Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրության հարցը՝ նորից ԵԽ-ում

Մայիս 28,2005 00:00

Վենետիկի հանձնաժողովն արտահայտում է «խորը անբավարարվածություն»

Եվ այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է մի նախագիծ, որում հաշվի չեն առնվել իրենց առաջարկների մեծամասնությունը, հատկապես՝ նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների միջեւ հավասարակշռության (որը ենթադրում է Ազգային ժողովի ավելի ուժեղ դեր), դատական համակարգի անկախության եւ Երեւանի քաղաքապետի ընտրության վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները Հայաստան են այցելելու հունիսի 2-ին, որ այս խնդիրները քննարկեն իշխանությունների հետ:

Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի համար, որի ղեկավարած կառույցը գլխադասային էր սահմանադրական բարեփոխումների նախագծերի քննարկման համար՝ այս ծայրահեղ աննպաստ գնահատականն անսպասելի չէր. «Նրանց կարծիքը ես արդեն ստացել էի մայիսի 26-ին: Ինչ վերաբերում է կոնկրետ ձեւակերպումներին՝ միանգամայն արդարացի է նրանց տեսակետը: Ի դեպ, նրանք նաեւ արձանագրել են, որ կա լուրջ առաջընթաց մարդու իրավունքների առնչությամբ: Իսկ այն չլուծված 3 խնդիրները, որոնց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է իր անբավարարվածությունը, գաղտնիք չէին՝ դրանց մասին խոսվել էր դիտարկման հանձնաժողովի համազեկուցողների եւ այլոց հետ: Եվ հենց այն հանգամանքը, որ պայմանավորվածություն կա հունիսի սկզբին հանդիպելու եւ քննարկելու՝ արդեն իսկ հաստատում է պատրաստակամությունը համատեղ լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ: Հուսով եմ, որ քննարկումները հնարավորություն կտան լուծել առկա բոլոր խնդիրներն այս 3 հիմնական ոլորտներում»:

Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ նման աննպաստ կարծիքը կարող է խթանել, որ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում քննարկում նախաձեռնելու մի նոր փորձ արվի՝ պրն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, թե փոփոխությունների ընթացքն այսօր էլ քննարկման անհրաժեշտություն ունի: Առավել եւս, որ եթե անգամ ապրիլին Ստրասբուրգում հարցը մտներ օրակարգ՝ չէր արվելու բովանդակային քննարկում, եւ դա հնարավոր էլ չէ: Այն հնարավոր է միայն Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Այլ հարց է, որ երբ այդ աշխատանքներն ավարտվեն եւ վերջնական կարծիք ձեւավորվի Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ այն կդառնա լուրջ հիմք, որ եվրոպական կառույցներն իրենց վերաբերմունքն արտահայտեն այս հարցի վերաբերյալ»:

Մինչդեռ ԵԽԽՎ-ում «Արդարություն» դաշինքը ներկայացնող պատվիրակ Շավարշ Քոչարյանը, որին վերագրվում էր Եվրախորհրդում սահմանադրական բարեփոխումների ընթացքը քննարկելու հարցն ապրիլին արտահերթ քննարկելու նախաձեռնությունը՝ նշեց. «Հիմա ակնհայտ է, որ արժեր, որպեսզի այն ժամանակ քննարկվեր: Քանի որ այդ քննարկումից եւ հստակ դիրքորոշումից հետո, ինձ թվում է, առաջին ընթերցմամբ այդպիսի մարտահրավեր չէր նետվի Եվրոպայի խորհրդին, ինչն արեց Հայաստանի իշխանությունը: Ունենալով ՄԱԿ խմբակցության նախագիծը, որը բավարարում էր եվրոպական փորձագետների տեսակետներին՝ ընդունեցին այլ նախագիծ: Մյուս կողմից՝ արդեն անխուսափելի է այդ քննարկումը հունիսին: Եվ նույնիսկ չեն առարկի Հայաստանի հարցով համազեկուցողներն էլ, որոնք այն ժամանակ ասացին, թե ժամկետ տվեք: Ես գիտեմ, որ արդեն կա այնպիսի ընդհանուր մթնոլորտ, որ արդեն Յասկերնիայից, Կոլոմբիեից կամ որոշակի այլ անձանցից կախված չէ այդ քննարկումը: Ավելին՝ անսպասելի է դիտվում այն հանգամանքը, որ հրատապ հարցն այն ժամանակ չմտավ օրակարգ, եւ դա եղավ հենց զեկուցողների առարկությամբ: Եվ այս իրավիճակում իրենք երկրորդ անգամ այդպես բացահայտ չեն ցցվի»: Մեր հարցին՝ կարծում է, թե էլի՞ ստորագրահավաքի նախաձեռնություն կլինի այս փոփոխությունների ընթացքն արտահերթ քննարկելու վերաբերյալ՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Պարտադի՛ր կլինի»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել