Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի փոխմարզպետը դառնալու է փոխնախարա՞ր

Մայիս 27,2005 00:00

Շիրակի փոխմարզպետը դառնալու է փոխնախարա՞ր Արծրունի Աղաջանյանը չկարողացավ խոչընդոտել Շիրակի բյուրոկրատիայի «դաշնակցականացմանը»: Ինչպես հայտնի է, օրերս վարչապետի հրամանով աշխատանքից ազատվեց Շիրակի փոխմարզպետ Արծրունի Աղաջանյանը (ՕԵԿ)՝ աթոռը զիջելով իր կուսակից Ռուբիկ Սանոյանին: Ինչպես տեղեկացրել ենք, վերջինս Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանին պատկանող «Գարեջրի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն էր եւ նրա քրոջ ամուսինը: Սակայն կուսակցությունը նոր փոխմարզպետին մարզպետարանի աշխատակիցներին պաշտոնապես դեռ չի ներկայացրել, նախկին ու ներկա փոխմարզպետների միջեւ էլ գույքի հանձնում ու ընդունում առայժմ տեղի չի ունեցել: Իսկ որո՞նք են եղել փոխմարզպետին ազատելու պատճառները: Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ը հատկապես դժգոհ էր Շիրակի մարզում որոշ համայնքապետերի ընտրություններին Արծրունի Աղաջանյանի պասիվ կամ, որ ավելի ճիշտ է ասել՝ ընդհանրապես չմիջամտելու փաստից: Համայնքապետեր հիմնականում ընտրվել են հանրապետականներից: Բացի այս, մեր աղբյուրների վստահեցնելով, վերջինս չի փորձել կուսակցության մեջ նոր անդամներ հավաքագրել: Շիրակի մարզպետարանում ՕԵԿ-ականների թիվը բավականին քիչ է: Մարզպետարանից ձեռք բերած մեր տեղեկություններով էլ, Արծրունի Աղաջանյանը չի կարողացել պաշտպանել իր կուսակիցների շահերը: ՕԵԿ-ը իր ներկայացուցչի աշխատաոճից հատկապես զայրացել է այն պահին, երբ Արծրունի Աղաջանյանը թույլ է տվել Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանին «առանց հիմնավոր պատճառների» աշխատանքից ազատել Հոռոմի ամբուլատորիայի վարչական տնօրեն, ՕԵԿ-ական Իվան Ավդալյանին: Թեեւ Շիրակի փոխմարզպետը իրեն այնքան էլ լավ չի դրսեւորել, սակայն մեր աղբյուրների ներկայացմամբ, կուսակցությունը նրան գործազուրկ չի թողնի: Հավանաբար նա կստանձնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը՝ աշխատանքի տեսչության գծով: Ի դեպ, փոխմարզպետների փոխարեն բավականին ակտիվ, կարելի է ասել՝ «փայլուն» է աշխատում Շիրակի դաշնակցական մարզպետը: Վերջինս առիթը բաց չի թողնում իր շուրջբոլորը «դաշնակցականացնելու»: Ինչպես արդեն գրել ենք, նա սկսել է դպրոցի ու հիվանդանոցների տնօրեններին փոխել իր կուսակցության ներկայացուցիչներով: Մեր տեղեկություններով, առաջիկայում մարզպետարանում սպասվում է կադրային մեկ այլ փոփոխություն, մարզպետարանի մեր աղբյուրները հավատացնում են, որ ամենաուշը մեկ շաբաթից մարզպետի խորհրդական է նշանակվելու նախկին ՀՀՇ-ական, ներկայումս՝ դաշնակցական էլիտայից Աշոտ Խաչատրյանը, որն այժմ գործազուրկ է: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031