Կարծում
է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի
եւ գազամուղի շահագործումը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, սակայն
քաղաքական գործիչները, մասնավորապես՝ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները,
առայժմ չեն ուզում այդ վտանգները հրապարակային ընդունել: «Պարզապես մեկ անգամ
եւս մեր հարեւանները եւ տարածաշրջանային քաղաքականության ճարտարապետները պետք է հասկանան,
որ քաղաքագիտությունը չի ընդունում «սեւ խոռոչներ» հասկացությունը: Որովհետեւ, եթե
փորձեն Հայաստանը պահել կոմունիկացիոն շրջափակման մեջ, Հայաստանը շրջափակեն բոլոր
հնարավոր տարբերակներով, ապա պետք է հասկանան նաեւ, որ այդ տեսքով չի կարելի ունենալ
տարածաշրջանային կայունություն եւ անվտանգություն: Որովհետեւ չի կարելի մի երկրի
դնել այնպիսի վիճակի մեջ, որը արդեն դատապարտի այդ երկիրը բավականին բարդ զարգացումների:
Եվ այս իմաստով շատ հանգիստ ենք վերաբերվում այս նավթամուղի եւ գազամուղի բացմանը,
որովհետեւ հնարավոր չէ, որ սա էականորեն փոխի տարածաշրջանում անվտանգության ուժերի
կամ համակարգի հավասարակշռությունը: Որովհետեւ միշտ որեւէ խաղաքարտի դիմաց կգտնվի
մեկ այլ խաղաքարտ: Դա, իհարկե, կվտանգի նաեւ տարածաշրջանում ընդհանուր կայունության
համակարգը, եթե շարունակվի միակողմանի սպասարկել միայն երկու երկրների շահերը»,-
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը այս կարծիքին է օրերս շահագործման հանձնված
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կողմից Հայաստանին հասցվելիք հնարավոր բարդությունների
մասին: Սակայն բոլորովին հասկանալի չէ, թե գազամուղին ի՞նչ կոնկրետ խաղաքարտ հակադրելու
հնարավորություն ունի աշխարհից կամաց-կամաց կտրվող Հայաստանը: Լեւոն Մկրտչյանը տիպիկ
դաշնակցականի պատասխան տվեց, որն արժե ներկայացնել ամբողջությամբ. «Մեր խաղաքարտը
կարող է լինել Հայաստանի կայուն, համախմբված զարգացումը, հայ ժողովրդի համախմբվածությունը
իր հայրենիքի եւ պետականության շուրջը, Հայաստանի անվտանգության համակարգի կայացումն
ու ուժեղացումը: Կոնկրետ նավթամուղին մենք, բնականաբար, նավթամուղով չենք կարող հակադրվել,
մենք կարող ենք հակադրվել մեր երկրի կոնկրետ ուժեղացմամբ, որը կլինի տարբեր միջոցառումների
շնորհիվ: Դա կարող է լինել Իրանի գազամուղը, որը կապահովի այլընտրանքային ճանապարհ
Հայաստանի համար, դա կարող է լինել մեր պաշտպանունակության էլ ավելի ամրապնդումը,
մեր հարաբերությունների որոշակի բարելավումը մի քանի ուղղություններով, կարող է լինել,
ասենք՝ համահայկական գործոնի ուժեղացումը համաշխարհային մակարդակով եւ այլն»: Լեւոն
Մկրտչյանը նկատեց, որ ինչքան մենք ունենք այս հարցերում մտահոգություն, նույնքան
մտահոգ պետք է լինեն ուրիշները: Մինչդեռ «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանն այն կարծիքին է, որ այդ գազամուղի շահագործմամբ, «Հայաստանը դուրս
է մնում տարածաշրջանային լուրջ ծրագրերից եւ, այս առումով, խախտվում է տարածաշրջանային
հավասարակշռությունը, եւ, ըստ էության, հանրապետության վարչապետն առաջարկում է, որ
այդ հավասարակշռությանը կարող է հակակշռել Հայաստան-Իրան գազամուղը, բայց դուք շատ
լավ գիտեք, որ ստորագրվել է պայմանագիր, որով այս գազամուղը միայն Հայաստան-Իրան
հետաքրքրություն է ներկայացնելու ու հետագայում գազ չի արտահանվելու Եվրոպա: Ըստ
որում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը
պարտավորվել է ռուսական գազը օգտագործել միայն էլեկտրաէներգիա արտադրելու համար»:
«Ժողպատգամավոր» խմբի անդամ, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ
Պետրոսյանը եւս չթաքցրեց իր կարծիքը եւ ասաց, որ միջազգային մեկուսացման տեսակետից
Բաքու-Ջեյհանը «շատ բացասաբար կանդրադառնա, դրա համար ես շատ չեմ խորանում, իհարկե,
այդ հարցերի մեջ, որովհետեւ զբաղված եմ իմ իրավական օրենքները առաջ մղելով, կարդալով,
զեկուցելով եւ այլն, բայց կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր հերթին լրացուցիչ միջոցներ
ձեռնարկի, որպեսզի ծրագրերի մեջ մտնի Իրանի հետ, սրա միջոցով նաեւ Միջին Ասիայի հետ
եւ կարողանա պահպանել իր տնտեսական գոյությունը»: ՕԵԿ խմբակցության ղեկավար
Սամվել Բալասանյանը տարածաշրջանային զարգացումներից Հայաստանին դուրս չի տեսնում,
թեպետ ընդունում է, որ մեզ համար դժվար կլինի համարժեք հակակշիռներ գտնելը. «Նաեւ,
դիվանագիտական հարաբերությունների միջոցով հնարավորություն ունենանք գործարկելու
Գյումրի-Կարս երկաթուղին, այսինքն՝ բացենք սահմանները, որի համար անհրաժեշտ է դիվանագիտական
լուրջ աշխատանք ծավալել: Այս օրերին ԱԺ նախագահը գտնվում է Եվրոպայում, շատ հանդիպումներ
է ունենում, որտեղ արծարծվում են այն բոլոր հարցերը, որ մենք կախված չմնանք տարածաշրջանային
ծրագրերից»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ