«ՊԱՊԱՆԵՐԻՆ» ՓՆՏՐԵԼԻՍ Դարերով անկախություն չունենալու ամենանշանակալից բացասական հետեւանքներից մեկը ինքնուրույն մտածողության բացակայությունն է: Սկսած թաղապետի թեկնածուից վերջացրած նախագահով՝ բոլորս վստահ ենք, որ առանց «թագավորի», «շեֆի», կարճ ասած՝ «պապայի» որեւէ գործ գլուխ չի գա: Հենց այդ պատճառով էլ թաղապետի ցանկացած թեկնածու այժմ պատեհ-անպատեհ առիթով բոլորի ականջին փսփսում է՝ «մեջքիս այսինչն է կանգնած»: Պարզ է, որ նրա նպատակն է դուր գալ «այսինչին», ոչ թե ընտրողներին: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ասում է, որ իրեն աջակցում է Վլադիմիր Պուտինը: Եվ դրան արժե հավատալ, որովհետեւ երկու նախագահները շատ մոտ են իրենց մտածելակերպով, որը սերում է խորհրդային ոճի կառավարման կարծրատիպերից: Ընդդիմությունն էլ իր հերթին Ջորջ Բուշի արեւով է երդվում: Բայց ոչ այն պատճառով, որ նրանց մոտ են ազատության եւ լայնախոհության արժեքները: Ճիշտ հակառակը. եթե մեր ընդդիմադիրներն իսկապես այդ արժեքները դավանեին, նրանք պիտի խիստ քննադատության ենթարկեին ԱՄՆ ներկայիս նախագահի քաղաքականությունը: Պարզապես «պապա» են գտել, որը, հույս ունեն, իրենց տիրություն կանի: Նույն «պապայական» տրամաբանության շրջանակներում է «որոշ ընդդիմադիր շրջանակների» փորձը՝ կապել ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Քըրք Քըրքորյանի այցը Հայաստան իրենց քաղաքական խնդիրների հետ: Այն քաղաքական շրջանակները, որոնք ենթադրում են՝ իբր Քըրքորյանը բերել է Քոչարյանին Ջորջ Բուշի «մեսիջը»՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ուղղությամբ, պարզապես ծանոթ չեն Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի քաղաքական պրակտիկային: Ընդհանրապես, ամերիկացի որեւէ միլիարդատեր չի ստանձնի նման «մեսիջ» փոխանցելու առաքելություն: Իսկ մասնավորապես, Քըրքորյանը, որն ամենեւին էլ Ջորջ Բուշի կողմնակիցը չէ, առավել եւս նման պարտավորություն իր վրա չէր վերցնի: Բայց առավել կարեւոր հանգամանքն այստեղ այլ է. ընդդիմադիր այդ շրջանակները վստահ են, որ առանց Ջորջ Բուշի Հայաստանում իշխանափոխություն չի լինի: Այսինքն՝ ենթադրությունը «մեսիջի» մասին թեեւ անհեթեթ է, բայց ճշգրտորեն արտացոլում է մեր քաղաքական պրակտիկան. առանց «պապայի» ոչ ոք ոչ մի քայլ չի ցանկանում անել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ