՊԻ-ում իրականացվող գանձումը
պարզապես ապօրինի է. «Բուհը ոչ մի իրավական հիմք չունի անհարգելի բացակայություններ
ունեցող կամ լուծարքային շրջանում հայտնված ուսանողներից գումար գանձել»,- ասաց մասնագիտական
կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ չնայած ԿԳՆ-ն հնարավորություն
է տալիս բուհերին իրականացնել իրենց արտաբյուջեն ապահովող ձեռնարկատիրական գործունեություն,
սակայն այդ կանոնակարգում չկան վերոհիշյալ գանձումներին իրավական հիմք տվող կետեր:
«Ես այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո զանգահարել եմ բուհի պրոռեկտորին,- ասաց
Ռ. Գասպարյանը,- հրահանգ է տրված, որ ռեկտորատը նոր որոշում կայացնի եւ այդ ներքին
կանոնակարգը հանի: Նախարարությունը այս ամենը խստիվ դատապարտում է»: Նա նշեց, որ
բուհը պարտավորվել է պաշտոնապես ԿԳՆ-ին տեղեկացնել կանոնակարգի դադարեցման մասին:
«Եթե անձը իրավահարաբերության մեջ է մտնում որեւէ սուբյեկտի կամ կազմակերպության
հետ,- ասում է իրավաբան Վարուժան Անտոնյանը, որին դիմել էինք խորհրդատվության կարգով,-
վերջինս պարտավոր է նախօրոք տեղեկացնել իրենց համագործակցության պայմանների եւ հետեւանքների
մասին: Տվյալ դեպքում բուհը ոչ միայն պիտի ուսանողներին նախօրոք ծանոթացներ կանոնակարգին,
այլեւ պարտավորվեր բոլոր հետագա փոփոխությունների դեպքում տեղեկացնել դրանց մասին:
Իրավական տեսանկյունից՝ հակառակ դեպքում սա ուղղակի մարդու իրավունքների ոտնահարում
է»: Թե՛ ինստիտուտի դեկանը, թե՛ գլխավոր հաշվապահը հավաստիացնում էին, որ
ուսանողները նախապես ծանոթանում են կանոնակարգին: Ըստ նրանց՝ ինստիտուտի երկրորդ
հարկի ցուցատախտակի վրա փակցվում է դեկանի՝ վճարման կարգը հաստատող հրամանի պատճենը
(իսկ մինչ այդ, ուսանողները այդ մասին կարող էին տեղեկանալ նույն տեղում փակցված
որոշման միջոցով): Մեր՝ այնտեղ գտնվելու պահին ցուցատախտակի վրա վերոհիշյալ կանոնակարգի
մասին հիշեցնող ոչ մի փաստաթուղթ չկար: Ուսանողները պնդում էին, որ նման հայտարարություն
հայտնվում է միայն քննաշրջանի ընթացքում: ԵԿԹՊԻ-ի ուսանողները ոչ մի քայլ
չեն ձեռնարկել այս կանոնակարգի դեմ: Ինստիտուտի ուսխորհրդի փոխնախագահ Նորայր Նազարյանը
հավաստիացրեց, որ ոչ մի ուսանող իրեն այդ հարցով չի դիմել: Նրա խոսքերով՝ ինստիտուտում
կանոնակարգը վաղուց արդեն «հաճելի» ավանդույթ է դարձել: Սեդա Գասպարյանը տեղեկացրեց,
որ նախորդ ուսումնական տարում բուհը լուծարքային գումարներից ստացել է 1.022.500
դրամ եկամուտ: Ինստիտուտի գլխավոր հաշվապահը նշեց, որ այդ գումարները ծախսվում են
բուհի ընդհանուր կարիքները հոգալու համար: ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՄԱՆԵ
ՄԱԴՈՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել