Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 27,2005 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ նաեւ այդ պատճառով է ՀՀ-ում հեղափոխությունն ուշանում: «Այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, նաեւ ԱՄՆ նախագահ Բուշի վերջին հայտարարությունը տարբեր երկրներում տարբեր կերպ մեկնաբանվեց: Բուշի հայտարարությունից հետո շատ խոսվեց հատկապես այն մասին, որ այդ գործընթացները դրսից են ուղղորդվում, բայց, իմ կարծիքով, դրանք մի հիմնական ընդհանրություն եւ տրամաբանություն ունեն, անկախ այն բանից՝ դա եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում, թե Ուզբեկստանում»,- երեկ մեր զրույցի ժամանակ անդրադառնալով նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցող գունավոր հեղափոխություններին՝ նկատեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա համոզմամբ, հիշյալ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները կամ դրանց փորձերը խորը ներքին տրամաբանություն ունեն: «Դա, ըստ իս, այն է, որ նախկին խորհրդային հանրապետությունները անկախություն ձեռք բերեցին մի նպատակով՝ ստանալ քաղաքացիների ազատ ապրելու իրավունք: Մինչդեռ այդ երկրներում անկախության ձեռքբերումը ազատություն չերաշխավորեց: Եվ այն հասարակությունները, որոնք ստեղծեցին արդեն նախկին ԽՍՀՄ եւ արդեն անկախ երկրները քիչ էին տարբերվում կայսրության օրոք ապրելուց: Հիմա ընթացող հեղափոխական գործընթացները նպատակ ունեն վերաիմաստավորել իրենց ձեռք բերած անկախությունը»: Քաղաքագետը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե Հայաստանում այդ գործընթացը ուշանում է. «Չի ուշանում: Պարզապես Հայաստանում մի անգամ դա արդեն եղավ 2003-ին, 2004-ին: Բայց քանի որ Հայաստանի ընդդիմության առաջնորդները, մի գուցե, վախեցան, որովհետեւ դա իրենց համար առաջինն էր, եւ գործընթացները լավ չհասկացան, ի վերջո նաեւ տեր չկանգնեցին ժողովրդի պոռթկմանը՝ Հայաստանում դա տապալվեց: Ստացվեց գոլորշին բաց թողնելու նման մի բան: Ընդդիմությունը փորձեց նույնը կրկնել արդեն 2004-ին, եւ էլի ընդդիմությունը հետեւողական չգտնվեց, ուստի մենք հիմա ունենք այն, ինչ ունենք»: Ա. Ենոքյանի ասելով՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը ուշանում է նաեւ ընդդիմության մեղքով, որովհետեւ «եթե առաջ մեր ժողովուրդը հիասթափված էր իշխանությունից, հիմա նա հիասթափված է ընդդիմությունից»: Նրա համոզմամբ, եթե չհայտնվի մի ընդդիմություն, որի նկատմամբ հասարակությունն ավելի մեծ վստահություն տածի, քան այսօր է, կնշանակի, որ Հայաստանում կստեղծվի այն նույն իրավիճակը, ինչ կա այն երկրներում, որտեղ ընդդիմությունը վստահություն չէր վայելում կամ ընդգծված առաջնորդ չկար: «Խոսքս վերաբերում է մասնավորապես Ղրղըզստանի, Ուզբեկստանի դեպքերին: Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ կան հստակ ընդգծված առաջնորդներ, այնտեղ այդ գործընթացները կանխատեսելի եւ կազմակերպված են, հաղթանակն էլ բնականոն է: Մյուս երկրներում, որտեղ առաջնորդներ չկան, ժողովրդավարացմանն ուղղված գործընթացները միեւնույն է՝ սկսվում են, բայց ավարտվում են արյունահեղությամբ ու ջարդով, անկարգություններով»: Մենք հիշեցրինք, որ գոնե 1996-ին, երբ հստակ ընդգծված առաջնորդ կար եւ ընդդիմությունն էլ ավելի ուժեղ էր, ասենք, քան հիշատակված միջինասիական երկրներում, միեւնույն է՝ անկարգություններ էլ եղան, ժողովրդական շարժումն էլ ջարդվեց եւ զսպվեց: «96-ին էլ առաջնորդ կար, 2004-ին էլ առաջնորդ կար, բայց այն պահին, երբ բախման վտանգը ռեալ էր, այդ առաջնորդները փախան: Եթե առաջնորդներն այդ ժամանակ մնային, շատ բան հնարավոր կլիներ կանխել: Հիմա նույն իրավիճակն է, իսկ այդ պարագայում իրադարձությունները կարող են զարգանալ ոչ թե վրացական, այլ ուզբեկական տարբերակով: Իսկ որ գործընթացներ, անկախ ամեն ինչից, լինելու են՝ կասկած չկա»,- ասաց քաղաքագետը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել