Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ-Ի ԿԱԶՄԱԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է

Մայիս 28,2005 00:00

Կարծում
է Խոսրով Հարությունյանը Օրերս «Նոյյան տապան» գործակալությունը տեղեկատվություն
տարածեց, համաձայն որի՝ հունիսի վերջին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության
խորհրդի նիստում կընդունվի որոշում՝ ԱՊՀ շրջանակում ռազմական համագործակցությունը
դադարեցնելու մասին: Դրան կհետեւի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի
եւ ԱՊՀ ռազմական համագործակցության կոորդինացիոն շտաբի լուծարման մասին պաշտոնական
հայտարարությունը: Դա, ըստ էության, ենթադրում է ԱՊՀ-ի վերջը: Մեկնաբանելով այս հաղորդագրությունը,
Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը գտնում
է, որ նմանօրինակ զարգացումը կարող էր լինել իրադարձությունների տրամաբանական ընթացքի
հերթական հանգրվանը: Ավելին՝ «Ինչքան շուտ՝ այնքան լավ»,- գտնում է նա: Անդրադառնալով
ԱՊՀ-ին եւ նրա գործունեությանն ընդհանրապես, մեր զրուցակիցը դրական է գնահատում այդ
կառույցի ձեւավորումը՝ «իբրեւ ապահարզանի համար աշխարհաքաղաքական մի հարմար մեխանիզմի»,
քանզի 1991-ին թե միջազգային հանրությունը, թե ետխորհրդային երկրները հայտնվել էին
ԽՍՀՄ փլուզման պատմական անխուսափելիության առջեւ: «Այլ հարց է, որ որոշ ժամանակ անց
ՌԴ իշխանությունները փորձեցին ԱՊՀ-ն օգտագործել ետխորհրդային տարածքում Ռուսաստանի
աշխարհաքաղաքական հետաքրքրությունները պահպանելու, ինչ-որ «ա լյա» ԽՍՀՄ, տնտեսական,
ռազմաքաղաքական ալյանս ձեւավորելու համար: 1994-95-ից ՌԴ-ի այդ ձգտումներն ակնհայտ
էին: Այդ պահից արդեն ԱՊՀ-ն դարձավ արհեստածին, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության
հերթական գործիքներից մեկը: Բայց նման խնդիր լուծելու համար ԱՊՀ-ն ոչ պիտանի կառույց
էր: Աշխարհաքաղաքական ալյանսները ձեւավորվում են ներքեւից՝ հանրապետություններից,
ոչ թե ինչ- որ մի կենտրոնից»,- ասում է ՔԴՄ նախագահը: Այս ամենի համատեքստում նա
միանգամայն բնական է համարում նաեւ 1999-ից սկսված՝ ԱՊՀ-ի բարեփոխումների մասին խոսակցությունները,
քանզի ընդունված 800- 900 որոշումների չնչին մասն էր գործում: Կողմ լինելով
ԱՊՀ-ի գործունեության դադարեցմանը, Խոսրով Հարությունյանը գտնում է, որ այդ նախաձեռնությունը
պետք է Ռուսաստանն իր վրա վերցնի: Քանզի, ըստ նրա, միայն այդ պարագայում ետխորհրդային
երկրները կարող են զարգանալ առանց էական ջղաձգումների: Իսկ դա իր հերթին կնշանակի,
որ այլեւս գործ ունենք նոր որակի Ռուսաստան պետության հետ՝ «Ոչ թե գերտերություն,
որը ցանկացած գնով պետք է իր ռազմավարական շահերը պաշտպանի, այդ թվում նաեւ ռազմաքաղաքական
մեխանիզմներով, այլ՝ խոշոր եվրոպական պետություն, որի անունը Ռուսաստան է»: Այս նոր
աշխարհաքաղաքական իրավիճակը, պարոն Հարությունյանի համոզմամբ, կլինի նախ եւ առաջ՝
հօգուտ Ռուսաստանի: Կգնա՞ ՌԴ-ն այդ քայլին: «Դա նախ եւ առաջ իր շահերից է բխում:
Դա հնարավորություն կտա ՌԴ-ի ներքաղաքական կյանքն ավելի հեշտ տեղափոխել ժողովրդավարական
զարգացման ռելսերի վրա, ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել, որակապես կփոխվի
ՌԴ-ի միջազգային իմիջը, կավելանա այդ երկրի նկատմամբ վստահությունը: Ես, մեր կուսակցությունը
կողջունեինք նման նախաձեռնությունը»,- ասում է մեր զրուցակիցը, որի համոզմամբ՝ «Վաղ
թե ուշ դա լինելու է»: Ինչ վերաբերում է այդ պարագայում աշխարհաքաղաքական,
տնտեսական ոլորտներում ԱՄՆ-ի ազդեցությունների աճին՝ «Եթե այսօր մենք՝ Ռուսաստանի
հետ միասին հոխորտում ենք, դրանից ԱՄՆ-ի որեւէ ազդեցությունը գլոբալ գործընթացների
վրա նվազո՞ւմ է: Իհարկե՝ ոչ: Խոսքը գնում է իրերն իրենց անունով կոչելու մասին: Սառը
պատերազմի ավարտից հետո վերացել է գաղափարախոսական առճակատումը: Նոր աշխարհում յուրաքանչյուրն
իր դերակատարումն ունի: Վաղ թե ուշ՝ ԱՄՆ-ն ինքն իր հեգեմոն դերը պահպանելու համար
հակակշիռներ կփնտրի»,- գտնում է Խոսրով Հարությունյանը: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել