Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս

Մայիս 27,2005 00:00

«Այս տարի ավելի ճոխ է լինելու» Հավաստիացնում են Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչները «Սիրելի մանուկներ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին Կասկադ համալիրում լինելու է մեծ տոնահանդես, որին մասնակցելու են ծաղրածուներ, խաղաղության աշխարհից արքաներ ու արքայադուստրեր, կենդանիներ, բալիկներ, լինելու է երգ, երաժշտություն, լիքը փուչիկներ, իսկ ժամը 11-00-ին՝ հրավառություն, դե կգաք, սպասելու եմ»,- գովազդային հոլովակում Հրանտ Թոխատյանի այս հրավերից հետո բոլոր երեխաները սրտատրոփ օրերն են հաշվում՝ մասնակցելու այդ բացառիկ տոնակատարությանը, որը կազմակերպել են Գաֆէսճեան հիմնադրամը, «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը եւ «Օրրան» բարեգործական հասարակական կենտրոնը: Երեկ կազմակերպիչներն այս առիթով հրավիրել էին մամուլի ասուլիս՝ ներկայացնելու միջոցառման մանրամասները: Նախ, փառատոն-տոնահանդեսը բաղկացած է լինելու 3 մասից: Սկզբում լինելու է «Աշխարհին խաղաղություն» թեմայով թատերականացված ներկայացում, հետո կազմակերպվելու է «Օրրան» կենտրոնի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը փոխանցվելու է մանկատանը: Կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ այդպես իրենք սովորեցնում են երեխաներին լինել աշխատասեր ու բարեսիրտ, ուստի պատահական չէ, որ միջոցառման այդ մասն ունի «Մանուկները մանուկներին» խորագիրը: «Գաֆէսճեան» հիմնադրամի հասարակության հետ կապերի եւ միջոցառումների տնօրեն Մադլեն Մինասյանի խոսքերով, «այս տարի ամեն ինչ ավելի ճոխ է լինելու, քան 2004-ին. ավելացվել են ատրակցիոնները, մեծացել է հյուրերի ցանկը, հեքիաթային թագավորություններից ներկայացուցիչներ ենք ունենալու, այնպես որ՝ երեխաները առիթ չեն ունենա 1 վայրկյան անգամ ձանձրանալ»: Ի դեպ, անցյալ տարի երաժշտական մի քանի համարներ կատարել են նաեւ երեխաները, բայց այս անգամ կազմակերպիչները կտրականապես դեմ են, որ երեխաները «չարչարվեն», թող միայն մեծերը երգեն ու պարեն, երեխաներին ուրախացնեն: Պատվավոր հյուրերի ցանկում են նաեւ երեխաների շատ սիրելի «Յո-Յո» շոուն, Պետական կրկեսի ծիծաղաշարժ ներկայացուցիչները, Կենդանաբանական այգու բնակիչ-գազանները, Տիկնիկային եւ Մարիոնետների թատրոնները եւ այլք: Երեկոյան ժամերին մանուկների միջազգային օրն իրենց ներկայությամբ եւ անակնկալներով կողջունեն հայ էստրադային երգիչ-երգչուհիները, իսկ ուղիղ ժամը 23-ին կլինի մեծ հրավառություն: Միջոցառման կազմակերպիչներն այս ամենին մասնակցելու համար սրտանց հրավիրում են 0-100 տարեկան բոլոր երեխաներին: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել